Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով գործը քննության է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն

Համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013թ. օգոստոսի 26-ին ՍՊ ընկերության հետ կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագիր, որի համաձայն՝ ընկերության կողմից մինչև 2013թ. հոկտեմբերի 16-ը 3 մլն. 290 հազ. ՀՀ դրամի դիմաց համայնքում պետք է կատարվեին մասնակի նորոգման աշխատանքներ: Այս մասին հաղորդում են ՀՔԾ-ից:

Հիշյալ ժամկետում աշխատանքները չավարտելով, համայնքի ղեկավարը անձնական շահագրգռվածությունից ելնելով, սահմանված գումարի փոխարեն, ապրանք-աշխատանքի դիմաց փոխանակության սխեմայով հիշյալ ընկերությանն է տրամադրել մոտ 4 մլն. 810 հազ. ՀՀ դրամ արժողությամբ համայնքի սեփականությունը հանդիսացող 1000մմ տրամագծով մետաղյա խողովակներ` էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործով համայնքի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել