Մեկ քայլ առաջ դեպի վերջնական հաղթանակ․ Ռումինայում ժողովուրդը տոնում է իշխող կուսակցության ղեկավարի նկատմամբ կայացված դատավճիռը

Այս օրերին, մինչ Ռումիանիան լարված սպասում էր իշխանական վերնախավում տեղի ունեցող խմորումների հանգուցալուծմանը՝ կապված իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից Հակակոռուպցիոն տնօրինության ղեկավարին պաշտոնանկ անելու և նախագահի նկատմամբ անվստահություն հայտնելու փորձերի հետ, դրա ղեկավար Լիվիու Դրագնեան հունիսի 21-ին դատապարտվեց երեքուկես տարվա ազատազրկման հայրենի Տելեորմանի երկրամասում տեղի ունեցած կոռուպցիոն գործարքներում մասնակից լինելու համար։  

«Երկրորդ դատապարտող դատավճռից հետո նա պարզապես պետք է չքվի քաղաքական դաշտից, –  նշել է երկրի նախագահ Կլաուս Յոհանեսը թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ,- PSD-ն պետք է գիտակցի, որ նրան պարզապես պետք է տուն ուղարկել»։  

Չնայած այն հանգամանքին, որ սա Դրագնեայի նկատմամբ կայացած երկրորդ դատավճիռն է, վերջինս չի պատրաստվում նահանջել։ Առաջին դատավճիռը կայացել է  2015թվականին, որով վերջինս ճանաչվել է մեղավոր՝ ընտրությունները կեղծելու համար։

Խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դրագնեան փորձում է անվրդով երևալ։ Նա ասում է, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։

«Ես պատրաստվում եմ գնալ մինչև վերջ, – ասել է նա մամուլի ներկայացուցիչներին տրված հարցազրույցի ժամանակ և ավելացրել, – մենք չպետք է ընկրկենք կառավարության առջև դրված դատական համակարգի բարեփոխումների օրակարգից և «ստվերային կառավարության» դեմ մղվող մեր պայքարից։

Իսկ ի՞նչ բարեփոխումների մասին է վերջինս խոսում․2017թ․ հունվարից սկսած PSD-ն փորձում էր մեղմացնել հակակոռուպցիոն օրենսդրությունը, ուժեղացնել դատական համակարգի նկատմամբ կառավարության վերահսկողությունն ու պաշտոնանկ անել Հակակոռուպցիոն տնօրինության՝ DNA-ի ղեկավար Լաուրա Կովեշիին։

Լաուրա Կովեշին՝
Լուսանկարը՝ Daniel Mihailescu/AFP/Getty Images

Ակնհայտորեն վախենալով դիրքերը զիջելուց և հատկապես կուսակցության ղեկավարի գլխին կախված դամոկլյան սրից՝  PSD-ն նույնիսկ փորձում էր պոպուլիստական մեթոդների դիմել հունիսի 10-ին կուսակցությունը կազմակերպել էր հանրահավաք ի պատասխան Սահմանադրական դատարանի որոշումից հետո երկրում բարձրացած քաղաքացիական անհնազանդության ալիքին։  

Իր հանարահավաքի ժամանակ Դրագնեան առաջ է քաշում կոնսպիրացիոն թեզը և ստեղծված իրավիճակի համար մեղադրում  Ջորջ Սորոսին։ Նյու Յորք Թայմսը վկայակոչում է մի երիտասարդ աղջկա՝ Ալեքսանդրային, ով թերթին տված հարցազրույցի ժամանակ նշում է, որ հանրահավաքին է ժամանել հարակից քաղաքից, սակայն թե ինչ նպատակով են իրեն և իր ընտանիքի անդամներին բերում այստեղ, չի իմացել։

Պետք է նշել, որ չնայած այս դատավճռի արդյունքում հօգուտ ժողովրդավարությանը տեղի ունեցած դրական զարգացմանը և այն բանին, որ այն ակնհայտորեն ամրապնդում է DNA-ի ղեկավարի դիրքերը, նախագահ Կլաուս Յոհաննեսը դեռևս պետք է որոշում կայացնի Սահմանադրական դատարանի ու արդարադատության նախարարի ցուցումով Լաուրա Կովեշիին պաշտոնից ազատելու հարցի շուրջ։

Գլխավոր լուսանկարը արված է Դրագնեայի կազմակերպած ցույցից, Daniel Mihailescu-ի կողմից:

Մարիամ Չախոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել