Բուժհաստատությունների վրա հավելյալ ֆինանսական բեռ է դրվում՝ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին՝ «Արմեդ»-ին միանալու և դրա ծառայություններից օգտվելու համար: Համակարգի առավելությունների մասին խոսելուն զուգահեռ համակարգի շահառուները բարձրաձայնում էին մի քանի տեսակի վճարների ու բավականին լուրջ ծախսերի մասին:
«Արմեդի» պաշտոնական կայքում հրապարակված սակագների համաձայն՝ բուժհաստատությունը ամսական պետք է վճարի 1)համակարգին միացված լինելու համար, 2)հաստատության ֆունկցիոնալ օգտատերերի համար, 3) հաստատության կողմից փաստացի կատարված գրանցումների համար:
«էլեկտրոնային առողջապահության օպերատորի գաղափարը լավն է, սակայն տակը դրել են փող աշխատելու մոլուցքը… Հասարակության վրա նոր բեռ է ավելացվում»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ Նարեկ Վանեսյանը և հավելում, որ տարեկան առնվազն մեկ-երկու միլիոն դոլարի եկամուտ կարող է ունենալ Արմեդը:
Պետությունը սակայն փորձեց բուժհաստատությունների Ֆինանսական բեռը որոշակիորեն թեթևացնել և սուբսիդավորել համակարգին միանալու դիմաց գանձվող վճարների միայն մի մասը. դրա համար այս տարի անհրաժեշտ է եղել շուրջ 487 մլն 479 հազար դրամ: Կառավարությունը մարտի 15-ի որոշմամբ՝ առաջին 5 ամիսների սուբսիդավորման ենթակա 203 մլն 116 հազար դրամն արդեն իսկ հատկացրել է առողջապահության նախարարությանը:
Ո՞վ է գործարկում էլեկտրոնային առողջապահության համակարգը
«Հաստատել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի (Հանրային հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր) շրջանակներում մշակված և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) փակ բաժնետիրական ընկերության կառավարման ներքո գտնվող էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրով հանդես եկող «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս Ապահով» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Հայաստանի Հանրապետություն) բաղկացած համատեղ ձեռնարկությունը»:
Այսպիսով, «Արմեդը» գործարկվում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության կողմից, որը բաղկացած է վերոնշյալ հայաստանյան «Մեյսիս Ապահով» և շվեյցարական «Սայլեքս Սառլ» ընկերություններից:
Թե՛ շվեյցարական, թե՛ հայաստանյան այս ընկերությունները պատկանում են միևնույն անձին՝ Ավետ Էդուարդի Մանուկյանին, ով նաև «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ տնօրենն է:
ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Մեյսիս Ապահով» ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի մարտի 5-ին:
Investigative Dashboard-ի համագործակցությամբ տեղեկանում ենք, որ «Սայլեքս Սառլ»-ը, ըստ Money House-ի տվյալների, գրանցվել է 2016-ի մարտի 3-ին Լոզանում:
Միևնույն անձին պատկանող ընկերությունների կոնսորցիումը և մրցույթի պայմանները
Հարց է առաջանում, թե ինչու են միևնույն անձին պատկանող երկու ընկերությունները կոնսորցիում կազմել և միասին դիմել Էլեկտրոնային առողջապահություն տեղեկատվական միասնական համակարգի օպերատոր հիմնադրելու նախաորակավորման մրցույթին: Այս հարցին պատասխանելու համար թերևս նախ պետք է հասկանալ, թե հիշյալ մրցույթի հրավերում ի՞նչ պայմաններ են սահմանված եղել մասնակիցների համար:
ՀՀԷԿԵՆԳ-ՄԵԾՁԲ-N17/1 ծածկագրով մրցույթի հրավերի 9-րդ կետի առաջին մասով սահմանվում են մասնագիտական գործունեությանը վերաբերող պահանջները՝
«ա. Մասնակիցը մրցույթին մասնակցության հրավերի օրվա նախորդող 5 տարվա ընթացքում պետք է անձամբ (այդ թվում՝ որպես կոնսորցիումի անդամ կամ ենթակապալառու) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության միջոցով իրականացրած լինի առնվազն 3.0 միլիոն բնակչություն ունեցող երկրում ազգային միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի (որը առնվազն պետք է պարունակի հետևյալ ֆուկցիոնալ և ծրագրային մոդուլները. ա/ առողջապահական ծառայություններ մատուցողների համապարփակ ազգային ռեգիստր, բ/ պացիենտների այցերի կառավարման մոդուլ, գ/ պացիենտների էլեկտրոնային առողջության քարտի մոդուլ, դ/ ապահովագրական կազմակերպությունների և առողջապահական հաստատությունների միջև տվյալների իրական ռեժիմում փոխանակման մոդուլ) հաջող մշակման և շահագործման ծրագիր կամ վերջին 3 տարիների ընթացքում պետք է անընդմեջ իրականացրած լինի նման համակարգի կառավարման, ծրագրային գործիքակազմի բարելավման և սպասարկման ծառայությունների մատուցում:
բ. Մասնակիցը մրցույթին մասնակցության հրավերի օրվան նախորդող 5 տարվա ընթացքում պետք է անձամբ (այդ թվում՝ որպես կոնսորցիումի անդամ կամ ենթակապալառու) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության (այդ թվում՝ որպես կոնսորցիումի անդամ) միջոցով իրականացրած լինի Հայաստանում առնվազն մեկ ապահովագրական ընկերության համար առողջության ապահովագրության ծառայությունների մատուցման համապարփակ կառավարման ավտոմատացված համակարգի մշակում, ծրագրային գործիքակազմի բարելավում և սպասարկում»:
Այսպես, «Սայլեքս Սարլ» ընկերությունը 2017 թվականին, երբ անցկացվում էր մրցույթը, չուներ 5 տարվա գործունեության փորձ, հիմնադրվել է 2016-ի մարտին, և չի բավարարում նաև երկրորդ պահանջին՝ ապահովագրական ընկերությանը ծառայություն մատուցելու վերաբերյալ: Մինչդեռ այս երկու պայմաններին բավարարել է համատեղ ձեռնարկության մյուս ընկերությունը՝ «Մեյսիս Ապահովը»:
Մրցույթի հրավերի 9-րդ կետի երկրորդ մասով սահմանվում են ֆինանսական միջոցների վերաբերյալ ներկայացվող պահանջները.
«ա. Մասնակիցը վերջին 5 տարվա ընթացքում անձամբ (այդ թվում՝ որպես կոնսորցիումի անդամ կամ ենթակապալառու) կամ իր դուստր կամ 50 և ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության միջոցով ազգային միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ծառայությունների կամ առողջության ապահովագրության ծառայությունների մատուցման համապարփակ կառավարման ավտոմատացված համակարգի մշակման, շահագործման և սպասարկման ծառայությունների դիմաց պետք է ունենա ֆինանսական հասույթի շրջանառություն՝ առնվազն 500 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով:
բ. Մասնակիցը անձամբ կամ մասնակիցների կոնսորցիումը համատեղ նախավորակավորման հայտը ներկայացնելու վերջնաժամկետին նախորդող 10 օրվա դրությամբ և դրանից առաջ առնվազն 90 օրվա ընթացքում բանկային հաշիվներում պետք է ունենա ազատ շրջանառու միջոցներ առնվազն 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով»:
Չկան փաստաթղթեր այն մասին, որ ֆինանսական պայմաններին բավարարել է «Մեյսիս Ապահովը»: Փոխարենը այս պահանջներին բավարարելու վերաբերյալ թղթեր է ներկայացվել «Սայլեքս Սարլ»-ի վերաբերյալ: Մասնավորապես, Խորվաթիայում գրանցված «Էրիքսսոն Նիկոլա Թեսլա» ԲԸ նախագահ Ջորդանա Կովաչեվիչի կողմից հավաստվել է, որ «Սայլքս Սարլ ընկերությունը Ղազախստանի Հանրապետությունում ազգային ինտեգրացված առողջապահական էլեկտրոնային համակարգի իրականացման ընթացքում իր ծրագրերի և ծառայությունների մատուցման համար Էրիքսսոն Նիկոլա Թեսլա ԲԸ-ից ստացել է 500 000 ԱՄՆ դոլարը գերազանցող վճարումներ՝ սույն փաստաթղթի կազմմանը նախորդող մեկ տարվա ընթացքում»:
Ինչպես նաև շվեյցարական բանկի կողմից ներկայացվել է հաշվի տվյալներ, որից երևում է, որ վերջին 90 օրվա ընթացքում բանկային հաշվում ունեցել է ավելի քան 100 000 դոլարի շրջանառու միջոց:
Եվ այսպես հասկանալի է դառնում, թե ինչու է իսկզբանե համատեղ ձեռնարկությունների համաձայնագիր ստորագրվել միևնույն անձին պատկանող երկու ընկերությունների կողմից:
Հաղթած ընկերության կապը նախկին նախարարի հետ
Ինչպես արդեն նշեցինք, նախորակավորման մրցույթի պայմաններից մեկը եղել է Հայաստանում առնվազն մեկ ապահովագրական ընկերության համար առողջության ապահովագրության ծառայությունների մատուցման համապարփակ կառավարման ավտոմատացված համակարգի մշակումը, ծրագրային գործիքակազմի բարելավումն ու սպասարկումը: Եվ այս պայմանին բավարարել է մրցույթին դիմած մասնակիցներից միայն «Մեյսիս Ապահով» և «Սայլեքս Սարլ» ընկերությունների կոնսորցիումը:
