Սպանություն և ավազակային հարձակում՝ Գյումրիում

ՀՀ քննչական կոմիտեի  Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության, նրանց գույքն ավազակությամբ հափշտակելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:

Նախնական տվյալների համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը գույք հափշտակելու դիտավորությամբ մուտք է գործել Շահումյանների բնակարան և որպես զենք  օգտագործվող առարկայի՝ կտրող-ծակող գործիքի գործադրմամբ բազմաթիվ վնասվածքներ հասցրել Ալվարդ Շահումյանի և նրա մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։

Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ վերցվել են տարբեր փորձանմուշներ և նշանակվել դատագենետիկական փորձաքննություն։

Քրեական գործով հարցաքննվել է մի քանի տասնյակ անձ, օրենքով սահմանված կարգով կատարվել մի շարք խուզարկություններ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝  հնարավոր վկաներ հայտնաբերելու,  առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել