Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ աշխատաժողով՝ սնանկության իրավակարգավորման վերաբերյալ

Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Սնանկություն, լուծարում և մտավոր սեփականության իրավունքի հարցերը սնանկության վարույթում» երկօրյա աշխատաժողով: ԱՄՆ առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) և Արդարադատության ակադեմիայի համագործակցության արդյունքում անցկացվող աշխատաժողովին մասնակցեց 21 դատավոր ՀՀ վճռաբեկ դատարանից, ինչպես նաև Երևանի և մարզերի ընդհանուր իրավասության դատարաններից: Աշխատաժողովն անցկացրին ԱՄՆ սնանկության գործերով դատարանի գլխավոր դատավոր Նանսի Ալքիստն ու ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Մարվին Գարբիսը: Աշխատաժողովի բացմանը մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Վուդվորդ Կլարկ Փրայսը, CLDP-ի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը գոհունակությամբ նշեց, որ աշխատաժողովը հնարավորություն է ստեղծում Հայաստանի Հանրապետությունում գործող դատավորներին ծանոթանալ Միացյալ Նահանգների՝ որպես այս ոլորտում առաջատար երկրներից մեկի փորձին, ինչը, նրա համոզմամբ, կօգտագործվի մեր դատական պրակտիկան առավել կատարելագործելու համար:

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ԱՄՆ-ում գործող փորձառու դատավորների հետ քննարկել սնանկության գործերի վարույթում առկա հիմնահարցերը, մասնավորապես քննարկման առարկա դարձան անձանց սնանկ ճանաչելու, լուծարման և սնանկության վարույթում մտավոր սեփականության օբյեկտների տնօրինման վերաբերյալ ԱՄՆ օրենսդրական կարգավորումները և դատական պրակտիկան:

Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել