Երևանի պատմության անբաժանելի մասը կազմող կրթական հաստատություններից մեկը՝ հայտնի «Վերոնիկայի մանկապարտեզը», այս կրթական տարի էլ չի դիմավորել երկար սպասված իր սաներին․ արդեն 6-րդ տարին է, ինչ 500 երեխայի համար նախատեսված ընդարձակ այս տարածքը կարոտ է մանկական զրնգուն ծիծաղի ու ուրախ ճիչերի։
Խորհրդային տարիներին Երևանում գործել է 260 մանկապարտեզ։ Պետական գույքի մասնավորեցման գործընթացը չշրջանցեց նախադպրոցական հաստատությունները, և այսօր դրանց թիվը չի անցնում 160-ը։ Երևանաբնակ երեխաների մեկ երրորդը չի կարողանում օգտվել մանկապարտեզ հաճախելու իր իրավունքից․ գրանցման հերթեր են կուտակվում, որի հետևանքով մեծանում են կոռուպցիոն ռիսկերը։ Թեև պետությունը որոշ քայլեր է ձեռնարկել՝ ուղղված դրանց չեզոքացմանը, բայց դրանք բավարար չեն խնդիրը ամբողջապես լուծելու համար։
«Վերոնիկայի մանկապարտեզի» ճակատագրին են արժանացել առնվազն 47 մանկապարտեզային շինություններ (Այս թիվը նշված է Երևան քաղաքի զարգացման 2010թ․ ծրագրում, էջ 57), որոնց տարածքը ամբողջապես կամ մասնակի հանձնվել է երկարաժամկետ վարձակալության, սակայն «Սեբաստիայի» պատմությունն առանձնանում է դրանց շարքում, քանի որ այն փակվել է ծաղկուն շրջանում։
Շուրջ 500 սաների համար նախատեսված, սերունդներ կրթած, հարուստ ավանդույթներով ու ուրույն ծրագրերով այս կրթահամալիրը անցած դարի սկզբից՝ գրեթե յոթ տասնամյակ, եղել է կրթության ոլորտի զարգացման փարոս ու կրթական նորարարության դարբնոց, որի բոցավառված կրակի ջերմությունը տարածվում էր ողջ հանրապետությունում և նույնիսկ դրա սահմաններից դուրս։ Այնքան մեծ էր արևմտյան Հայաստանից ներգաղթած սեբաստահայերի միջոցներով կառուցված «Սեբաստիա» մանկապարտեզի համբավը, այնքան յուրօրինակ էր այն, որ խորհրդային տարիներին երկրի ղեկավարությունն այստեղ էր բերում արտասահմանյան բարձրաստիճան հյուրերի, իսկ սեբաստացի սփյուռքահայերը հատուկ հոգածությամբ էին վերաբերվում դրան և կապ պահպանում ղեկավարի՝ Վերոնիկա Գևորգյանի հետ։
Ինչպես փակվեց Վերոնիկայի մանկապարտեզը
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի (ՎՇ) ավագանու 2008թ․ հոկտեմբերի 29-ի հ․229-Ա որոշմամբ Երևանի Աջափնյակ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բաժանման կետում տեղակայված «Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» համայնքային ոչ-առևտրային կազմակերպությունը լուծարվել է, իսկ Լենինգրադյան 33 հասցեում տեղակայված շինություններն ու հողատարածքը հանձնվել «Ալեքսանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին՝ 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով։
Շինությունների հատկացման խնդրանքով դիմողը «Ալեքսանյանների ընտանիք» հիմնադրամի նախագահ, նույն ինքը պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր։ Թաղապետ Դ․ Օհանյանին ուղղված իր նամակում վերջինս խնդրել էր մանկապարտեզը հանձնել հիմնադրամի հոգածությանը՝ պարտավորվելով ապահովել երեխաների զարգացման համար պատշաճ պայմաններ։ Ս․Ալեքսանյանը նշել էր, որ 2 ամիս շարունակ հիմնադրամը հովանավորել է համայնքի «Վ․ Գևորգյանի անվան «Սեբաստիա» կրթահամալիրը»՝ «հոգալով բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ անվճար սննդի, կահավորման, վերանորոգման, աշխատակիցների աշխատավարձի բարձրացման, և այլն»։
«Հարգելի Թաղապետ, «Ալեքսանյանների ընտանիք» ԲՀԿ-ն հետամուտ է էլ ավելի ընդլայնելու սոցիալական ներդրումները՝ նպատակ ունենալով թեթևացնելու սոցիալապես անապահով ընտանիքների հոգսը, – գրված է նամակում, – նրանց ազատելով մանկապարտեզ հաճախող երեխաների համար տրվող վարձավճարներից»։
Այս նամակով Սամվել Ալեքսանյանը պարտավորվում էր նաև «կրթահամալիրը դարձնել բարեկարգ, ժամանակից չափանիշներին համապատասխան, իրոք հրաշալի մի պարտեզ, որտեղ կստեղծվեն հնարավոր բոլոր պայմանները ժամանակից կրթության և դաստիարակության համար»։
Եվ ինչպես ասվում էր նամակում՝ «որպեսզի մեր աշխատանքները ժամանակավոր բնույթ չկրեն», պարոն Ալեքսանյանը խնդրում է կրթահամալիրը երկարաժամկետ անհատույց օգտագործման հանձնել Ալեքսանյանների հիմնադրամին։
Ստացվում է, որ հաստատությանն օժանդակելու վերջինիս բարի կամքը կախված է այս սոսկ երկարաժամկետ անվարձահատույց օգտագործման հանձնելու պայմանից։
Այս նամակը բավարար է եղել հարցը ավագանու մակարդակում քննարկելու համար․ թաղապետարանը Ալեքսանյաններից չի պահանջել կրթական հաստությունը ղեկավարելու փորձառու մասնագետների, կրթական նորարար ծրագրերի առկայության որևէ այլ երաշխիքներ։ Փոխարենը համայնքի ավագանու որոշման հիմքում է դրվել Սամվել Ալեքսանյանի կողմից երեխաներին անվճար սնունդ բաժանելու, շենքի բարեկարգմանն ուղղված ինչ-որ աշխատանքներ կատարած լինելու, հաստատությանն ընդամենը 2 ամսվա ընթացքում անհասկանալի օգնություն ցուցաբերած լինելու վերաբերյալ Սամվել Ալեքսանյանի կողմից ներկայացված նամակը և գրավոր խոստումը՝ կրթահամալիրը դարձնելու «իրոք հրաշալի մի պարտեզ»։
«Երբ Ալեքսանյանները վերցնում էին մանկապարտեզը, ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ էր տեղի ունենալու հետո, որ փորձեինք ընդդիմանալ, – պատմում է այն ժամանակ մանկապարտեզի տնօրեն Գոհար Մարտիրոսյանը՝ Վերոնիկա Գևորգյանի դուստրը, – մտածում էինք՝ դե ինքն իր հետաքրքրությունն ունի, և ո՞վ կարող էր նրանց դեմ դուրս գալ․ ուժն ու իշխանությունը նրանցն էր։ Մեզ մնում էր համակերպվել ու շարունակել մեր գործը․ մյուս կողմից այդ պահին ջեռուցման համակարգը կառուցելու համար ֆինանսական ներդրումների լուրջ կարիք կար։ Մտածեցինք՝ եթե մարդը ուզում է հոգ տանել, թող տանի ինչ պայմաններում, որ ինքն է պատկերացնում»։
Բայց շուտով պարզ է դառնում, որ նոր «խաղի կանոնները» կրթահամալիրն աստիճանաբար հասցնում են փակման եզրին։
Վերջի սկիզբն ու վերջին ծանր հարվածը՝ Իրանի երկրաշարժ
«Սեբաստիայի» տնօրեն Գոհար Մարտիրոսյանը պատմում է, որ թաղապետարանի հետ 50 տարով անվարձահատույց օգտագործման վերաբերյալ պայմանագրի կնքումից անմիջապես հետո Ալեքսանյանները ներկայացնում են հաստատության նոր տնօրենին՝ Ալվարդ Թորոսյանին, նշելով, որ մանկապարտեզը պետք է այսուհետ ղեկավարի իրենց վստահված մարդը, իսկ նախկին տնօրենն ու նրա մայրը՝ մանկապարտեզի հիմնադիր Վերոնիկա Գևորգյանը, կարող են շարունակել մնալ որպես մանկավարժներ։ Գոհար Մարտիրոսյանի խոսքով, նոր տնօրինությունը հայտարարում է, որ կրթահամալիրն այսուհետ գործելու է որպես մանկապարտեզ և սպասարկելու է միայն Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներին։ Ավագանու որոշմամբ՝ «Սեբաստիան» լուծարվում է, դրա փոխարեն Ալեքսանյանները հիմնադրում են նոր մանկապարտեզ՝ նոր անվամբ՝ «Լուս-Աստղ»։
«Ալեքսանյանի դուստրերը՝ Լուսինեն ու Աստղիկը, մեր մանկապարտեզի սաներն են եղել, – հիշում է դաստիարակ Թամարա Գրիգորյանը, – ոչ մի կասկած չկար, որ մանկապարտեզի նոր անունը կապված էր աղջիկների անունների հետ, ովքեր մի ժամանակ այս մանկապարտեզի սանն էին»։
Գոհար Մարտիրոսյանի խոսքով, կարճ ժամանակ անց՝ 2009թ․ մայիսին, հենց այն ժամանակ, երբ հաստատվեց մանկապարտեզի՝ Ալեքսանյաններին փոխանցումը, Վերոնիկա Գևորգյանը ծանր հիվանդացավ։ «Սրտանոթային համակարգի խնդիրներ ուներ, – հիշում է տիկին Գոհարը, – բայց չէր հանձնվում, նա շարունակում էր ակտիվ աշխատել, կապը պահում էր ծնողների ու երեխաների հետ։ Նույնիսկ էքսկուրսիաներ էր կազմակերպում առանց որևէ վարձատրության, 86 տարեկանում հանրօգուտ աշխատանք էր կատարում։ Ուժն ու եռանդն անսպառ էին»։
2010թ․ փետրվարի 4-ին Վերոնիկա Գևորգյանը կնքում է իր մահկանացուն։ «Երեխաների հետ պայմանավորվել էր, էքսկուսիա պիտի տաներ, – հիշում է տիկին Գոհարը, – զանգում էին ու լսում ծանր լուրը»։
Նա չի տեսնում մանկապարտեզի փակվելը, թեև, Գոհարի խոսքերով, այդ ժամանակ արդեն պարզ էր, որ մանկապարտեզի վերաբերյալ Ալեքսանյանները դեռևս անհայտ, բայց այլ նպատակներ ունեին. «Այս ամենը շատ խելացի էր արվում, – ասում է նա, – մանկավարժներին լավ էր նայում, հավելավճարների միջոցով մարդկանց շահագրգռում էր համակերպվել և լռել»։
Վերոնիկայի ու Գոհարի հեռանալուց հետո կրթահամալիրը սկսում է աստիճանաբար մարել։ Կրթահամալիրի անգլերեն լեզվի նախկին ուսուցչուհի Թամարա Գրիգորյանը նշում է, որ արդեն նոր ուսումնական տարում նոր տնօրենը քոլեջի փորձառու կադրերին բոլորին հեռացրեց՝ պատճառաբանելով, թե թաղապետարանն այլևս չի ֆինանսավորում այն։
«Ուսուցիչներն իսկական նվիրյալներ էին, – հիշում է նա, – շատերը ցանկություն հայտնեցին նույնիսկ չնչին գումարի դիմաց շարունակել աշխատել քոլեջում, բայց ղեկավարությունը չփոխեց իր որոշումը։
«Լուս-Աստղի» փոխտնօրեն Աշխեն Հայրապետյանը նշում է, որ 2009թ․ սեպտեմբերի մեկից Աջափնյակի բնակիչների երեխաներին այլևս չեն ընդունում մանկապարտեզ՝ պատճառաբանելով, որ մանկապարտեզը սպասարկում է միայն Մալաթիա-Սեբաստիայի երեխաներին։ Այն, որ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը գնալով պակասում էր, հաստատեց նաև դաստիարակ Աննա Գրիգորյանը։
2012թ․ սեպտեմբերի 6-ին մանկապարտեզին հասցվեց վերջին ծանր հարվածը․ տնօրինությունը հանդիպման ժամանակ աշխատակիցներին հայտնում է, որ «Իրանում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով շենքերից մեկում սեյսմիկ անվտանգության խնդիր է ծագել, և, երեխաների ու աշխատակիցների անվտանգությամբ պայմանավորված», այդ մասնաշենքը պետք է փակվի։
«Լուս-Աստղ» մանկապարտեզի կոլեկտիվի ընդհանուր ժողովի թիվ 1 արձանագրության մեջ կարդում ենք․
«Տիկին Թովմասյանը տեղեկացրեց կոլեկտիվին, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումների հետևանքով մասնաշենքի վթարային վիճակն էլ ավելի է վատթարացել։ Ուստի մանկապարտեզի տնօրինությունը դիմել է համապատասխան մարմինների՝ Սեյսմիկ Կայանին և Հիգիենիկ համաճարակային կայանին, որպեսզի տան մասնագիտական եզրակացություն»։
Եվ ըստ արձանագրության՝ տրվել է հետևյալ եզրակացությունը․
«Մասնաշենքը վթարային է և վտանգավոր հետագա գործունեության համար»։
«Ելնելով առկա իրավիճակից մանկապարտեզի տնօրինությունը որոշում է կայացրել դադարեցնել վթարային մասնաշենքի գործունեությունը, հետևաբար՝ ելնելով այս հանգամանքից տեղի է ունենալու հաստիքների կրճատում»։
Առանձնացրել ենք մանկապարտեզին առնչվող փաստաթղթերում առկա բազմաթիվ խախտումներ ու կեղծիքներ, որոնց նկատմամբ պետությունը տարիներ շարունակ աչք է փակել։
Գոյություն չունեցող եզրակացություն
Նախ, սկսենք վերոհիշյալ արձանագրությունից։ Տարօրինակ, կարելի է ասել երբեք գոյություն չունեցած հաստատությունների անվանումներից փորձեցինք կռահել, թե որտեղ է դիմել «Լուս-Աստղի» տնօրինությունը։ Արձանագրության մեջ ստացված պատասխանի վերաբերյալ որևիցե հուշում չկար, օրինակ, գրության համարը կամ ամսաթիվը, այն, բնականաբար, կցված չէր նաև վարչական շրջանում պահվող արխիվային փաստաթղթերի թղթապանակում։
Նախ հարցումն ուղղեցինք «Սեյսմիկ Կայանին», որի ճշգրիտ անվանումն է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»։ Հարցմամբ փորձում էինք պարզել, թե արդյոք Լենինգրադյան 33 հասցեում տեղակայված շինությունների վթարային լինելու վերաբերյալ ահազանգ ստացվել է, թե ոչ․ եթե այո, ապա ե՞րբ և ո՞ւմ կողմից է այն ներկայացվել և ինչ եզրակացություն է տրվել։ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից ստացանք հետևյալ պատասխանը․
«Կապված Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող շինությունների վթարայնության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հետ, հայտնում եմ՝
1․ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայության վարչությունը մեր հարցին, թե արդյոք Լենինգրադյան վերջին տարիներին տվյալ հասցեում գտնվող շենքերի վթարային լինելու վերաբերյալ որևէ ահազանգ կամ բողոք չի ստացել։
2․ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչությունը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող շինությունների վերաբերյալ որևէ երզրակացություն չի տրամադրել։
Քանի որ մանկապարտեզի տնօրինության կողմից աշխատանքների դադարեցման հիմնական պատճառը նշվում էր սեյսմիկ անվտանգության խնդիրը, այս պատասխանը ստանալուց հետո անհրաժեշտ չհամարեցինք դիմել արձանագրության մեջ նշված «Հիգիենիկ համաճարակային կայան», մանավանդ որ այսպիսի անվամբ կառույց գոյություն չունի։
Այսպիսով, հղում արված փաստաթղթերից կարևորագույնը, որն իրականում պետք է լիներ որոշման հիմքում, պարզապես գոյություն չուներ, և մանկապարտեզը փակվել էր կամայականորեն։
Վարչական շրջանի աշխատակազմի կասկածելի գործելակերպ
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը և Իրավաբան.net-ը թաղապետարանին 2-րդ նամակն էին ուղարկել, որով, ի թիվս այլոց, խնդրում էին պարզաբանել, թե արդյոք թաղապետարանը փորձել է հետաքրքրվել մանկապարտեզի փակման պատճառների մասին, արդյոք փորձել են հիմնադրամից ստանալ երաշխիքներ դրա վերագործարկման ժամկետի մասին, թե՝ ոչ։ Երբևէ որևէ մեկը փորձե՞լ է բանակցել Սամվել Ալեքսանյանի հետ ու նշել, որ նրան կարևոր առաքելություն են վստահել, և որ կա վարչական շրջանում երեխաներին նախադպրոցական կրթությամբ ապահովելու խնդիր, և որ ինքը սեփական կամքով է հանձն առել այս առաքելությունը կատարելու, և որ իրավիճակն անհապաղ լուծման կարիք ունի։ Եվ վերջապես որևէ մեկն ասե՞լ է պարոն Ալեքսանյանին, որ պայմանագրի պարտավորությունները և սեփական խոստումը չի կատարում, ուրեմն պայմանագիրը պետք է խզվի։ Եթե այո, ապա ի՞նչ պատասխան է ստացվել։
Վարչական շրջանի կրթության բաժնի երկարամյա փորձառությամբ աշխատակիցները մեր զրույցի ընթացքում չկարողացան մտաբերել այդպիսի բան։ Խնդրել էինք ցույց տալ մանկապարտեզի գործեունեության հետ կապված արխիվացված փաստաթղթերը, որտեղ արձանագրված կլիներ անհատույց օգտագործման հանձնելու պատմությունը։ Ցանկանում էինք նաև տեսնել ավագանու այն հանդիպման արձանագրությունը, որի ժամանակ կայացվել էր մանկապարտեզի վերաբերյալ որոշումը, արդեն ուղարկված փաստաթղթերի բնօրինակները, որոշման հիմքում դրված մանկապարտեզի զարգացման պլանը և ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող էր վկայել այս հաստատության հետ կապված բարի նպատակների մասին։
Միակ լրացուցիչ փաստաթուղթը, որ պատասխան նամակով ստացանք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից, Սամվել Ալեքսանյանի դիմումն էր՝ առանց ամսաթվի, որով պարտավորվում էր երեխաների համար «իրոք հրաշալի մի պարտեզ» ստեղծել։
Մեր դիմումը՝ տրամադրել հանդիպման արձանագրությունը, որոշման մեջ նշված լուծարման հանձնաժողովի կազմի վերաբերյալ ընդունված որոշումը, դրա գործողությունների ու հանդիպումների վերաբերյալ արձանագրությունները, որոշումը, դրա արձանագրված լինելու փաստը, չէր բավարարվել։ Վարչական շրջանից պատասխանել էին, որ, կից ուղարկվող փաստաթղթերից բացի, գործերի թղթապանակում որևէ այլ փաստաթուղթ չկար (փաթեթը ներառում էր Ալեքսանյանի դիմումը՝ 1 էջից բաղկացած, Ավագանու որոշման նախագիծն ու որոշումը՝ 2 էջից, պայմանագիրը՝ 3 էջից)։
Պետք է ասել, որ նույնիսկ սրանք սկանավորված չէին բնօրինակից։ Հեռախոսով հետաքրքրվեցինք՝ դուք ունե՞ք այս փաստաթղթերի բնօրինակները։ Պարզվեց, որ փաստաթղթերն այնպես են կարված գրքում, որ հնարավոր չէ դրանք սկանավորել, ստիպված պետք է պատճենը ստանալ, հետո նոր սկանավորել։ Բայց այցելության ժամանակ էլ հրաժարվեցին այն ցույց տալ։ Կրթության բաժնի աշխատակցուհին սկզբում ասաց, որ հնարավոր է և խնդրեց դիմել արխիվի համար պատասխանատուին։ Վերջինս ասաց, որ պետք է հարցնի ղեկավարին, հետո տրտնջաց, թե թղթապանակերն արդեն տեղավորել է։ Մեր պնդմանը, որ հարցնի և պատրաստի թղթերը, արխիվի աշխատակցուհին նշեց, որ արձակուրդում է, ստիպված է եկել աշխատանքի: Այդպես էլ հնարավորություն չեղավ բնօրինակները տեսնելու։
Այնպիսի զգացողություն կար, որ արխիվային փաստաթղթերի թղթապանակը փորձ էր արվում պահել այլ աչքից․ դրանք տարիներ շարունակ ցանկացել է տեսնել ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը, սակայն դ այդպես էլ չի տեսել։ Եվ միայն բոլորովին վերջերս՝ հնարավոր եղավ ստանալ Ալեքսանյանների և Մալաթիա-Սեբաստիայի ավագանու միջև կնքված պայմանագրի պատճենը։
Ավագանու տարօրինակ որոշում
Նախ, Լենինգրադյան 33 հասցեում տեղակայված շինությունների «Ալեքսանյանների ընտանիք» հիմնադրամին անհատույց փոխանցելու վերաբերյալ Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանու թիվ 229-Ա որոշման ստորագրությունները դրված են ոչ թե որոշման ներքո, այլ «Որոշման նախագիծ» կոչված փաստաթղթի ներքո, որը ևս կարված է արխիվային թղթապանակում․
Արդյո՞ք նախագիծ անվանված փաստաթուղթը կարող է համարվել վավեր, եթե այն ստորագրված է ավագանու անդամների կողմից։
Ինչպես նշեցինք արդեն «Ալեքսանյանների ընտանիք» հիմնադրամի կողմից մանկապարտեզի նախագծի հաջող իրականացումը երաշխավորող որևէ այլ հիմք չկար, բացի Սամվել Ալեքսանյանի՝ ստորագրությամբ վերոհիշյալ նամակից։
Ավելին, թեև Սամվել Ալեքսանյանն իր նամակում պնդում էր, որ վերջին երկու ամիսների ընթացքում «Ալեքսանյանների ընտանիք» հիմնադրամը հոգածություն է դրսևորել մանկապարտեզի հանդեպ, մենք Մալաթիա-Սեբաստիա ՎՇ-ից հետաքրքրվեցինք, թե այդ հոգածության մասին փաստող ինչ նյութեր կան արխիվում։ Համաձայն ՎՇ-ից ստացված պատասխանի՝ արխիվային նյութերում չէին հայտնաբերվել որոշմանը նախորդող 2 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների, դրանց ծախսերի մասին վկայող փաստաթղթեր։
Կրթահամալիրի նախկին տնօրեն Գոհար Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ շինարարական աշխատանքների, սննդի ծախսերի ու դաստիարակներին տրամադրված գումարների մասին է նշված նամակում։ Տիկին Գոհարը մտաբերեց, որ նախքան հաստատության իրավունքները «Ալեքսանյանների հիմնադրամին» փոխանցելը, հիմնական սնունդ կամ դրա համար գումար կամ որևէ այլ էական ներդրում կրթահամալիրում չի արվել, փոխարենը երեխաներին մի քանի անգամ թխուկներ ու կոնֆետ է բաժանվել։ Նա նշում է, որ արդեն «Լուս-Աստղի» ժամանակ աշխատակիցներն աշխատավարձից բացի հավելյալ գումար ստացել են, իսկ խմբասենյակներում հեռուստացույցներ են տեղադրվել, որոնց անհրաժեշտությունն ամենևին չկար։
Լուծարման հանձնաժողովի ստեղծման և գործընթացի ավարտին հասցնելու մասին վկայող փաստեր չկան
ՎՇ-ին ուղղված հարցերի մեր տարափին պատասխանել էր շատ համառոտ՝ նշելով, որ մնացյալի մասին տեղեկություններ չկան։
Ի թիվս այլոց, մենք հետաքրքրվել էինք Վերոնիկա Գևորգյանի անվան ««Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» ՀՈԱԿ-ը լուծարելու նպատակով (ինչպես նշված էր ավագանու հ․229-Ա որոշման մեջ) հանձնաժողով ստեղծված լինելու փաստի մասին, լուծարումը օրենքով սահմանված կարգով գրանցելու մասին։ Վարչական շրջանը ոչինչ չէր տրամադրել՝ պատճառաբանելով, որ արխիվային թղթապանակում համապատասխան փաստաթղթեր չեն հայտնաբերվել, սակայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալությունից ստացված պատասխանին կցված է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավարի դիմումը, որի մեջ ներառված է լուծարային հաշվեկշիռը, հաշվեկշռի հաստատելու վերաբերյալ ավագանու որոշումը, ինչից միայն կարելի է ենթադրել, որ լուծարային հանձնաժողով գոյություն է ունեցել, իսկ փաստաթղթերին կից արխիվացման վերաբերյալ տեղեկանքը ստորագրել է լուծարային հանձնաժողովի նախագահ Ռ․ Կանցյանը։
Մանկապարտեզի աշխատակիցների կողմից Քաղաքապետարանին կամ Վարչական շրջանին վերջիններիս ուղարկված հարցումների պատասխաններում նույնպես էական տեղեկություններ չկային։ Ավելին, Երևանի քաղաքապետարանից նրանց տրամադրված պատասխանում նշված էր, որ՝ «քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչությունում գույքի անհատույց օգտագործման վերաբերյալ պայմանագրի օրինակ չի հայտնաբերվել»։
Սակայն ի զարմանս մեզ, ս․թ․ օգոստոսի 6-ին հենց քաղաքապետարանից մենք ստացանք բավականին ուշագրավ պատասխան, որին կցված էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից ստացված նույն թաղային համայնքի 29․10․2008թ․ հ․229-Ա որոշումն ու Ալեսքանյանների ընտանիք ԲՀԿ-ի հետ կնքած պայմանագրի պատճենը։
Քաղաքապետարանը տարակուսանք էր հայտնում լուծարման գործընթացի վերաբերյալ։ Պատասխանում մասնավորապես ասվում էր․
«Վերոհիշյալ որոշմամբ կազմակերպությունը լուծարվել է, սակայն ներկայացված նյութերից պարզ չէ լուծարման գործընթացն ավարտվել է, թե ոչ, քանզի քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն 7-րդ մասի համաձայն իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը դադարած պետական գրանցման պահից»։
Այսինքն՝ որքան էլ որ զարմանալի է մեզ համար, քաղաքապետարանի կրթության վարչությունը նույնպես համակարծիք է մեզ հետ՝ լուծարման գործընթացի հնարավոր անավարտ լինելու մասով։
Իրավաբան.net-ն ու ԿՔՆ-ն հարցումներ էին ուղարկել Կադաստրի պետական կոմիտե և Իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ վերոհիշյալ հանգամանքները ճշտելու համար։
