Նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով, մյուսները` «էկոնոմ»-4

Նախարարությունների կողմից գործուղումների համար մեկ անձից արված ավիատոմսերի գնումները ուսումնասիրելով պարզեցինք, որ ֆինանսների նախարարությունը 2014 թվականին ամենամեծ գումարներն է ծախսել այս ուղղությամբ` շուրջ 60 հազար դոլար. գնումների մի մասը ֆինանսների նախարարության հաշվեկշռին են գրանցված, մյուս մասը` պետական եկամուտների կոմիտեի:

Այսպիսով, ֆինանսների նախարարությունը 2014-ի ընթացքում գնել է մոտ 20 միլիոն 280 հազար դրամի (մոտ 42 հազար դոլար) ինքնաթիռի և գնացքի տոմս: Ուղևորություններից երկուսի դեպքում նախարարի համար գնվել է բիզնես կարգի տոմս:

2014-ի մարտի 26-28-ը ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը և նախկին փոխնախարար Ա. Հայրապետյանը, նախկին վարչապետ  Տիգրան Սարգսյանի որոշմամբ, գործուղվել են Բրյուսել` ԵՄ նոր մակրոֆինանսական աջակցությանն առնչվող հիմնահարցների քննարկման համար: Երևան-Վիեննա-Բրյուսել-Վիեննա-Երևան ուղղությամբ «Արմենիա Թրավել +Մ» ընկերությունից գնվել է մեկ «բիզնես» կարգի և մեկ «էկոնոմ» կարգի տոմս` 1 միլիոն 991 հազար դրամով:New Picture (32)

ՀՀ վարչապետի 2014-ի սեպտեմբերի 11-ի 867-Ա որոշումից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 16-19-ը Գերմանիայի Բոն քաղաք է գործուղվել 12 հոգանոց պատվիրակություն` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Բացի նախարարից, պատվիրակության ևս 6 անդամ ֆինանսների նախարարության աշխատակից է եղել: Երևան-Մոսկվա-Դյուսելդորֆ-Մոսկվա-Երևան ուղղությամբ 1 «բիզնես» կարգի տոմս է գնվել` Գագիկ Խաչատրյանի համար, և 6 «էկոնոմ» կարգի տոմս` ֆինանսների նախարարության վեց աշխատակիցների համար:

Տոմսերը գնվել են «Առթա» ՍՊԸ-ից: Վեց «էկոնոմ» կարգի տոմսերի համար վճարվել է 1 միլիոն 738 հազար դրամ, յուրաքանչյուրի համար`290 հազար դրամ,  իսկ մեկ «բիզնես» կարգի տոմսի համար` 1 միլիոն 475 հազար դրամ: Տվյալ դեպքում «բիզնես» կարգի տոմսը մոտ 5 անգամ ավելի թանկ է եղել «էկոնոմ» կարգի տոմսից:New Picture (30)

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից մեկ անձից արված գնումների մեջ տեսնում ենք, որ 2014 թվականին արտասահմանյան գործուղումների համար գնվել է մոտ 8.9 միլիոն դրամի (մոտ 18500 դոլար) ավիատոմս: Որպես առուվաճառքի պայմանագրի կողմ հանդես է եկել հենց ֆինանսների նախարարությունը, քանի որ նախորդ տարվա ապրիլից ՊԵԿ-ը ներառված է ֆինանսների նախարարության կազմում, հետևաբար, ընդհանուր հաշվով` 2014-ի ընթացքում այս նախարարությունը գնել է 29 միլիոն 175 հազար 560 դրամի  (մոտ 60 հազար դոլար) տրանսպորտային տոմսեր:

Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 9-ին ֆինանսների նախարարության և «Առթա» ընկերության միջև կնքվել է 1 միլիոն 192 հազար դրամի Երևան-Մոսկվա-Բրյուսել-Մոսկվա-Երևան ուղղությամբ 1 «բիզնես» և 2 «էկոնոմ» կարգի տոմսերի ձեռքբերման պայմանագիր:

Վարչապետի 2014-ի հուլիսի 2-ին ընդունված 609-Ա որոշումից տեղեկանում ենք, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և փոխնախարար Արթուր Աֆրիկյանը հունիսի 25-29-ը եղել են Բրյուսելում`  Համաշխարհային մաքսային կազմակերպության Մաքսային համագործակցության խորհրդի 123-րդ և 124-րդ նիստերին մասնակցելու նպատակով:

Ամենայն հավանականությամբ, Բրյուսել Գագիկ Խաչատրյանը մեկնել է «բիզնես» կարգով, վերադարձել «էկոնոմ» կարգով: Տվյալ դեպքում երևում է, որ մեկ «բիզնես» կարգի տոմսը արժեցել է 650 հազար դրամ, «էկոնոմը»` 271 հազար դրամ, այսինքն` ավելի քան կրկնակի անգամ շատ:New Picture (17)

Այս գործարքի դեպքում հետաքրքիր է նաև այն, որ տոմսերի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է գործուղման ավարտից հետո. ուղևորությունը եղել է հունիսի 25-29-ը, իսկ տոմսերի ձեռքբերման պայմանգիրը կնքվել է հուլիսի 9-ին: Ավելին` գործուղման վերաբերյալ վարչապետի որոշումը նույնպես գործուղումից հետո է ընդունվել` հուլիսի 2-ին:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ 2014-ի դեկտմբերի 3-5-ը հայաստանյան պատվիրակություն է մեկնել Սոչի` մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 60-րդ նիստի և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 13-րդ նիստի աշխատանքներին:

«Բլեքսթոուն» ընկերության հետ դեկտեմբերի 12-ին պայմանագիր է կնքվել 1միլիոն 234 հազար դրամի ավիատոմսերի ձեռքբերման համար: Համաձայն պայմանագրի`գնվել է «բիզնես» կարգի մեկական տոմսեր` Երևան-Մոսկվա, Մոսկվա-Սոչի, Սոչի-Երևան, նույն ուղղություններով 3 «էկոնոմ» տոմս, և երկու «էկոնոմ» տոմս` Երևան-Սոչի, Սոչի-Երևան ուղղություններով:

Այս գործարքի դեպքում էլ հիմնական ծախսը արվել է «բիզնես» կարգի տոմսերի ձեռքբերման համար` 527 500 դրամ, նույն ուղղություններով մեկ հոգու համար գնված «էկոնոմ» կարգի տոմսերը արժեցել են 160 840 դրամ, այսինքն` մոտ եռակի անգամ թանկ:New Picture (16)

Նկատենք, որ այս դեպքում ևս պայմանագիրը կնքվել է գործուղման ավարտից հետո: Նման կերպ մեկ այլ  պայմանագիր է կնքվել ֆինանսների նախարարության և «ՎինդՌոուզ Թրավել Պրո» ընկերության միջև` Թբիլիսի-Թել Ավիվ, Թել Ավիվ-Թբիլիսի ուղղություններով մեկ անձի համար «բիզնես» և մեկ անձի համար «էկոնոմ» կարգի տոմսեր ձեռք բերելու վերաբերյալ: Տոմսերի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 12-ին, սակայն չվերթները եղել են նոյեմբերի 23-ին և 27-ին: Գործարքի արժեքը կազմել է 912 հազար դրամ, որից 700 հազար դրամը վճարվել է «բիզնես» կարգի տոմսի համար, այսինքն` եռակի անգամ շատ, քան սովորական տոմսի դեպքում:New Picture (15)

Իրավաբան.net-ի այն հարցմանը, թե ո՞վ և ի՞նչ նպատակով է մեկնել Իսրայել, ֆինանսների նախարարությունից պատասխանել էին. «ՀՀ  կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև մաքսային գործերում փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը ստորագրելու նպատակով՝ ՀՀ Վարչապետի 21.11.2014 թվականի թիվ 1165-Ա Որոշման համաձայն, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Աֆրիկյանը 2014 թվականի նոյեմբերի 24-27-ն ընկած ժամանակահատվածում գործուղվել են Երուսաղեմ (Իսրայելի Պետություն)»:

Շարունակելի

Աստղիկ Կարապետյան

Տես նաև` Նախարարի «բիզնես» կարգի տոմսը կրկնակի թանկ է գնվել. նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով, մյուսները` «էկոնոմ» -3

Նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով, մյուսները` «էկոնոմ» -2

Նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով, մյուսները` «էկոնոմ»

Իրավաբան.net

 

Լուրեր

Իրադարձություններ