Նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով, մյուսները` «էկոնոմ» -2

Պետական բյուջեից արտասահմանյան գործուղումների համար գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները նախորդ տարվա ընթացքում մեկ անձից գնել են համապատասխանբար` 4 միլիոն դրամի (մոտ 8370 դոլար) և 4.3 միլիոն դրամի ավիատոմս (մոտ 8900 դոլար): Հիշեցնենք, որ նախորդ հրապարկման մեջ անդրադարձել էինք արդարադատության ու կրթության և գիտության նախարարությունների մեկ անձից արված ավիատոմսների գնումներին:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հունիսի 4-7-ը գտնվել է Ժնևում: ՀՀ վարչապետի 2014-ի հունիսի 6-ի 519-Ա որոշման համաձայն, Արամայիս Գրիգորյանն ու էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը գործուղվել են Շվեյցարիա` ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջազվայրի վրա ազդեցության գնահատման մասին» էսպո կոնվենցիայի կողմերի 6-րդ հանդիպմանը մասնակցելու համար:

Նախարարի գործուղման համար  Երևան-Ժնև, Ժնև-Երևան ուղղություններով «բիզնես» կարգի ավիատոմսեր են ձեռքբերվել «Արմենիա Թրավել +Մ» ընկերությունից` 745 հազար դրամով:New Picture (7)

Սեպտեմբերի 22-27-ը Արամայիս Գրիգորյանը եղել է Նյու Յորքում` մասնակցել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին նվիրված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի կողմից կազմակերպված գագաթաժողովին, «Կլիմայական շաբաթ» խորագրով նախարարական հանդիպմանը:

Ավիատոմսերի ձեռքբերման պայմանագիր կնքվել է «Արմենիա Թրավել+Մ» ընկերության հետ. Երևան-Նյու Յորք, Նյու Յորք-Երևան ուղղություններով «բիզնես» կարգի տոմսերի համար վճարվել է 1 միլիոն 850 հազար դրամ:New Picture (6)

Հոկտեմբերի 6-8-ը նախարարը մեկնել է Մինսկ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների Միջպետական բնապահպանական խորհրդի առաջին նիստին: Գործուղման ավիատոմսերի ձեռբերման համար նորից պայմանագիրը կնքվել է «Արմենիա Թրավել +Մ» ընկերության հետ: Երևան-Մինսկ-Երևան ուղղություններով գնված «բիզնես» կարգի տոմսերի արժեքը եղել է 640 հազար դրամ: Այս դեպքում առուվաճառքի պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 8-ին, այսինքն` գործուղման ավարտի օրը:New Picture (5)

Նույն այս ժամանակահատվածում` հոկտեմբերի 23-25-ը գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը պատվիրակության կազմում նույնպես մեկնել է Մինսկ, և Երևան-Մինսկ-Երևան ուղղությունների համար «էկոնոմ» կարգի տոմսերի արժեքը կազմել է 221 հազար դրամ: Այսինքն` համեմատությամբ տեսնում ենք, որ նույն ուղղություններով «բիզնես» կարգով ուղևորությունը մոտ 3 անգամ ավելի թանկ է եղել:

Գյուղատնտեսության նախարարությունը մեկ անձից արված ավիատոմսերի գնումների վերաբերյալ ներկայացրել է միայն հաշիվ-ապրանքագրերը, որոնցում նշված չէ, թե գործուղումների համար ինչ կարգի տոմսեր են գնվել:

2014-ի ապրիլի 22-25-ը նախարար (այդ ժամանակ պաշտոնակատար) Սերգո Կարապետյանը և արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանը մեկնել են Ֆրանսիա: Վարչապետի ապրիլի 29-ի 362-Ա որոշմամբ, վերջիններիս գործուղման նպատակը եղել է գյուղատնտեսության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելը:

Գործուղման համար ավիատոմսեր են գնվել «Արմենիա Թրավել +Մ» ընկերությունից` Երևան-Փարիզ-Հռոմ-Երևան ուղղություններով: Ընդհանուր արժեքը կազմել է 962.424 դրամ: Թեև հստակ նշում չկա, սակայն ինտերնետային տոմսավաճառ  կայքերում տեսնում ենք, որ այս ուղղություննրով «էկոնոմ» կարգով երկու հոգու ուղևորությունը առնվազն կես գին կարող է կազմել:New Picture (9)

Նոյեմբերի 19-21-ը նախարար Սերգո Կարապետյանը և փոխնախարար Արմեն Հարությունանը գործուղվել են Հռոմ` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպվող Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի նոյեմբերի 17-ի 1114-Ա որոշումից:

Երևան-Մոսկվա-Հռոմ, Հռոմ-Մոսկվա-Երևան ուղղություններով «Իմպերա Թրավել» ընկերությունից գնվել է երկու տոմս, որոնց համար վճարվել է 490 հազար դրամ: Այս դեպքում կարելի է ենթադրել, որ երկու տոմսերն էլ եղել են «էկոնոմ» կարգի:New Picture (8)

Հ.Գ. Հաջորդաբար կներկայացնենք նախարարությունների կողմից արտասահմանյան գործուղումների տոմսերի գնումները:

Շարունակելի

Աստղիկ Կարապետյան

Տես նաև` Նախարարները ճամփորդում են «բիզնես» կարգով, մյուսները` «էկոնոմ» 

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