Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ինչու՞ կամ ու՞մ համար պետք չէր մրցութային խորհուրդը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ինչու՞ կամ ու՞մ համար պետք չէր մրցութային խորհուրդը

Ազգային ժողովում նոյեմբերի 18-ին քննարկվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Հանձնաժողովի 5 անդամների ընտրության ԱԺ քվեարկությունը (մասնակցել էին 102 պատգամավոր) կայացավ նոյեմբերի 19-ին, որոնք էին․

  1. Կառավարություն-Լիլիթ Ալեքսանյան  (կողմ՝ 85, դեմ՝15, անվավեր՝ 2),
  2. ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն-Էդգար Շաթիրյան (կողմ՝ 96, դեմ՝6),
  3. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն- Նարեկ Համբարձումյան  (կողմ՝ 71, դեմ՝ 31),
  4. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-Հայկուհի Հարությունյան (կողմ՝ 90, դեմ՝12),
  5. Բարձրագույն դատական խորհուրդ- Արամայիս Փաշինյան (կողմ՝ 85, դեմ՝ 16, անվավեր՝ 1)։

Այնուհետև, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոյեմբերի 26-ին գումարած նիստին քննարկեց հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ԿԿՀ նախագահի թեկնածու ինքնաառաջադրվեցին  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը  և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանը:

Հանձնաժողովի անդամները, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն, քվեարկության արդյունքում որոշեցին նախագահ ընտրել Հայկուհի Հարությունյանին։

Անդրադառնանք Հայկուհի Հարությունյանի գործունեությանը։

Հայկուհի Հարությունյանը Վանաձորից է․ սովորել է Վանաձորի թիվ 1 հանրակրթական վարժարանում, այնուհետև Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (մասնագիտացումը՝ Պատմություն և իրավունք), ավելի ուշ՝ 2004-06 թթ․ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում (մասնագիտացումը՝ Իրավագիտություն), այնուհետև՝ ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում և ստացել մագիստրոսի որակավորում՝  առաջնորդության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտում (2012 թվականի դեկտեմբերի 22-ին)։

 

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ծնունդով վանաձորցիներն ու Հայկուհի Հարությունյանը

Ծնունդով Վանաձորից է նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում ղեկավարած կուսակցության կողմից էլ Հարությունյանը առաջադրվել էր ԿԿՀ անդամի թեկնածու։ Հետաքրքրական է, որ Էդմոն Մարուքյանն էլ 2010թ-ին է ավարտել ԱՄՆ Մինեսոտայի Համալսարանի իրավաբանական դպրոցը և ստացել Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան: Մարուքյանը նաև 2007-2008 թվականներին էլ իրավագիտություն է դասախոսել Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում, որտեղ ուսանել էր Հայկուհի Հարությունյանը։

Նշենք նաև, որ Հայկուհի Հարությունյանը և Էդմոն Մարուքյանի կինը՝ Տաթևիկ Մատինյանը, փաստաբանի արտոնագիր ստացել են նույն օրը՝ 2010 թվականի հոկտեմբերի 16-ին։

Սրանից բացի, նրանք միասին աշխատել են նաև «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում և մշակել են 2017 թվականի փետրվարի 28-ին հրապարակված «Արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքները և ակնկալիքները Հայաստանում մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ զեկույցը»։ Ծրագրի հիմնական փորձագետը եղել է Հայկուհի Հարությունյանը, փորձագետը՝ Տաթևիկ Մատինյանը: Հավելենք, որ ծրագիրը համաիրականացվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի կողմից հիմնադրած իրավաբանական ընկերության կողմից։ (Տե՛ս, 2-րդ էջը ↓)

Հայկուհի Հարությունյանի, Էդմոն Մարուքյանի և Տաթևիկ Մատինյանի անունները միևնույն վայրում հանդիպում են նաև դեռևս 2011 թվականի մարտի 25-ով թվագրված «Լոռու մարզի փաստաբանների հայտարարությունը ընդդեմ Լոռու մարզի դատախազի» հայտարարության մեջ, որը հրապարակվել էր Փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում՝ նույն տարվա մարտի 26-ին։

Նշենք նաև, որ Էդմոն Մարուքյանի կինը՝ Տաթևիկ Մատինյանը, կայքի տվյալների համաձյան, այժմ աշխատում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի կողմից հիմնադրված «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակում։

 

 

 

 

Հայկուհի Հարությունյանի աշխատանքային գրքույկի համաձայն, նա, 2004 թվականի հոկտեմբերի 1-ից, մի քանի օրերի ընմիջումներով՝ մինչև 2011 թվականի մայիսի 20-ը աշխատել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունում (ՀՔԱՎ), որի նախագահը Արթուր Սաքունցն է։

2013 թվականի հունվարի 4-ից Հայկուհի Հարությունյանն անցել է աշխատանքի «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ում։

Հայկուհի Հարությունյանի կապը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ

Այս պաշտոնի վերաբերյալ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, նոյեմբերի 18-ին՝ Ազգային ժողովի լսումների ժամանակ, հարցուպատասխանի ընթացքում հարց ուղղեց ԿԿՀ անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանին․ «Դուք ստանձնել եք «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահի պաշտոնը, որը դրանից առաջ զբաղեցրել է Սիրանուշ Սահակյանը՝ Սերժ Սարգսյանի ռեֆերենտը` 2013 թ-ին նշանակված (2013 թվականի ապրիլի  4-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 30-ը, -հեղ․), որը հետո դարձավ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (նշանակվել է 2014 թվականի հունվարի 9-ին, -հեղ․Ես ուզում եմ իմանալ, դուք ի՞նչ առնչություն ունեք Սիրանուշ Սահակյանի հետ և ձեր անկեղծությանը մի գրամ չեմ կասկածում կոռուպցիայի դեմ պայքարի և այլն, օրինակ, այդ կազմակերպության շրջանակներում, որը նախագահել է Սիրանուշ Սահակյանը՝ դիսկոմֆորտ, դժվարություն ունեցե՞լ եք առհասարակ»։

Նշենք, որ Սիրանուշ Սահակյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է եղել և պաշտոնավարել է 2009-2013 թվականներին:

Ի պատասխան պատգամավորի հարցին, Հայկուհի Հարությունյանը նշեց, որ դա գաղտնի չի եղել․ «Մենք ունենք և ունեցել ենք ընկերական հարաբերություններ, բայց կարծում եմ հենց այդ 2013 թ-ից սկսած կազմակերպության գործունեության մեջ որևէ մեկը չի կարողանա մատնանշել կամ ինչ-որ մի փաստով ցույց տալ, որ մենք կրել ենք հնարավոր որևէ ազդեցություն՝ մեր գործունեության մեջ սուր, կամային խիստ քննադատական դիրքորոշումը նախկին իշխանությունների հասցեին երբևէ կաշկանդելու համար։ Ես անձնապես որևէ կաշկանդվածություն չեմ զգացել»։

Հարկ է նշել, որ Սիրանուշ Սահակյանը Թերթ․am-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինստիտուցիոնալ տեսանկյունից ձևավորվում է քաղաքական կոնսենսուսի միջոցով, եթե կա քաղաքական կոնսենսուս, անձերն այս առումով որևէ նշանակություն չունեն, վերջնարդյունքում, թե ով կլինի նախագահ, մեծ նշանակություն չունի, քանի որ քաղաքական կոնսենսուսով ձևավորված անդամները ներկայացնում են քաղաքական ուժերին, և դոմինանտ ներկայություն ունեցող ուժի նպատակահարմարությամբ էլ կընդունվեն որոշումներ»։ Նա նաև նշել է, որ ԿԿՀ անդամների ընտրության հարցում դոմինանտ դերը տրվել է օրենսդրին, վերջինս հավաքական թեկնածու չի առաջադրել, այլ ԱԺ խմբակցություններն են առանձին թեկնածուներ առաջադրել․ «Մենք նորից վերահաստատում ենք, որ քաղաքական պայմանավորվածությունների և առևտրի միջոցով են առաջ բերվել թեկնածուներ»:

Այս կապը, ինչպեսև վերոնշյալ հարցազրույցը փաստում է, որ ԿԿՀ անդամներն առաջադրվել և ընտրվել են քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, դրանով իսկ հանձնաժողովին հաղորդելով խիստ քաղաքական երանգ։

Անձնական մոտիվներն ու Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի (հանրության շրջանում հայտնի որպես՝ Ջորջ Սորոսի հիմնադրամ) կապը՝ գործընթացի հետ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս պահպանում է քաղաքական չեզոքություն:

2018 թվականի հոկտեմբերին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում հրապարակվել է Հայաստանի վերաբերյալ չորրորդ փուլի զեկույցը, որի 3-րդ հանձնարարականում նշվում է․ «Ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման թափանցիկությունն ու օբյեկտիվությունը, որը զերծ կլինի ցանկացած միջամտությունից, ներառյալ՝ քաղաքական, և որ գործընթացը կդիտվի որպես օբյեկտիվ հասարակության լայն շերտերի կողմից»։

Վերոնշյալի լույսի ներքո, թերևս ողջամիտ կասկած է առաջանում հանձնաժողովի քաղաքական չեզոքության վերաբերյալ։ Ավելին, անուղղակիորեն հիշյալ կարգավորումը և մասնագիտական կառույցի հանձնարարականը հուշում են այն մասին, որ հանձնաժոողվի անդամները ևս պետք է լինեն չեզոք և այս գործընթացքում չունենան որևէ անձնական շահագրգռվածություն։

Նախորդիվ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 11-րդ հոդվածով, որն ուժը կորցրել է 2019թ-ի սեպտեմբերի 13-ին (ՀՕ-180-Ն), սահմանվում էր․

«1. Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

2. Խորհուրդը կազմված է Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամներից: Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից Խորհրդի անդամը նշանակվում է համախոհությամբ (կոնսենսուսով)»:

Իրավաբան.net-ի հետ զրույցում ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ նշված ժամանակահատվածում եղել է հասարակական կազմակերպության նախագահ ու դրա վերաբերյալ հրապարակային ներկայացվել է հայտարարություն։

«Եթե տեսնեք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)  հաջորդիվ զեկույցը, կտեսնեք, որ այնտեղ նաև մեր մասին կա, որ մենք, որպես կազմակերպություն, զուտ կազմակերպական ձևի առնչությամբ արտահայտել ենք որոշակի մտահոգություններ։ Այսինքն մրցութային հանձնաժողովի ձևավորման հետ կապված այնտեղ կար, ես այս պահին հստակ հիշում եմ, որ ժամկետներևի և իրազեկման մասով, թե որ ինստիտուտն ինչպես էր իրազեկել և մասնակցայնության ինչպիսի հնարավորություն էր ապահովել։ Մենք այն ժամանակ դրա վերաբերյալ մտահոգություններ ունեինք, որ գործընթացը մասնակցայնության տեսանկյունից ավելի սահմանափակ է եղել, Փաստաբանների պալատի առաջադրման և այլ մարմինների հետ կապված։ Խնդրեմ, ընթացակարգային մասը տարբերակենք իր բովանդակային գործառույթների մասին։ Եվ այստեղ կար առաջարկ, որպեսզի կրկնվի, որ հնարավոր լինի մասնակցության ավելի մեծ ձևաչափ ապահովել, բայց այն ժամանակ չստացվեց։ Այսինքն չստացվեց նորից ձևավորել հանձնաժողովը»,-նշեց Հայկուհի Հարությունյանը։

Նրա խոսքով՝ գործընթացային մասով, մրցութային խորհուրդի ձևավորման համար մասնակցային ու մասնագիտական ներկայացվածության նման առաջարկված ձևաչափն ընդունելի չի եղել։ «Օրինակ կար հասարակական կազմակերպությունների մասնակցության հնարավորություն և այդ մասնակցությունն ապահովվելու էր հանձինս Հանրային խորհրդի, որի հետ կապված մենք իսկապես ունեինք անհամաձայնություն, նույն Փաստաբանների պալատի կողմից կազմակերպված տարբերակի հետ կապված կար վերապահում, որովհետև ժամկետների և ծանուցման մասով շատ սահմանափակ էր և հնարավորություն չէր տրվել բոլորին մասնակցելու։ Այսինքն, նույնիսկ այդ կազմակերպական գործընթացի տեսանկյունից մեզ համար այն խնդրահարույց էր և հաջորդիվ քննարկումներն ուղղակի առհասարակ փոխեցին ձևավորման ընթացակարգը՝ մրցութային հանձնաժողով ձևավորելու կամ արդեն առաջադրման իրավասությունները, լիազորությունները այլ մարմինների և անձանց տրամադրելու մասով»,-ասաց Հայկուհի Հարությունյանը։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցում նշվում է․ 

«Մոնիթորինգային խումբը մտահոգված է խորհրդի կազմավորման շուրջ առկա վեճերի և մրցութային խորհրդի անդամների ընտրության գործընթացի մասին։ Մի խումբ ՀԿ-ներ իրենց մտահոգությունն են հայտնել մրցութային խորհրդի անդամների առաջադրման և ընտրության գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, որ ընտրված անդամները չեն ընկալվում, որպես թեկնածուների իրավասությունները գնահատելու համար հարմար անձինք։

Սակայն Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, բարձր է գնահատել ընտրության գործընթացը այն համարելով բաց և թափանցիկ»:

Թերևս հատկանշանական է, որ անձնական շահագրգռվածության մասով Հայկուհի Հարությունյանն աչքի է ընկել դեռևս 2018 թվականին, երբ հեղափոխությունից հետո էլեկտրոնային նամակի միջոցով փորձել էր համակարգել մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ մտահոգություն բարձրացնելով ԿԿՀ մրցութային խորհրդի կազմավորման ժամանակ Փաստաբանների պալատի կողմից ներկայացված անդամի՝ փաստաբան Մարիամ Զադոյանի ընտրության հարցը։

Էլ-նամակի տրամաբանական շարունակությունն էլ հրապարակային հայտարարությունն է եղել։

«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տարածված տեղեկության վերաբերյալ՝ համաձայն որի՝ «2018 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի մրցութային խորհրդի թեկնածու առաջադրելու մրցույթ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 29.05.2018թ. թիվ 224-Ա որոշմամբ փաստաբան Մարիամ Զադոյանը (արտոնագիր թիվ 1901) նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամ»,-նշվում էր հայտարարության մեջ:

Կարևոր է նաև այն փաստը, որ նշված հայտարարության տակ ստորագրող կազմակերպություններից ընդգծվածները, տարբեր ժամանակներում ֆինանասավորվել/ում են մեկ աղբյուրից՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կողմից (հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամ

Մեր այն հարցին, թե արդյո՞ք իր կողմից է եղել հայտարարությունը, որը հրապարակվել է, Հայկուհի Հարությունյանը բացասական պատասխան տվեց։ «Ոչ, բացեք կազմակերպության կայքը, այնտեղ նշված է, ինչն է խնդիրը։ Հայտարարությանը միացել են նաև այլ հասարակական կազմակերպություններ և OECD-ն որոշակիորեն այդ մասն օգտագործել էր»,-նշեց նա։

Հայտարարությանը հետևել է նաև Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունն առ այն, որ Կոալիցիան ողջունում է Փաստաբանների պալատի կողմից կազմակերպած բաց մրցույթը՝ թեկնածու ընտրելու նպատակով, չնայած այն հանգամանքին, որ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքը մրցույթի անցկացման պարտադիր պայման չի նախատեսում։ Իսկ  Սահմանադրական դատարանի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին և Հանրային խորհրդին կոչ արվեց՝ մրցութային խորհրդի իրենց թեկնածուներին ընտրել բաց և թափանցիկ ընթացակարգով՝ նկատի ունենալով հակակոռուպցիոն ոլորտում վերջիններիս ներգրավվածությունը և փորձառությունը։

Նշենք, որ փաստաբանների պալատը 2018 թվականի մայիսի 21-ին հայտարարել է մրցույթի անցկացման մասին: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 8 թեկնածուից հարցազրույցին ներկայացել են 6-ը:

Հարցազրույցն իրականացնող աշխատանքային խումբն, (Էմիլ Ամիրխանյան, Մանե Կարապետյան և Ծովինար Խաչատրյան) ամփոփելով հարցազրույցի արդյունքները, Մրցութային խորհրդի անդամի թեկնածուի հավակնորդ է ընտրել փաստաբան Մարիամ Զադոյանին և ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հաստատմանը:

Իրավաբան.net-ը ԿԿՀ մրցութային խորհրդի կազմավորման իրավաչափությանն արդեն իսկ անդրադարձել է։ 

Մրցութային խորհրդի վերադարձը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենք

Նոյեմբերի 21-ին կառավարության հերթական նիստի օրակարգի 49-րդ հարցում («Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին) ներառված էր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մրցութային խորհրդի հետվերադարձի մասին կարգավորումները։ Գործադիրը փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունել է։

Նախագծում նշվում է, որ ԿԿՀ մասին օրենքի 9-րդ հոդվածը՝ Հանձնաժողովի կազմավորման կարգը, պետք է նոր խմբագրությամբ շարադրվի, ըստ որի․

«Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամներից: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը դիմում է Կառավարությանը, Ազգային ժողովին, Բարձրագույն դատական խորհրդին, Մարդու իրավունքների պաշտպանին և Փաստաբանների պալատին՝ յուրաքանչյուրի կողմից տասնօրյա ժամկետում մեկական թեկնածու առաջադրելու համար»։ Այսինքն, հետ է բերվում մրցութային խորհուրդը։

Ինչ վերաբերում է այս փոփոխությունների փաթեթին, Հայկուհի Հարությունյանը նշեց․ «Ոչ միայն մրցութային կարգի մասով, այլ նաև մի քանի հարցեր էլ կան, որ այս պահին մեր գործունեությանն անմիջականորեն առնչվում են, բայց քանի որ հանձնաժողովը, հանձինս մեզ, ձևավորվել է ավելի ուշ, քան այդ նախագծերը կազմվել, շրջանառվել և քննարկվել են, մենք որևէ ձևով մեր ասելիքը ներկայացնելու հնարավորություն չենք ունեցել։ Հիմա մենք կոնկրետ աշխատում են մի քանի, այդ թվում նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների առաջարկի և դրանից բխող այլ տեսակի որոշումների վերաբերյալ մեր դիրքորոշումը պաշտոնական ներկայացնելու վրա և շուտով նաև այդ ամենը կներկայացվի»։

Հարց է առաջանում, ինչու՞ կամ ու՞մ համար հանվեց մրցութային խորհուրդը, ընտրվեց ԿԿՀ առաջին կազմը, ինչից հետո էլի մրցութային խորհրդի առկայության անհրաժեշտությունն առաջացավ։

Հ․Գ․ ներկայումս Իրավաբան.net-ը մեկ այլ հետաքննություն է անցկացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի մասին, ինչից պարզ կդառնա, թե ո՞վ է այն տապալել։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել