Նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով` «էկոնոմների» սպառված լինելու պատճառով. կառավարության պարզաբանումը

Նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով` «էկոնոմների» սպառված լինելու պատճառով. կառավարության պարզաբանումը

Նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով, մյուսները` «էկոնոմ»-5

Նախարարները գործուղումների մեկնում են բացառապես բարձր կարգի տոմսերով, որոնք որոշ դեպքերում մինչև հնգակի անգամ թանկ են լինում սովորական տոմսերից: Սակայն պարզվում է, որ չկա որևէ կարգ, որի համաձայն, բարձրաստիճան պաշտոնյաները պետք կամ գոնե ցանկալի է, որ գործուղումների մեկնեն հատուկ պայմաններով:

«Թե ինչ իրավական հիմքով են նախարարների համար գնվում «բիզնես» կարգի տոմսեր» Իրավաբան.net-ի հարցմանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը պատասխանել է. «Գործուղվող անձի պաշտոնով պայմանավորված գործուղման ծախսերի տարբերակում, մասնավորապես, ինքնաթիռով ուղևորության դեպքերի համար, ՀՀ գործող օրենսդրությամբ չի նախատեսվում»:

Եվ քանի որ որևէ հատուկ կարգ գոյություն չունի, ապա ենթադրվում է, որ նախարարներն էլ կարող են փոքր-ինչ խնայողաբար ծախսել հարկատուներիս հաշվին լցվող պետական բյուջեի միջոցները և ավելի ցածր դասի տոմսեր ձեռք բերել: Սակայն, թե ինչու՞ են, այնուամենայնիվ, նախարարները  նախընտրում «բիզնես» կարգի տոմսերը, ֆինանսների նախարարությունը Իրավաբան.net-ի հարցին այսպես է պատասխանել.

«Ինչ վերաբերում  «բիզնես» կարգով գործուղումների մեկնելուն, ապա հայտնում ենք, որ հաճախ դա պայմանավորված է լինում «էկոնոմ» կարգի տոմսերի սպառված լինելու հանգամանքով»:

Շատ հետաքրքիր է, որ «էկոնոմ» կարգի տոմսերը անմիջապես սպառվում են հենց այն պահին, երբ պետք է գործուղման մեկնեն նախարարները: Այս պատախսխանը, մեղմ ասած, անտրամաբանական է, քանի որ շատ դեպքերում նախարարների հետ գործուղման մեկնում են նաև փոխանախարարներ, վարչության պետեր, որոնց համար սակայն գնվում են «էկոնոմ» կարգի տոմսեր:

Նշենք նաև, որ ավիատոմսերի ձեռքբերման վերաբերյալ հարցումն ուղարկվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, ով հանձնարարականով այն վերահասցեագրել է ֆինանսների նախարարությանը:

Թադևոս Ավետիսյանը նշում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն` ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի նվազագույն չափը և պետական ու համայնքային բյուջեներից հատկացվող գործուղման ծախսերի նվազագույն և առավելագույն չափերը հաստատվել են կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2335-Ն որոշմամբ:

Կառավարության հիշյալ որոշումը ծառայողական գործուղման ծախսերի մասով վերաբերում է միայն օրապահիկի և գիշերվարձի ծախսերին` մեկ օրվա կտրվածքով: Ի դեպ, այս ծախսերը բավականին մանրամասն են նշված` յուրաքանչյուր պետության համար սահմանված խասերը տարբեր են:  Սակայն տրանսպորտային ծախսերի վերաբերյալ չկան առավելագույն և նվազագույն սահմաններ, ինչն էլ, թերևս, հնարավորություն է տալիս որոշ պաշտոնյաների համար գնել տոմսեր շուկայականից էականորեն թանկ տոմսեր:

Թերևս նշվածի ավելի վառ օրինակ է այն, որ որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այցը Մոսկվա 2014-ի հունիսին արժեցել է մոտ 1 միլիոն դրամ, իսկ հոկտեմբերին` 656 հազար դրամ:

Գործուղման ծախսերի մասին վարչապետի որոշումներն ընդունվում են գործուղումների ավարտից հետո

Մյուս կողմից, բացի այն, որ ավիատոմսերը ձեռք են բերվում թանկ գնով, նաև դրանց առուվաճառքի պայմանագրերը հաճախ կնքվում են գործուղման ավարտից հետո: Գործուղման ավարտից հետո են հաճախ ընդունվում նաև վարչապետի որոշումները` գործուղման ծախսերի վերաբերյալ:

Էներեգետիկայի և բնական պաշարների նախարարությունից այս հանգամանքը պատճառաբանում են նրանով, որ նախարարի գործուղման մասին հանձնարարականները կարող են ստացվել գործուղումից ընդամենը օրեր առաջ.

Մասնավորապես, Իրավաբան.net-ին ուղղված պատասխանում նշվում է, որ հունիսի 9-11-ը Մոսկվայում կայանալիք «Ատոմէքսպո» 6-րդ միջազգային ֆորումին մասնակցելու համար փոխանախարար Ա. Գալստյանի գործուղման մասին վարչապետի որոշումը եղել է ապրիլի 25-ին, իսկ նախարար Երվանդ Զախարյանին գործուղելու մասին վարչապետի գլխավոր հանձնարարականը ստացվել է հունիսի 9-ին: Իսկ հոկտեմբերի 30-31-ին Մոսկվա նախարարի գործուղման մասին վարչապետի հանձնարարականը ստացվել է հոկտեմբերի 28-ին:

Ու հենց այս պատճառով էլ գործուղումների նապատրաստման գործընթացը կազմակերպվում է հրատապ ընթացակարգով: Սրա պատճառով է նաև, որ գործուղումների ծախսերի վերաբերյալ վարչապետի որոշումներն ընդունվում են ուշացումով.

«Նման հրատապ դեպքերում գործուղումների համաձայնեցումը կատարվում է բանավոր` առաջնորդվելով ՀՀ նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրության 3-րդ կետով, որին հաջորդում է գործուղման ծախսերի վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշման նախագծի նախապատրաստման գրավոր ընթացակարգը: Սրա հետևանքով գործուղելու մասին ՀՀ վարչապետի որոշումներն ընդունվում են գործուղումների ավարտից հետո»,- նշված է պատասխանում:

Ավիատոմսերի ձեռքբերման պայմանագրերը նույնպես գործուղումների ավարտից հետո են կնքվում

Ֆինանսների նախարարությունից բացատրել են նաև, թե ինչու են ավիատոմսերի ձեռքբերման պայմանագրերը կնքվում գործուղման ավարտից հետո: Այս պայմանագրերում հատուկ կետ կա` սահմանված այն մասին, որ ստորագրման պահից ուժի մեջ մտնող պայմանագիրը տարածվում է կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա և գործում է մինչև կողմերի պարտավորությունների ողջ ծավալով կատարումը:

«Պայմանագրում նման դրույթ նախատեսելը չի հակասում գնումների մասին ՀՀ օրենսդրությանը, ավելին` նման դրույթ նախատեսելիս կողմերն առաջնորդվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441 հոդվածի 2-րդ մասով»,- նշված է Իրավաբան.net-ին ուղղված ֆինանսների նախարարության պատասխանում:

Եվ այս դեպքում, փաստորեն, հարցերն  ուղղվում են վարչապետին` ինչու  գործուղումից ընդամենը օրեր առաջ են հանձնարարականներ տրվում, ինչու մշակված չէ համապատասխան կարգ` գործուղման ճանապարհածախսերի վերաբերյալ և ինչու՞ պետք է նախարարները նման շռայլություն իրենց թույլ տան` պետական բյուջեի միջոցների հաշվին:

Աստղիկ Կարապետյան

Նախորդ հրապարակումները`

Նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով, մյուսները` «էկոնոմ»-4

Նախարարի «բիզնես» կարգի տոմսը կրկնակի թանկ է գնվել. նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով, մյուսները` «էկոնոմ» -3

Նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով, մյուսները` «էկոնոմ» -2

Նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով, մյուսները` «էկոնոմ»

Իրավաբան.net

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել