Մայր տոնածառի լույսերը դեկտեմբերի 21-ին վառվելուց և լուսային շքեղ շոուից հետո դրա վերաբերյալ ծախսերի մասին քննադատություններն ու խոսակցությունները մարեցին: Թեև անպատասխան հարցեր շարունակում են լինել:
Դեկտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանը հրապարակեց տոնածառի գնման պայմանագիրը: Այն կնքվել է այս տարվա նոյեմբերի 23-ին Ռուսաստանի մոսկովյան շրջանում գրանցված «Իգոր Սուխանով» ԱՁ-ի հետ «Երևան 2800» հիմնադրամը պայմանագիր է կնքել տոնածառի ձեռքբերման վերաբերյալ:
Պայմանագիրը ռուսերեն է, հետևաբար, բովանդակությունը ոչ հասանելի միայն պետական հայերեն լեզվին տիրապետող քաղաքացիներին: Այնինչ, պետական գնման փաստաթղթերը, սովորաբար, կազմվում են երկլեզու:
Տոնածառի և դրա տեղադրման, ապամոնտաժման ծախսերը
Ինչևէ, այս պայմանագրից տեղեկանում ենք, որ ապրանքի գինը կազմել է 9,7 միլիոն ռուսական ռուբլի կամ շուրջ 72 միլիոն դրամ: Այս գնում ներառված է տոնածառի կարկասը, զարդարանքները և տոնածառի տեղադրման աշխատանքները ղեկավարող գլխավոր մասնագետի վարձատրությունը՝ 260 000 ռուբլի կամ 1.9 միլիոն դրամ:
Թե ինչու՞ է Ռուսաստանից հրավիրվել տոնածառի մոնտաժման գլխավոր մասնագետը, պատասխանը նույնպես ռուսալեզու պայմանագրում է: Պայմանագրի 4-րդ մասը վերաբերում է ապրանքի երաշխիքին: Նշվում է, որ տոնածառի ամրության մասով մատակարար կազմակերպությունը պատասխանտվություն կարող է կրել, եթե տեղադրման/մոնտաժման աշխատանքները կատարվեն մատակարար կազմակերպության աշխատակցի ղեկավարությամբ:
Սակայն տոնածառի տեղադրման և ապամոնտաժման հիմնական աշխատանքները կատարելու մեկ այլ պայմանագրով ևս ծախսեր են նախատեսվել: Մասնավորապես, դեռևս այս տարվա օգոստոսի 14-ին Երևանի քաղաքապետարանի և «Բրուս» ՍՊԸ-ի միջև կնքվել է ԵՔ-ԲՄԾՁԲ-18/116 պայմանագիրը: Այս պայմանագրի հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ 21.778.000 ՀՀ դրամի դիմաց պետք է մատուցվի մայր տոնածառի և վարչական շրջանների տոնածառերի տեղադրման և ապամոնտաժման ծառայություններ:
Իրավաբան.net-ի ճշտող հարցմանը, թե միայն մայր տոնածառի տեղադրման և ապամոնտաժամն աշխատանքների համար որքան գումար է նախատեսված, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են. «…աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից տեղեկացնում են, որ մայր տոնածառի տեղադրման և ապամոնտաժման աշխատանքների համար համայնքի ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվել է 21 մլն 778 հազար դրամ գումար»:
Մինչդեռ նշենք, որ նախորդ տարիներին մայր տոնածառի արժեքը կազմել է 13.45 միլիոն դրամ: Նախորդ տարի մեր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը նշել էր, որ տոնածառի ձևավորման աշխատանքը ներառում է տոնածառի մետաղական կարկասի տեղադրման, պատվանդանի կառուցման, կարկասների վրա տոնածառի ճյուղերի հավաքման, լուսավորության վահանակների տեղադրման, լուսային շարանների մոնտաժման, խաղալիքների և գագաթի տեղադրման, տոնածառի ապամոնտաժման, տեղափոխման և այլ անհրաժեշտ աշխատանքներ։
Այսինքն, նոր տոնածառի և դրա տեղադրման/ապամոնտաժման ծախսերը կազմել են շուրջ 94 միլիոն դրամ:
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանին հարց էինք ուղղել նաև, թե արդյո՞ք հետագա տարիներին նույնպես այս տոնածառի տեղադրման աշխատանքները ղեկավարելու համար հրավիրվելու է մատակարար կազմակերպության աշխատակիցը (որպեսզի տոնածառի ամրությունը երաշխավորվի), սակայն այս հարցին քաղաքապետարանից չեն պատասխանել: Չի տրամադրվել նաև տեղեկություն՝ տոնածառի տեխնիկական բնութագրի վերաբերյալ, որում, ըստ գնման պայմանագրի, նշված է երաշխիքի ժամկետը:
Իսկ այս հարցերի պատասխանների դեպքում հնարավոր կլիներ հասկանալ, թե արդյո՞ք հետագա մյուս տարիներին ևս տոնածառի տեղադրման.ապամոնտաժման համար անհրաժեշտ 21.78 միլիոն դրամից բացի, պետք է ևս շուրջ 2 միլիոն դրամ էլ վճարել, թե՝ ոչ:
Տոնածառի տեղափոխման ծախսերը
Ապրանքի գնման ռուսալեզու պայմանագրի 3-րդ մասի 3.1 կետում նշվում է, որ ապրանքի գինը ներառում է ապրանքի փաթեթավորումը, դրոշմանշումը և ապրանքի առաքումը մինչև պայմանագրի 1.5 կետում նշված վայրը՝ Դոնի Ռոստովի օդանավակայան (Պլատով):
Այսինքն, ենթադրելի է, որ Դոնի Ռոստովից Հայաստան տեղափոխումը կատարել է հայկական կողմը, ինչը, նույնպես, որոշակի ծախսեր է ենթադրում: Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան, քաղաքապետարանից հայտնել են.
«Տեղափոխությունը կատարվել է ՀՀ ՊՆ բեռնատար ինքնաթիռով»:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանը տոնածառի տեղափոխման համար քաղաքապետարանը գումար չի ծախսել: Իսկ թե պաշտպանության նախարարությունը որքան է ծախսել, դիմել ենք ՊՆ, և պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն:
Տոնածառի գնման պայմանագրի 3.2 կետում նշվում է նաև, որ ապրանքի գինը չի ներառում մաքսային հայտարարագրումը, հարկերը և տուրքերը: Այս մասով քաղաքապետարանից հայտնել են, որ տոնածառի տեղափոխման համար որևէ մաքսային տուրք չի վճարվել, քանի որ ներմուծվել է ԵԱՏՄ անդամ երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից:
Մայր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողության և տոնական համերգների ծախսերը
Երևանի քաղաքապետարանն այս տարվա դեկտեմբերի 19-ին պայմանագիր է կնքել «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊ ընկերության հետ՝ գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողության կազմակերպման վերաբերյալ: Պայմանագրի արժեքը կազմել է 30 միլիոն դրամ:
Պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի համաձայն՝ ծառայությունները ներառում են 2 մասից բաղկացած միջոցառում. առաջին հատվածում՝ 100 արտիստի մասնակցությամբ մյուզիքլային բեմականացում: Սրա համար անհրաժաշետ է 30-ից ավելի բեմական հագուստ: Երկրորդ մասում՝ հայաստանյան հայտնի նվազգախմբերի, պարային խմբերի ու էստրադային երգիչների մասնակցությամբ համերգ՝ 1 ժամ տևողությամբ: Իսկ համերգային ծրագրի ավարտին՝ երաժշտական հրավառություն՝ առնվազն 1,5 րոպե տևողությամբ: Պայմանագրի գնի մեջ մտել է նաև բեմի, դեկորատիվ և այլ տեխնիկական հարցերի լուծումը:
Այս նույն ընկերության հետ Երևանի քաղաքապետարանը մեկ այլ պայմանագիր է կնքել դեկտեմբերի 20-ին՝ մշակութային միջոցառում կազմակերպելու համար: Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարություններին նվիրված այս տարվա դեկտեմբերի 31-ին և մյուս տարվա հունվարի 6-ին տոնական համերգներ պետք է կազմակերպվեն: Այս պայմանագրի արժեքը կազմել է 24 միլիոն դրամ:
Աստղիկ Կարապետյան