Կադաստրի պետական կոմիտեից ստացված պատասխանը հաստատում է, որ Լենինգրադյան 33 հասցեում տեղակայված գույքի նկատմամբ «14․10․2008թ․ գրանցված է Մալաթիա-Սեբաստիա համայնքի սեփականության իրավունքը (հողամասի նկատմամբ անհատույց (մշտական) օգտագործման իրավունք)»։
«13․05․2009թ․ գրանցված է «Ալեքսանյաններ ընտանիք» Հ/Կ-ի անհատույց օգտագործման իրավունքը (անհատույց օգտագործման իրավունքը՝ 50 տարի ժամկետով)։ Պետական գրանցում կատարելու դիմումը ներկայացրել է «Ալեքսանյաններ ընտանիք» ՀԿ-ի լիազորված անձ Ալվարդ Արամայիսի Թովմասյանը»։
ԱՆ իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալությունից ստացված պատասխանից տեղեկանում ենք, որ «Վերոնիկայի անվան «Սեբաստիա» կրթահամալիրի» (կառույցի անունը սխալ է նշված լուծարման համար ներկայացված փաստաթղթերում՝ հաշվապահական հաշվեկշռում և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ), լուծարման համար ներկայացվող փաստաթղթերը 02․04․2009թ․ թվագրությամբ ստորագրել է ոչ թե Գոհար Մարտիրոսյանը, այլ նոր տնօրենը՝ «Ալեքսանյաններ ընտանիք» հիմնադրամի կողմից լիազորված և հետագայում նաև «Լուս-Աստղի» տնօրեն Ալվարդ Թովմասյանը։
Տիկին Գոհարը պարզաբանեց, որ թեև Ս․ Ալեքսայնանը վստահեցնում էր, որ ոչ ոքի «ձեռք չեն տա», սակայն կարճ ժամանակ անց Ալեքսանյանի տիկինը՝ Շողերինան, պահանջում է իրենից աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, քանի որ իրենք գումար են պատրաստվում ներդնել մանկապարտեզում, որի տնօրինումը վստահում են «իրենց» մարդուն։ Տիկին Գոհարն հեռանում է աշխատանքից ։ «Լուս-Աստղի» փոխտնօրեն Աշխեն Հայրապետյանի հաղորդմամբ՝ ՀՈԱԿ-ի անվանափոխման մտադրությունը աշխատակիցներից երկար ժամանակ գաղտնի էր պահվում․ միայն երբ լուծարումն արդեն ավարտված էր, և մանկապարտեզի շինությունն անցել էր բարեգործական հիմնադրամին, աշխատակիցներին տեղյակ են պահում, որ մանկապարտեզի անվանումը փոփոխվել է, սակայն «Սեբաստիայի» լուծարման մասին դարձյալ ոչինչ չի ասվում։ Գոհար Մարտիրոսյանի կողմից հայտնած տեղեկության համաձայն՝ Վերոնիկա Գևորգյանին այս մասին հայտնի է դառնում․ Գոհարի խոսքերով, նա սկսել էր հասկանալ, որ եթե անվանն են ձեռք տվել, ուրեմն այդ մարդիկ հակված են ամեն ինչ հիմնահատակ ավերելուն։ Նա փորձում է ընդվզել։
«Մայրս ասաց Սամվել Ալեքսայանին, – հիշում է տիկին Գոհարը, – «ես կգնամ ու կբողոքեմ նախագահին», և պատասխան ստացավ․ ի՞նչ պիտի անի նախագահը»։ Եվ իսկապես, ամեն ինչ իրենց ձեռքում էր․ դատարան էլ եթե դիմեինք, ոչ մի երաշխիք չկար, որ մի բան էլ «մեր գլխին չէին սարքի»։
«Սեբաստիա» կրթահամալիրի անգլերենի ուսուցչուհի, այնուհետև «Լուս-Աստղի» փոխտնօրեն Աշխեն Հայրապետյանը հաստատում է, որ մանկապարտեզի անվանափոխության մասին աշխատակիցները տեղեկացել են միայն գործընթացի ավարտից հետո, իսկ Ալեքսանյանները չեն էլ թաքցրել, որ մանկապարտեզն իրենց սեփականությունը դարձնելու մտադրություն ունեին։
Ալեքսանյանների կարիքներին հարմարեցված պայմանագիր
ՎՇ-ի հետ կնքված փոխառության պայմանագրով երաշխիքներ ու շահավետ պայմաններ են ապահովվում բացառապես Սամվել Ալեքսանյանի ընտանիքի համար։
Պայմանագրի համաձայն՝ 3975,7 քմ շինության ընդհանուր տարածքով և գրեթե 1 հա հողատարածքով գույքը պատկանում է Մալաթիա-Սեբաստիա համայնքին (վարչական շրջանին)։ Պայմանագրի համաձայն՝ գույքը Ալեքսանյաններին էր փոխանցվել 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման պայմանագրով։
Պայմանագրի 2․1 և 2․4 կետերի համաձայն՝ հիմնադրամը փոխառության հանձնված գույքը պարտավորվում է օգտագործել նշանակության համաձայն՝ այսինքն՝ որպես «հասարակական մանկապարտեզ» (1-ին հոդվածի կետ 1․2), իսկ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո վերադարձնել փոխատուին՝ պետությանը «նույն վիճակում՝ հաշվի առնելով բնական մաշվածությունը»։
Փոխատուն (պետությունը) պարտավորվում է փոխառուին (Ալեքսանյաններին) «զգուշացնել գույքի թերությունների մասին» (2-րդ հոդվածի կետ 2.2), իսկ «չհայտնելու դեպքում պահանջել անհապաղ վերացնելու գույքի թերությունները կամ հատուցել Գույքի թերությունները վերացնելու համար կատարված ծախսերը» (2-րդ հոդվածի կետ 2.3)։
Պայմանագրի 2-րդ հոդվածի 2․4 կետի համաձայն փոխառու Ալեքսանյաններն ստանձնում են երկու պարտավորություն․
« * Գույքն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան։
- Գույքը վերադարձնել Փոխատուին՝ սույն պայմանագրի 1․1 կետում նշված վիճակում։
Փաստորեն, պայմանագրում նշված չեն այն խոստումները, որոնք Սամվել Ալեքսանյանը տվել է մանկապարտեզն անհատույց վերցնելիս՝ բարեկարգել, կահավորել ու վերածել «իրոք հրաշալի մի պարտեզի», ճիշտ հակառակը՝ պետությունն է պարտավորված վերացնելու թերությունները կամ փոխհատուցելու դրանց վերացմանն ուղղված աշխատանքների համար։ Փոխարենը օգտագործելուց հետո՝ 50 տարի անց, Ալեքսանյանների կողմից գույքը վերադարձվելու է այն վիճակում, ինչ վիճակում, որ փոխանցվել է՝ «հաշվի առնելով բնական մաշվածությունը»։ Այսինքն՝ Ալեքսանյանները տառացիորեն ոչ մի պարտավորություն չունեն հիմնանորոգելու, բարեկարգելու և այն։
Ավելին, խոսք չկար այն մասին, թե քանի երեխայի է սպասարկելու մանկապարտեզը, և որ սա հիմնադրամի կողմից ստանձնած պարտավորություն է, որի կատարումից հրաժարվելու դեպքում շինությունը պետք է վերադարձվի օրինական սեփականատիրոջը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին։
2005թ․ ընդունված «Նախադպրոցական կրթության մասին օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ կետով արգելվում է ՆՈՒՀ-երի շենքերի օտարումը՝ «բացառությամբ հասարակական կամ պետական կարիքների համար» դեպքերի, որը պետք է լինի խորհրդարանի հաստատմամբ, այսինքն՝ սահմանված դրա վերաբերալ օրենքով։ Փաստաթղթերի կազմման ոճը հուշում է, որ «մութ մտադրություններ», այնուամենայնիվ եղել են։
Պայմանագրի չկատարված կետեր
Սակայն այս ամենով հանդերձ արդեն իսկ ակնհայտ է, որ Ալեքսանյանների ընտանիքի հետ կնքած պայմանագրի միակ պարտավորեցնող կետը՝ «Գույքն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան»՝ այն ծառայեցնելով որպես «հասարակական մանկապարտեզ», արդեն իսկ չի կատարվում, ավելին, երբեմնի տեսարժան մանկապարտեզը՝ կախարդական ձմեռային պարտեզով ու շինությունների շուրջբոլորն աճող փարթամ բուսականությամբ, վերածվել է կիսավեր ու խարխլված շինությունների կույտի, գույքը փչացված է, տեղ-տեղ բույսերի չորակույտեր են, իսկ հենց իրենց՝ Ալեքսանյանների կողմից նվիրաբերած հեռուստացույցները տարածքից բացակայում էին։
Ամռանը մանկապարտեզի տարածքում ինչ-որ շինարարական աշխատանքներ էին ընթանում, հետո հանկարծ դադարեցին։ Աշխատանքները վերահսկող անձից, ով ներկայացավ որպես Արթուր Գորոյան, հետաքրքրվեցինք․ ե՞րբ է մանկապարտեզը սկսելու գործել և ի՞նչ պայմաններով, արդյո՞ք այն ծառայելու է որպես կրթահամալիր, թե ոչ։ Արթուրը սակայն չնշեց, թե ինչ լիազորություն ունի մանկապարտեզի տարածքում։
Սկզբում դժկամությամբ պատասխանող տղամարդն աստիճանաբար սկսեց տեղեկություններ հաղորդել։ Ասաց, որ ունեն վերակառուցման նախագիծ, որը սակայն դեռևս չի հաստատվել։ Մանկապարտեզը գործելու է վճարովի հիմունքներով։ Այս զրույցին ներկա էին մանկապարտեզի աշխատակիցներ, ծնողներ և նախկին սան․ նրանց վրդովմունքին ի պատասխան Գորոյանը քամահրանքով թոթվեց ուսերն ու ասաց․ «Բա ո՞նց են «Այբ» գնում, տենց էլ ստեղ կգան․ չե՞ք ուզում, առե՛ք, դո՛ւք սարքեք։ Չե՞ք կարողանում, ուրեմն լռե՛ք․․․»։
Նա հրաժարվեց որևէ ժամկետ նշել՝ պատճառաբանելով, որ նախագիծն առայժմ հաստատված չէ և չի կարող ասել, թե երբ կավարտվեն շինարարական աշխատանքները:
Վարչական շրջանի կրթության բաժնի աշխատակիցներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տեղեկություններ ունեն շինաշխատանքների ավարտի և հաստատության վերաբացման ժամկետների վերաբերյալ։ Նրանք ոչինչ չգիտեին և համարում էին, որ այս հարցը դուրս է նրանց իրավասությունների շրջանակից։
Ի դեպ, մանկապարտեզի փոխտնօրենի ու դաստիարակների հավաստմամբ, մանկապարտեզը նախկինում ուներ բավականին որակյալ գույք, որը, հավանաբար, տրամադրվել է այլոց, կամ փչացել, թալանվել:
Սամվել Ալեքսանյանը նախընտրեց լռել
Այս ամենի վերաբերյալ փորձեիցնք լսել նաև Սամվել Ալեքսանյանի դիրքորոշումը: Նրա օգնականը սկզբում նշեց, թե պատգամավորը քաղաքում չէ, խնդրեց զանգել մեկ շաբաթ հետո։ Այնուհետև սկզբում հրաժարվում էր էլ․փոստի հասցե տրամադրել, հետո տրամադրեց, սակայն հետագա զանգերն ու նամակները թողեցին անպատասխան։ Հույս ունենք այս հոդվածի հրապարակումից հետո հնարավորություն կունենանք լսել պարոն Ալեքսանյանի պատասխանները հանրությանը հուզող հարցերին։
Հայկական Մոնտեսորիի մանկավարժական հաջողության գաղտնիքը
Վարչական շրջանի աշխատակցուհիներից մեկը տարակուսանք հայտնեց առ այն, որ հարկավոր է վերականգնել մանկապարտեզի անունը՝ «Վերոնիկա Գևորգյանի անվան ««Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր»։ Նա զարմացած վեր քաշեց հոնքերն ու բացականչեց․ «Բայց ինչո՞ւ, ո՞վ է տեսել մարդու կենդանության օրոք իր անունով մանկապարտեզ կոչեն»։
Եվ շատ ճիշտ էր նկատել․ արտառոց փաստ է մարդու կենդանության օրոք նրա անունով ինչ-որ բան անվանակաոչելը, բայց չէ՞ որ մանկապարտեզն արդեն ժողովրդի կողմից իսկ այդպես էլ սիրով կոչվել էր՝ «Վերինոկայի մանկապարտեզ»։ Եվ սա ամենևին պատահական չէր։ Վերոնիկան շատ սիրված էր թե՛ իր սաների և թե՛ նրանց ծնողների կողմից․ ավելի քան 6 տասնամյակ նա սերունդներ է կրթել և արդեն իսկ կենդանության օրոք լեգենդ էր դարձել։ Նրա համբավը տարածվել էր ոչ միայն մայրաքաղաքում, այլև դրա սահմաններից դուրս, նույնիսկ արտերկրում։ Մյուս կողմից չէ՞ որ Երևանի սրտում մակապարտեզ են անվանակոչում իտալացի հայտնի մանկավարժ Մոնտեսորիի անունով․ չարժի՞ արդյոք հարգանքի նման տուրք մատուցել սերունդներ կրթած և իր ուրույն մոտեցմամբ առանձացած այս վաստակաշատ մանկավարժին։
Դաստիարակ Աննա Գրիգորյանը մեծ սիրով է հիշում մանկապարտեզի մթնոլորտը․
«Անկասկած, ընկեր Վերոնիկան հազվագյուտ մանկավարժ էր, – ասում է նա, – եթե այսօր են խոսում երեխայակենտրոն մանկավարժության մասին, ապա Վերոնիկան դեռ այն ժամանակ կիրառում էր այս մեթոդը մեր կրթահամալիրում։ 5-6 տարբեր դահլիճներ կային, պարի համար նախատեսված առանձին սրահ, մի առանձին սրահ էլ նկարչության համար, նույնիսկ առանձին հեքիաթի սենյակ ունեինք։ Ո՞ր մանկապարտեզում եք տեսել մանկական երկաթգիծ․ այս ամենը նրա անսպառ եռանդի ու երեխային իսկապես երջանիկ դարձնելու մղման արդյունքն էր։ Նա մինչև իր կյանքի վերջին օրը երեխաների հետ էր ու ապրում էր նրանցով»։
Կրթահամալրիրի ուսուցչուհի Թամարա Գրիգորյանն նշում է, որ կրթահամալիրի դպրոցը տասնհինգ տարիների ընթացքում 5-6 սերունդ շրջանավարտ է տվել, և շատերն այսօր տարբեր ոլորտների առաջատարներ են։
Վերոնիկա Գևորգյանի դստերը խնդրեցինք նշել նրա մանկավարժական մեթոդաբանության առանձնահատություններից։
«Մայրս յուրօրինակ մոտեցում ուներ իր գործին․ ասում էր՝ երեխայի համար հեքիաթը, խաղը պետք է կիսատ մնա, միշտ պետք է լինի շարունակության ակնկալիք, որը նրան կուղղորդի նորից դեպի մանկապարտեզ․ նա պետք է ձգտի ավարտելու կիսատ թողած խաղը, աշխատանքը»։
Վերոնիկա Գևորգյանը շատ կարևորում էր տարբեր զբաղմունքների ժամանակ միջավայրի փոփոխումը․ նկարչության, ծեփի, երգի ու պարի, լեզուների, մաթեմատիկայի առանձին սենյակներ էին հատկացված։ Փոխվում էին նաև երեխաների հետ զբաղվող դաստիարակները․ սա նրանց օգնում էր թարմանալու ու կենտրոնանալու նոր զբաղմունքի վրա։ Սա օգտակար էր նաև դաստիարակների համար։
Դեռ անցած դարի կեսերին հայրենադարձ սեբաստահայերի միջոցներով հիմնադրված, բարի ավանդույթներով ու ինքնատիպ մանկավարժական մոտեցմամբ այս հաստատության գրեթե ակունքներից է կրթությամբ մաթեմատիկոս Վերոնիկան կառուցել մանկապարտեզը՝ իր երազանքներից ծնված գաղափարներով հյուսելով մի իսկակական մանկական հեքիաթ, որտեղից երեխան չէր ցանկանում հեռանալ և դեպի ուր շտապում էր գալ ամեն օր։
Տիկին Գոհարը խնամքով սեղանին է դնում Վերոնիկայի ստացած պատվոգրերն ու շքանշանները, լուսանկարներ անվանի մարդկանց ու հայ մեծերի հետ։ Սեղանին են դրվում մանկապարտեզի կենսախինդ առօրյայի մասին պատմող լուսանկարներ․ այս ամենից պայծառ լույս է հորդում։ Անտարբեր հնարավոր չէ մնալ։ Ակամայից հպարտությամբ ու երախտագիտությամբ ես լցվում իր կյանքը երեխաներին նվիրած այս մեծ կնոջ հանդեպ։
Մարիամ Չախոյան