Պաշտպանության նախարարության և մաքսային ծառայության գնդապետ Աշոտ Մինասյանը ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության պետի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից։ Այս պաշտոնը ստանձնելու պահին Աշոտ Մինասյանը հայտարարագրել է՝
- մեկ հատ հողամաս,
- 4,13 միլիոն դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2014 թվականի հուլիսին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան՝ Աշոտ Մինասյանին սնանկ ճանաչելու պահանջով։ Հայցն ընդունվել է վարույթ, դրա մասին ծանուցում է ուղարկվել Մինասյանի գրանցման հասցեով, սակայն ծանուցման ծրարը հետ է վերադարձվել՝ «տեղափոխված» նշագրմամբ։ Այս հիմքով գործի վարույթը կասեցվել է։
«Արդշինբանկը» դատարանին գրությամբ հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության www.costoms.am պաշտոնական կայքի համաձայն` Աշոտ Մինասյանը զբաղեցնում է ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության Սյունիքի տարածաշրջանային մաքսատան ղեկավարի պաշտոնը, որպիսով ակնհայտ է, որ Աշոտ Մինասյանի աշխատանքի (գտնվելու) վայրը հայտնի է, հետևաբար միջնորդել է գործի վարույթը վերսկսել և դատավարական փաստաթղթերն ու ծանուցումներն ուղարկել Աշոտ Մինասյանի աշխատանքային վայրի հասցեով՝ վերջինիս հանձնելու նպատակով: Հաշվի առնելով նշված հանգամանքները, դատարանը 2015 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ վերսկսել է սնանկության գործի վարույթը:
Գործի նյութերի համաձայն՝ բանկը 2011 թվականի մայիսի 24-ի պայմանագրով Աշոտ Մինասյանին տրամադրել է 20 000 ԱՄՆ դոլար սպառողական վերականգնվող վարկային գիծ՝ մինչև 2013 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերադարձնելու ժամկետով և տարեկան 15 տոկոս վճարելու պայմանով: Մեկ այլ վարկային պայմանագիր կնքվել է նույն թվականի սեպտեմբերի 9-ին․ տրամադրվել է 20 000 ԱՄՆ դոլար սպառողական վերականգնվող վարկային գիծ՝ մինչև 2013թ. սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում վերադարձնելու ժամկետով և տարեկան 15 տոկոս վճարելու պայմանով:
Աշոտ Մինասյանն իր պարտավորությունները չի կատարել և 2014-ի հունիսի 11-ի դրությամբ բանկին ունեցել է ավելի քան 58 հազար դոլարի պարտք։ Այս հանգամանքները հաշվի առնելով բանկը պահանջել է սնանկ ճանաչել Աշոտ Մինասյանին։
Վճռից տեղեկանում ենք, որ գործով պատասխանող Աշոտ Մինասյանը հայտնել է, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո ներկայացված պահանջի դեմ առարկություններ չունի: Դատարանը 2015 թվականի ապրիլի 29-ի վճռով բավարարել է բանկի պահանջը և Աշոտ Մինասյանին ճանաչել է սնանկ։
Նրա հետ համատեղ բնակվող անձիք
Աշոտ Մինասյանի կողմից ներկայացված հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա հետ համատեղ բնակվում են Տիրայր, Տարոն Աշոտի Մինասյանները, Սյուզաննա Իվանյանն ու անչափահաս որդիները՝ Նարեկ և Հրանտ Մինասյանները։
Տիրայր Աշոտի Մինասյանի մասնակցությամբ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է «Բեթըր Պլանետ» բարեգործական ՀԿ-ն։ Այն ստեղծվել է 2017-ի սեպտեմբերի 23-ին։ Նախագահը Վաչե Թանգյանն է։ Այս ՀԿ-ի մասին այլ տեղեկությունները բացակայում են (կանոնադրություն, այլ փաստաթղթեր)։ Համացանցում չկա որևէ տեղեկություն նաև, թե գոյության ամիսների ընթացքում ՀԿ-ն ինչով է զբաղվել։ Հայտնի չէ նաև, թե ինչ դեր ունի Տիրայր Մինասյանն այս ՀԿ-ում։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Տարոն Աշոտի Մինասյանը 2012 թվականի դեկտեմբերի 3-ից «Մին Հով» ՍՊ ընկերության տնօրենն է։ Առևտրային գործունեություն ծավալող այս ընկերությունը, ըստ հարկ վճարողների համակարգի տվյալների, գործում է և զբաղվում է դեկորատիվ ձկների բուծմամբ։
Աշոտ Մինասյանի հետ համատեղ բնակվող անձանց հետ կապ ունեցող պետռեգիստրում կան նաև այլ ընկերություններ, սակայն ռեգիստրի տվյալները լիարժեք չեն, կան խոտանված, դատարկ տողեր, այդ իսկ պատճառով դրանց վերաբերյալ տեղեկություններ չենք հրապարակում։
Այս անձիք դեռևս գույքի և եկամուտների հայտարարագրեր չեն ներկայացրել։
Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net