Պրոբացիոն ծառայության. պատժիչ համակարգից անցում դեպի վերականգնողական արդարադատության

«ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները. պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում» գնահատման հաշվետվությունում ամփոփված են ան առաջարկություններն ու կարողությունները, որոնք հնարավորություն կտան ռիսկերն այնպես հասցեագրել, որ դրանց հետևանքներն ամբողջությամբ չանդրադառնան ողջ արդարադատության համակարգի վրա:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը նշեց, որ պրոբացիոն ծառայությունը թույլ կտա անցում կատարել արդարադատության պատժիչ համակարգից դեպի վերականգնողական. «Այն հնարավորություն կտա կրճատել կրկնահանցագործության մակարդակն ու ապահովել իրավախախտների իրազեկվածությունը հանցագործության ազդեցության վերաբերյալ՝ ինչպես տուժողների, այնպես էլ լայն հասարակության վրա: Ծառայութունը կձգտի հասնել երկու փոխկապակցված նպատակաների՝ իրավախախտների ռեաբիլիտացիայի և համայնքի անվտանգությանը»,- նշեց պարոն Սորոկինը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ անդամ, իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը, ներկայացնելով հաշվետվությունը, խոսեց ծառայության ինստիտուցիոնալ կառուցվածքից. «Ըստ էության նախատեսված է, որ պետք է ստեղծվի քրեակատարողական ծառայությունից անկախ և առանձին մարմին, սակայն հստակեցված չեն ստեղծվող այդ պրոբացիոն ծառայության և քրեակատարողական ծառայության ներսում գործող քրեակատարողական վարչության լիազորությունների և գործառույթների հնարավոր խաչման ու դրանց հստակ տարանջատման հարցը: Կոնկրետ պատասխան չի տրվում, թե ինչ ֆունկցիաներ է իրականացնելու պրոբացիոն ծառայությունը և որոնք են լինելու այդ քրեակատարողական վարչության գործառույթները»:

Հաջորդ չկարգավորված ոլորտն, ըստ փորձագետի, հայեցակարգով նախատեսված պրոբացիոն ծառայության խնդիրներին ու նպատակներին. «Հստակ տարանջատում չկա, այս բլոկը նույնացված է, կարող ենք ասել, որ խնդիրները նպատակի մաս են կազմում»,- ասաց Հասմիկ Հարությունյանը:

Բացի այդ, փորձագետն անդրադարձավ նաև կադրային խնդիրներին, ինչպես նաև օրենսդրական կարգավորումներին: Նա խոսեց նաև էլեկտրոնային մոնիթորինգից՝ նշելով, որ հայեցակարգային լուծումներն արդյունավետ չեն:

Քննարկմանը ելույթներով հանդես եկան նաև Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ՀՀ ԱՆ կազմակերպա-իրավական վարչության պետ Նորայր Բալայանը, ԵԽ «Աջակցություն Հայաստանում Պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանը:

Նշենք, որ զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից: Հետազոտության իրականացման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության հիմնադրաման հայեցակարգն ու քրեական օրենսդրության՝ ներկայումս ընթացող բարեփոխումները:

Կարդացեք նաև՝

Ի՞նչ է «պրոբացիան»

«Պատիժը հավասար չէ ազատազրկման». պրոբացիոն ծառայությունը կոտրում է արմատացած կարծրատիպը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել