Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի նոր համակարգի հաստատմանն ընդառաջ Իրավաբան.net-ը ներկայացնում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային լավագույն փորձի ու իրավունքի զարգացման միտումների մասին պատմող հոդվածների շարք:
Ռումինիայում նոր փուլ թևակոխած քաղաքական ճգնաժամի գլխավոր թեման Հակակոռուպցիոն տնօրինության ղեկավարին պաշտոնից ազատելու հարցն է։ Այս պահանջը արդարադատության նախարարը նախագահին ներկայացրել էր դեռևս փետրվարին, սակայն վերջինս մերժել էր այն։ Չընկրկելով Դատավորների գերագույն խորհրդի կողմից փետրվարի վերջին արձակված մերժումից հետո՝ նախարարն այս հարցը ներկայացրել էր սահմանադրական դատարանին (ՍԴ)։
Մայիսի 30-ին երկու հակամարտող քաղաքական ուժերի թեժ մարտին որպես խաղացող ավելացավ նաև ՍԴ-ն, որի որոշմամբ, հավասարակշռության նժարն ակնհայտորեն անցավ հօգուտ կառավարության գլուխ կանգնած սոցիալ-դեմոկրատների կուսակցությանը կամ PSD-ն՝ իջեցնելով նախագահի լիազորությունը մինչև սոսկ արարողակարգային մակարդակի։
Վեցն ընդդեմ երեք ձայնի որոշմամբ ՍԴ-ն սահմանել էր, որ նախագահը Սահմանադրությամբ պարտավորված է ընդունել արդարադատության նախարար Տուդորել Տոդերի կողմից երկրի նախագահին ուղղված պահանջը՝ Հակակոռուպցիոն տնօրինության՝ Դի-Էն-Էյի (DNA) ղեկավար Լաուրա Կովեշիին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Ռումինիայի Հակակոռուպցիոն պայքարի ազգային տնօրինությունը ստեղծվել է 2002թ․ կառավարության հրամանագրով՝ որպես գլխավոր դատախազության կազմում գործող ինքնուրույն կառույց, որի նպատակն է խոշոր և միջին մակարդակի կոռուպցիայի դեմ պայքարը։ Ի տարբերություն հակակոռուպցիոն մյուս կառույցի՝ Բարեխղճության ազգային խորհրդի (ANI), որի նպատակն է կոռուպցիայի կանխարգելումը, բարեխղճության ապահովումն ու պետական պաշտոնյաների կողմից հայտարարագրերի ներկայացումը, DNA-ն իրականացնում է կոռուպցիոն հանցագործություններով գործերի քննություն և դատական կարգով հետապնդում (պետությանը ավելի քան 200,000 եվրոյի վնաս պատճառելու և 10,000 եվրո անցնող կոռուպցիոն գործարքների դեպքեր)։
Տնօրինության ղեկավարին նշանակում է երկրի նախագահը՝ արդարդատության նախարարի առաջադրմամբ և Դատավորների գերագույն խորհրդի կարծիքը ստանալուց հետո։ Պաշտոնից հեռացումը կատարվում է նույն ընթացակարգով, ինչ նշանակումը։ DNA-ի գլխավոր դատախազը զեկուցում է երկրի գլխավոր դատախազին։ Դատախազությունն իր հերթին ենթարկվում է վճռաբեկ և արդարադատության դատարանին։
Հակակոռուպցիոն պայքարն ուշադրության կենտրոնում պահող ԵՄ-ն հատկապես բարձր գնահատեց Տնօրինության աշխատանքն այն բանից հետո, երբ 2013թ․ դրա ղեկավար նշանակվեց նախկինում որպես գլխավոր դատախազ ծառայած Լաուրա Կովեշին։ Լաուրա Կովեշիի կողմից DNA-ի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո այս կառույցը դատապարտել է ավել քան 60 բարձրաստիճան պաշտոնյա, 40 օրենսդիր մարմնի ներկայացուցիչ և բազմաթիվ այլ չինովնիկներ, երկրի գանձարան են վերադարձվել միլիոնավոր եվրոյի գումարներ։ Իսկ բոլորովին վերջերս թիրախում հայտնվեց նաև իշխող կուսակցության՝ PSD-ի ղեկավար Լիվիու Դրագնեան, ով մեղադրվում է պետական միջոցների յուրացմանն ուղղված մի սխեմայի մեջ մասնակցություն ունենալու համար։ Այս հանգամանքը ստիպում է իշխող կոալիցիային Կովեշիին այս պաշտոնից ազատելու անթաքույց նպատակ հետապնդել։
Մայիսի 30-ին ՍԴ-ի որոշումը լսելուց հետո «Ռումիանիայի փրկության միություն» կուսակցությունը ներկայացնող նախագահ Կլաուս Յոհանեսը նշեց, որ համաձայն չէ ո՛չ նախարարի պահանջի, և ո՛չ էլ ՍԴ-ի այս որոշման հետ․ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նա ասել է, որ կկայացնի իր որոշումը միայն ՍԴ-ի որոշման հիմքում ընկած պատճառաբանություններին մանրամասն ծանոթանալուց հետո։ Սակայն հետաքրքիր է նկատել՝ արդյո՞ք ՍԴ-ն իր որոշման մեջ անդրադարձել է Կովեշիի պաշտոնից ազատումը մերժելու վերաբերյալ վերոհիշյալ խորհրդի կողմից կայացված որոշմանը թե ոչ, առայժմ պարզ չէ․ այս մասին կիմանանք որոշման ամբողջական տեքստը հրապարակելուց հետո, որն, օրենսդրության համաձայն, կարող է տևել մինչև 30 օր։
Այնուամենայնիվ, սա ոչ թե սոսկ 2 կուսակցության միջև թեժ պայքար է, այլ հանուն ժողովրդավարության մղվող ժողովրդի պայքարը, որի գիտակցմամբ մայիսի 30-ին մայրաքաղաք Բուխարեստում և Ռումինիայի մյուս խոշոր քաղաքներում հազարավոր մարդիկ դարձյալ փողոց էին դուրս եկել՝ ընդվզելով ՍԴ-ի այս որոշման դեմ և ի պաշտպանություն կոռուպցիայի դեմ անողոք պայքար մղող ռումինական Ժաննա Դ՛Արկի՝ Լաուրա Կովեշիի։
Կովեշիի լիազորությունները դադարեցնելուն ուղղված նախարարի փետրվարին ներկայացված պահանջի հիմքում այն պատճառաբանությունն էր, որ վերջինս քննադատում է արդարադատության համակարգի բարեփոխումները, վնասում երկրի վարկանիշին և ոտնահարում Սահմանադրությունը՝ սահմանազանցելով իր լիազորությունները: Սակայն նախագահն ավելի ուշ՝ ապրիլին, պաշտոնապես մերժեց նրա այս պահանջը՝ պատճառաբանելով, որ նախարարի կողմից բերված հիմնավորումները համոզիչ չեն, և որ Կովեշին իր գործը լավ է կատարում: Նախարար Տոդերը, ով պնդում էր, որ նախագահը չունի իրավասություն և իրավաբանական բավարար գիտելիքներ Կովեշիի մասնագիտական և կառավարչական գործունեությանը գնահատական տալու համար, այս որոշումը բողոքարկել էր Սահմանադրական դատարանին:
Մայիսի 30-ի այս որոշմամբ ՍԴ-ն, փաստորեն, ամրապնդում է գործադիր իշխանության՝ ի դեմս արդարադատության նախարարի՝ դատախազներին պաշտոնից ազատելու լիազորությունը, և դրան հակառակ սահմանափակում երկրի նախագահի կողմից այդպիսի պահանջը մերժելու հնարավորությունը:
Սահմանադրության 134-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատախազների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվում և քննվում է Դատավորների գերագույն խորհրդի կողմից, որի դեպքում արդարդատության նախարարը ձայնի իրավունք չունի։ Իսկ Դատավորների և դատախազների կարգավիճակի մասին թիվ 303/2004 օրենքի 62-րդ հոդվածի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատախազը կարող է ազատվել պաշտոնից միայն, երբ վերջինիս դեմ քրեական գործ է հարուցվել կամ երբ վերջինս տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Սակայն, ինչպես գիտենք, Կովեշիի դեմ քրեական գործ չի հարուցվել, իսկ թե որքանով է ԱՆ նախարարի կողմից օրինազանցության մասին պնդումների հիման վրա նրան ազատ արձակելու պահանջն օրինական, Ռումինիայում լուրջ բանավեճերի տեղիք է տալիս, ինչը փորձել ենք ներկայացնել ստորև։
Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ նշել է, որ «Ռումինիայի նախագահը, համաձայն Սահմանադրության 94-րդ հոդվածի «գ» կետի, բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող դատախազներին ազատ արձակելու հարցում հայեցողական լիազորություն չունի, նրա այդ իրավունքը սահմանափակված է ընթացակարգի համապատասխանությունը և օրինականությունը վերահսկելու կարողությամբ»:
Ապրիլին, երբ նախագահը վերահաստատեց իր դիրքորոշումը արդարադատության նախարարի պահանջը մերժելու վերաբերյալ, Լաուրայի հարցն սկսվեց քննվել նաև արդարադատության տեսչության կողմից, որը կարգապահական վարույթ էր սկսել DNA-ի ղեկավարի դեմ (հիշենք, որ Դատավորների գերագույն խորհուրդը մերժել էր Լաուրային ազատ արձակելու պահանջը): Ապրիլի 19-ին պարզ դարձավ, որ տեսչությունը գտել է, որ Կովեշիի գործողություններն «արատավորում են մասնագիտական պատիվը և արդարադատության համբավը»: Տեսչությունը գտել էր, որ Լաուրան չի կատարել սահմանադրական դատարանի 2017թ. նոյեմբերին կայացած որոշումը՝ չներկայանալով Խորհրդարանի վերահսկողության հատուկ կոմիտեում նշանակված 2009թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ նիստին և չներկայացնելով պահանջվող փաստաթղթերը: Արդարադատության տեսչությունը իր որոշումն ուղարկել էր Դատավորների գերագույն խորհրդին՝ վերանայման համար: Բացի դրանից, Կովեշին անցնում է ևս երկու կարգապահական վարույթով, որոնցից մեկով որոշումը կայացվել է ապրիլի 11-ին, իսկ մյուսով նիստը պետք է տեղի ունենար մայիսի 9-ին, սակայն դրա կայանալու վերաբերյալ մամուլում լուրեր գտնել չհաջողվեց: Ըստ վերահսկողական ծառայության՝ Կովեշին իր կոլեգա դատախազների հետ խոսելիս «բարձրացրել է ձայնը և ագրեսիվ ու արհամարհական տոն օգտագործել», «ինչն անընդունելի է էթիկայի նվազագույն ստանդարտների տեսանկյունից, քանի որ սա կարող է ազդել հանրության կարծիքի վրա և ողջամիտ կասկած առաջացնել Սահմանադրության գերակայության սկզբունքների պահպանության, ինչպես նաև դատախազների անաչառության նկատմամբ»:
Ո՞ւմ ականջներն են երևում այս ամենի ետևում
Պետք է ասել, որ մութ ամպերը կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն այս օղակի՝ հակակոռուպցիոն տնօրինության և դրա ղեկավարի շուրջ սկսել են կուտակվել դեռևս անցած տարվա սկզբից այն բանից հետո, երբ իշխանության գլուխ կանգնած սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը կամ PSD-ն հասկացավ, որ «լուրջ կորուստներ է տալիս»: Կարծիք կա, որ հենց կոռուպցիոններն են փորձում չեզոքացնել Կովեշիին. չէ՞ որ Լաուրայի գերատեսչության «երկար ձեռքերը հասնում են բոլորին»: 2016թ. ընտրություններից հետո իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և վերջինիս հետ կոալիցիա կազմած կուսակցությունը լուրջ հարվածներ է ստանում DNA-ից: Իրավապահներից չի հաջողվել խուսափել նաև PSD-ի ղեկավար Լիվիու Դրագնեային, ով մեղադրվում է ԵՄ միջոցները յուրացնելու համար:
Փորձելով հակազդել սրան՝ իշխող կուսակցությունը ամեն կերպ փորձում է ավելի մեծ վերահսկողություն ունենալ արդարադատության համակարգի նկատմամբ, և ՍԴ-ի այս որոշումն ակնհայտորեն տալիս է վերջինիս այդ հնարավորությունը:
Բացի դրանից, նախագահ Յոհանեսի ու PSD-ի միջև լարվածությունն ավելացավ այն բանից հետո, երբ Յոհանեսը անվստահություն հայտնեց վարչապետ Վիորիկա Դանչիլային՝ նրա Իսրայել կատարած այցից հետո:
Երկու նոր կոռուպցիոն սկանդալ անմիջապես կարգապահական վարույթից հետո
Չնայած DNA-ին և հենց Լաուրայի անձին թիրախավորված հարձակումներին՝ մամուլում վարկաբեկող հրապարակումներից սկսած մինչև կարգապահական վարույթների հարուցում ու պաշտոնից ազատելու սպառնալիք՝ Լաուրան իր աշխատանքը շարունակում է կատարել այնպես, ասես այս ամենն իրեն չի էլ վերաբերում։ Ապրիլին Լաուրայի դեմ կարգապահական վարույթ սկսելուց հետո՝ հենց հաջորդ շաբաթ, ռումինական մամուլը ողողված էր երկու աղմկոտ գործի վերաբերյալ լուրերով:
Ապրիլի 26-ին հայտնի դարձավ, որ Ռումինայի վարչապետի նախկին տեղակալ և տարածքային կառավարման նախարարության պետական նախկին քարտուղար Սևիլ Շադեին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեղադրանքի՝ իր պաշտոնավարման ժամանակ նա գլուխ է բերել մի անօրինական գործարք, որի արդյունքում բնապահպանության նախարարությունից Դանուբի վրա եղած Բելինա կղզին Թելեորմանի երկրամասի խորհրդի ներքո տեղափոխելուց հետո երկարաժամկետ պայմանագրով հանձնվել է մի մասնավոր ընկերության: Պաշտոնի չարաշահման վերաբերյալ այս գործով անցնող «Տել Դրամ» մասնավոր ընկերությունը կապված է իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Լիվիու Դրագնեայի անվան հետ: Գործի հանգամանքներով պարզվել է, որ պետությանը պատճառված վնասը կազմել է 690,000 եվրո: Շադեի հետ միասին այս գործով անցնում են ևս երկու պետական բարձրաստիճան պաշտոնյա: Սակայն կարևոր է նշել, որ Կովեշիի անձի դեմ ավելի սուր հարձակումները սկսվեցին DNA-ի կողմից հենց այս գործի շրջանակներում իշխող կուսակցության ղեկավար Դրագնեայի անձը թիրախավորելուց հետո։
Romanian Insider լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ապրիլի 24-ին երկրի նախագահ Կլաուս Յոհանեսը DNA-ին կանաչ լույս է ցույց տվել ֆինանսների նախկին նախարար Սեբաստիան Վլադեսկուի ներգրավմամբ կոռուպցիոն հանցագործությունների համար երկու դրվագով մեղադրանք առաջադրելու համար, որոնք վերաբերում են երկաթուղուն առնչվող մի պայմանագրի: DNA-ի պնդմամբ՝ այս գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 20 միլիոն եվրո, իսկ Վլադեսկուն ստացել է մեկ միլիոն դոլարի չափ կաշառք:
Հաստատուն ցուցանիշներ՝ ի հեճուկս սուր քննադատների
Չնայած արդարադատության տեսչության խիստ գնահատականներին՝ եվրոպական կառույցներն ու հենց ինքը՝ նախագահ Յոհանեսը, չափազանց գոհ են Կովեշիի ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքից: Միայն 2017թ. ընթացքում DNA-ին հաջողվել է ավելի քան 159 միլիոն եվրոյի առգրավված միջոց վերադարձնել պետությանը: Այս գումարների զգալի մասը նախատեսված էր գյուղական վայրերի զարգացման ու աղքատ բնակչությանն օժանդակելու համար:
2017թ. ընթացքում լսվել են ավելի քան 3800 դատական գործ, կոռուպցիոն հանցագործությունների գործերով 713 դատավճիռ է եղել և ավելի քան 1000 նոր գործ ուղարկվել է դատարան, որոնցից մեկ երրորդի դեպքում մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այս դինամիկան պահպանվում է արդեն 4-րդ տարին:
Մեկ վարչապետ, ավելի քան երկու տասնյակ նախարար ու փոխնախարար, հարյուրից ավելի քաղաքապետ ու շատ ու շատ բարձր պաշտոններ զբաղեցնողներ են նրա «թեթև» ձեռքով հայտվել ճաղավանդակի հետևում, իսկ դատարան ուղարկված գործերի 92 %-ն ավարտվում է դատապարտմամբ: Սակայն սա ոչ միայն չի նվազեցրել Լաուրայի մեծ ժողովրդականությունը, այլև ճիշտ հակառակը՝ մի բան էլ ավելացրել է:
Այնուամենայնիվ, ի՞նչ են ասում Լաուրային քննադատողները
Մի կողմ թողնելով հենց չինովնիկների կողմից բարձրացված աղմուկը՝ անդրադառնանք համացանցում հրապարակված որոշ չեզոք եվրոպական աղբյուրների․ եվրոպացի մասնագետների պնդմամբ՝ SRI-ի՝ Ռումինիայի հետախուզական ծառայության կամ, ինչպես ընդունված է ասել, Սեկուրիտատ 2.0 գաղտնի ծառայության հետ սերտ համագործակցությունը՝ օպերատիվ տվյալներ ձեռք բերելու նպատակով, այս ծառայության միջոցով իրականացվող գրեթե ընդարձակ գաղտնալսումներն ու այլ օպերատիվ գործողությունները, երբեմն դրանց օգտագործումը, որպես գլխավոր ապացույցներ անձի դեմ մեղադրանք առաջադրելիս, խիստ վարկաբեկում են DNA-ին:
Բացի դրանից՝ DNA-ին մեղադրում են անձանց դեմ ձեռք բերված ապացույցներն «ավելի խոշոր ձկների որսալու» նպատակով օգտագործելու համար՝ առաջինների նկատմամբ հետապնդումը դադարեցնելու պայմանով: Բացի դրանից, որոշ եվրոպական աղբյուրների պնդմամբ, դատարան ներկայացված մեղադրանքների 92%-ի դեպքում մեղադրական դատավճիռների կայացումը «հիշեցնում է չինական արդարադատությունը», որի դեպքում դատավորներն ուղղակիորեն խուսափում են արդարացնել մեղադրյալին՝ սեփական անձի նկատմամբ հաշվեհարդարից սարսափած: Մյուս կողմից, մեղադրյալի աթոռին հայտնված պաշտոնյաները պնդում են, որ անձանց ձեռնաշղթաներով տանից դուրս հանելը հանրային շոուի վերածելը նվաստացնում է նրանց արժանապատվությունը և խախտում նրանց իրավունքները: Կան պնդումներ, որ DNA-ն ինքնին վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի:
Բայց Լաուրան այս ամենին ունի պատասխան: Նախ, ըստ նրա, DNA-ի յուրաքանչյուր գործողություն իրականացվում է օրենքի տառին համապատասխան և ցանկացած օպերատիվ-հետախուզական գործողության համար կա դատարանի որոշում: Եվ հետո դատարան ուղարկված գործերից կեսից ավելիի՝ 52 տոկոսի հիմքում ամենևին չկան մարդկանց գաղտնալսման կամ տեխնիկական այլ միջոցներով ձեռք բերված ապացույցներ: Նա նշում է, որ հավելյալ միլիոնավոր դոլարներ կպահանջվեին Սեկուրիտատից անկախ հետախուզական մարմին ստեղծելու համար, ինչը արդարացված չէ: Նա բնական է համարում, որ հանրային միջոցներ յուրացրած չինովնիկները պետք է փորձեին այսպես արդարանալ ու պաշտպանվել: Իսկ ինքը պարզապես իր գործն է անում:
Օրենսդրությունը մեղմացնելու միջոցով պատասխանատվությունից խուսափելու փորձ
Լաուրան և DNA-ն այնքան են նեղը գցել ռումինացի չինովնիկներին, որ իշխանությունը փորձ արեց թուլացնել DNA-ի ուժերը՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանափակելով հակակոռուպցիոն դատախազների լիազորությունները և մեծացնելով «թույլատրելի կաշառքի» սահմանաչափը: Այս նպատակով անցած տարի իշխող կուսակցության՝ սոցիալ-դեմոկրատների նախաձեռնությամբ (PSD) ներկայացված քրեական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը հաստատվեց ռումինական խորհրդարանի կողմից, որով կոռուպցիայի համար պատասխանատվությունը մեղմացվում էր և փաստացի ապաքրեականացվում էր 48,000 եվրոյից ցածր գումարի կաշառքը: Այս փաստը սակայն առաջացրեց ժողովրդի զայրույթը, և 2017թ. դեկտմբերից մինչև 2018թ. հունվարի վերջ տեղի ունեցած կես միլիոնի հասնող ցույցերից հետո մարդկանց հաջողվել էր խափանել այս ծրագիրը, և հունվարի 30-ին Ռումինայի սահմանադրական դատարանը օրենսդրական փոփոխությունը հայտարարեց հակասահմանադրական:
Կառավարությունը սակայն պատրաստ չէ զիջումների, և այս անգամ թիրախը հենց Կովեշին է:
Ի՞նչ հետևանքներ և զարգացումներ են սպասվում ՍԴ-ի որոշումից հետո
Սահմանադրական դատարանի որոշմամբ փաստացիորեն նախագահին հրահանգվում է պաշտոնից հեռացնել Հակակոռուպցիոն տնօրինության ղեկավարին և այն ենթակա չէ բողոքարկման, սակայն նախագահը երեկ հայտարարեց, որ իր դիրքորոշումը կներկայացնի միայն դատարանի գրավոր ներկայացրած պատճառաբանությանը մանրամասն ծանոթանալուց հետո, վերջինս իր որոշումներն ամբողջությամբ հրապարակելու համար ունի 30-օրյա ժամկետ:
Նախարար Տուդորել Տոդերն իր հերթին ցնծության մեջ է. նա «Անտենա 3» հեռուստատեսությանը տրված հարցազրույցի ժամանակ նշում է, որ սահմանադրական դատարանի որոշումները պարզապես չեն կարող անտեսվել, և որ նախագահն այս դեպքում երկու այլընտրանք ունի՝ կատարել ՍԴ-ի որոշումը կամ չկատարել այն, և ավելացնում է.
«Չկատարելու դեպքում մենք կարող ենք կիրառել ընտրական սանկցիան: Մեկ այլ սանկցիա ևս կա, որի մասին ես նույնիսկ չեմ ցանկանում բարձրաձայնել, – ակնհայտորեն ակնարկելով նախագահի նկատմամբ անվստահություն հայտնելու կամ իմփիչմենթի կիրառումը, – սակայն մենք բոլորս շուտով կիմանանք, թե արդյոք ստիպված կլինենք դիմելու դրան. լուծումը կարող է լինել նաև քաղաքական որոշումը»:
Տոդերը հույս է հայտնում, որ նախագահը Սահմանադրությունը չի փորձի խախտել:
Իր հերթին Սենատի խոսնակ (ALDE կուսակցություն) Կալին Պապեսկու Տարինչեանուն նշում է, որ այս որոշմամբ ՍԴ-ն ուժեղացնում է արդարադատության նախարարի դիրքերը, ինչը դրական է համարում: ALDE կուակցությունը իշխող կոալիցիայի անդամ է։
Այս կարծիքին է հակադարձվում Կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի (DIICOT) տնօրինության ղեկավար Դանիել Հորոդիչեանուն, ով hotnews.ro կայքին տրված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ՍԴ-ի որոշումը հակակոռուպցիոն տնօրինության գլխավոր դատախազի գրասենյակը դիրքավորել է «ոչ թե արդարադատության նախարարի ենթակայության, այլ անմիջականորեն նրա հայեցողական կամքի ներքո, մինչդեռ վերջինս քաղաքական կամ քաղաքական կուսակցության կողմից սատարվող ֆիգուր է»:
Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուն գտնում է, որ մայիսի 30-ի որոշմամբ ՍԴ-ն փաստացիորեն հանրապետության նախագահի դիրքը ստորադասեց արդարադատության նախարարի դիրքին, ինչը նա ուղղակի ծիծաղելի է համարում: Բասեսկուն հուշում է, որ այս որոշմամբ խախտվել է իշխանության թևերի հավասարակշռությունը, քանի որ ԱՆ-ին նշանակում է կուսակցությունը, և սրանով ցանկացած դատախազ այժմ պետք է գիտակցի, որ ինքն էլ ծառայում է կուսակցության շահերին, ինչը սխալ է: Մինչդեռ նախագահն այս դեպքում դառնում է արարողակարգային ֆիգուր:
«Ռումինիայի նախագահի դերն ամենևին արարողակարգային չէ, այն գործադիր է», – ավելացնում է Բասեսկուն:
Ուշագրավ է ծանոթանալ արդարադատության նախկին նախարար Կատալին Պրեդուի կարծիքին․
«Ես սովորաբար զերծ եմ մնում ՍԴ-ի որոշումերը մեկնաբանելուց, որքան էլ, որ դրանք խնդրահարույց լինեն, բայց այս մեկը շրջանցել չեմ կարող։ Տեխնիկական իրավական տեսանկյունից որոշումը սխալ էր, իսկ նախարարի պահանջն, ըստ էության, անընդունելի է», – ասել է նա՝ «Բիզնես Ռեվյու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ժամանակ։
Ժողովուրդն իր հերթին չի պատրաստվում ընկրկել: Մայիսի 30-ին մինչև ուշ գիշեր մարդիկ չէին հեռանում փողոցներից, աղմկում էին և պահանջում ՍԴ-ից ու կառավարությունից դադարեցնել Լաուրայի նկատմամբ սկսված հետապնդումը։ ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո բողոքի ալիքն, ամենայն հավանականությամբ, նոր թափ կստանա:
Գերմանական ZEIT թերթը գրում է, որ սոցիալ-դեմակրատների կառավարությունն ու վարչապետ Վիորիկա Դենչիլյայի ջանքերի շնորհիվ հնարավոր է, որ ապագայում հակակոռուպցիոն մարմինն այլևս չի կարողանալու քննել վարչական պաշտոնյաների գործերը, իսկ դատախազների նկատմամբ վերահսկողությունն ավելանալու է: Սակայն այս ամենը խիստ դատապարտվում է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից։
2016թ. Եվրոպայի տարվա մարդ (ըստ «Ռիդերս Դայջեստ» ամսագրի), 2016թ., Ֆրանսիայի պատվո լեգեոնի և մի շարք այլ բարձր կոչումների ու մրցանակների արժանացած այս երիտասարդ կինն առաջին անգամ չէ, որ ստիպված է լինելու պաշտպանել իր պրոֆեսիոնալիզմը: Թեև նա ամենևին էլ չի պատրաստվում դա անել. անվրդով ու անվարան նա շարունակում է իր բնականոն աշխատանքը՝ ղեկավարելով երկրի ամենասկանդալային կառույցը, որի գործունեությունն առանց այն էլ չի դադարում լինել հանրության ուշադրության կենտրոնում:
«Ժամանակն է ահազանգ հնչեցնել և արտահայտել մեր մտահոգությունները՝ կապված դատախազական անկախությանը սպառնացող պոնտենցիալ վտանգի հետ, որն էական օղակ է կոռուպցիայի դեմ պայքարում, – ասված է Հակակոռուպցիոն տնօրինության կողմից արձակված ուղերձում, – առանց գոյություն ունեցող երաշխիքների այս պայքարը հնարավոր չի լինի»։
Լաուրան համոզված է՝ իրենց աշխատանքում DNA-ի դատախազները դրսևորում են անբասիրություն և անկաշառություն, շարժվում են օրենքի տառին համահունչ, ուրեմն ոչինչ ապացուցելու կարիք չունեն: Իսկ ժողովրդին հասանելիք միջոցներին աչք տնկած չինովնիկները պետք է խիստ պատիժ կրեն:
Միևնույն ժամանակ նրա այս սկզբունքայնությունը շատ հարազատ է ժողովրդին. ի պաշտպանություն Կովեշիի մարդիկ ստորագրահավաք են սկսել, և միայն դրա առաջին օրը հավաքվել էր 108,000 ստորագրություն:
Մարիամ Չախոյան