Այս պայմանի բավարարման վերաբերյալ փաստաթուղթ է ներկայացվել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից: Այդ փաստաթղթով հավաստվում է, որ 2012 թ-ի սեպտեմբերի 26-ից մինչ փաստաթղթի ներկայացման պահը «Ինգո Արմենիա»-ն պայմանագրային հարաբերություններ է ունեցել «Մեյսիս Ապահով»-ի հետ, և վերջինս այդ տարիների ընթացքում իրականացրել է ապահովագրական կառավարման ավտոմատացված համակարգի մշակում և դրա սպասարկում:
Այս փաստաթուղթը ներկայացվել է 2017-ի մարտի 17-ին: Իսկ ՀՀԷԿԵՆԳ-ՄԵԾՁԲ-N17/1 ծածկագրով գնումների նախաորակավորման մրցույթը կազմակերպվել է ԷԿԵՆԳ-ի կողմից 2017-ի փետրվարի 27-ին:
Ինչպես հայտնի է, 2016-ի սեպտեմբերից մինչև 2018-ի մայիսը որպես առողջապահության նախարար պաշտոնավարած Լևոն Ալթունյանը մինչ նախարար նշանակվելը 1999 թվականից ի վեր եղել է «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը:
Ավելին, Լևոն Ալթունյանը 2016-ի սեպտեմբերի 27-ին նախարարի պաշտոնը ստանձնելուց երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 12-ին, ստորագրել է 3088-Ա հրամանը, որով ստեղծվել են մի շարք հանձնաժողովներ, այդ թվում առողջապահության բնագավառում բարձր տեխնոլոգիաների և ՀՀ առողջապահական համակարգի միասնական տեղեկատվական համակարգի (էլ-առողջապահական համակարգ) ներդրման նպատակով առաջարկներ մշակող հանձնաժողով:
Նախարարի հրամանով հաստատվել է նաև այս հանձնաժողովի կազմը. նախագահ է նշանակվել Վարդան Գևորգյանը, անդամներ՝ նախարարի խորհրդականներ Արման Մելքոնյանը և Արմեն Փարսադանյանը: Հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանը նաև «Ինգո Արմենիա» ընկերության փոխտնօրենն է:
Այս հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Իրավաբան.net-ը կապ հաստատեց նաև նախկին նախարար Լևոն Ալթունյանի հետ: Վերջինս նշեց, որ այս հարցերը իրեն չեն առնչվում: Իսկ նախարարի նախկին մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը մանրամասնեց, որ մրցույթը չի կազմակերպվել նախարարության կողմից, հետևաբար, մրցույթի պայմանների վերաբերյալ հարցերը չպետք է իրենց ուղղվեն:
Ի դեպ, մրցույթն անցկացրած մարմինը՝ ԷԿԵՆԳ-ը պատրաստակամ էր տրամադրել մրցույթի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, սակայն մրցույթի պայմանների ընտրության վերաբերյալ բավարար պատասխաններ չտրվեցին:
Իսկ այն հարցին, թե ընդհանրապես ինչ կապ կարող էր ունենալ ապահովագրական ծառայությունները էլեկտրոնային առողջապահության հետ (Քանի որ անհասկանալի է, թե ինչու է պայման դրվել հենց ապահովագրական ընկերությանը և ապահովագրական ծառայություններին վերաբերող նման ծառայություն մատուցելու վերաբերյալ, և չկա նաև հիմնավորում, թե ինչու պետք է նման ծառայությունը մատուցվեր հենց Հայաստանում: Եվ միայն տպավորություն է ստեղծվում, որ այս պայմանը դրվել է «Մեյսիս Ապահով» և «Սայլեքս Սարլ» կոնսորցիումի հաղթանակը ապահովելու համար,- հեղ.), Անահիտ Հայթայանը նշեց, որ նախկին կառավարության և նախարարի ծրագրերից մեկը պարտադիր առողջապահական ապահովագրությանն անցնելն էր, քանի որ միջազգային փորձն էլ ցույց է տալիս դրա անհրաժեշտությունը համակարգի բարեփոխման համար:
Ինչ վերաբերում է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման նպատակով առաջարկներ մշակող հանձնաժողովի նախագահին, Անահիտ Հայթայանը նշեց, որ Վարդան Գևորգյանն աշխատել է հասարակական հիմունքներով և դժվար էր գտնել ոլորտից քաջատեղյակ այլ մասնագետի, ով կաշխատեր այդ պայմանով:
Ի դեպ, կառավարության 866-Ն որոշմամբ առողջապահության նախարարին լիազորվել է կնքել կոնցեսիայի պայմանագիրը: Եվ կոնցեսիայի պայմանագրի համաձայն՝ կողմերի միջև (կոնցեդենտ և օպերատոր) վեճերը բարեկամաբար չլուծվելու դեպքում վեճի քննարկումը կկարգավորվի Լոնդոնի միջազգային արբիտրաժի կողմից, իսկ դատավարությունը կիրականացվի ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) կողմից սահմանված կանոնների համաձայն:
Աստղիկ Կարապետյան
Ալիսա Չիլինգարյան