«Դատավորների նկատմամբ ֆինանսական հետապնդումը վայրենի լուծում է». արդարադատության նախարար

ՄԻՊ-ի զեկույցը Արդարադատության նախարարությունում բավականին մանրակրկիտ քննարկման առարկա է դարձել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով Իրավաբան.net կայքի լրագրողի հարցին, ասաց նախարար Հովհաննես Մանուկյանը:

«Մի շարք հարցադրումների հետ համաձայն ենք, որոշ հարցադրումներ կան, որ ընդհանրական բնույթ են կրում և դրանց վերաբերյալ մենք պատրաստվում ենք ԱԺ-ում համապատասխան լսումների ժամանակ բարձրաձայնել»,- նշեց նախարարը:

Նա կարևոր համարեց ՄԻՊ-ի զեկույցներն ու արձագանքները՝ որպես մեր համակարգում եղած խնդիրներ բացահայտման առանձնահատուկ աղբյուր. «Մենք հետամուտ ենք լինելու ՄԻՊ-ի զեկույցներում արձանագրված փաստերն ուսումնասիրելուն և լուծումներ գտնելուն»,- եզրահանգեց Հովհաննես Մանուկյանը:

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2015թ. զեկույցում Արդարադատության նախարարությանն առնչվող բաժնում 15 թերություններից ու խնդիրներից 10-ը օրենսդրական դաշտի թերացումների հետևանք են:

Նախարարը նաև անդրադարձավ ՄԻԵԴ-ի` Հայաստանի դեմ կայացրած վերջին վճիռներին՝ նշելով. «Դա հետևանք է իրավական համակարգի անկատարության, դատական համակարգի ոչ արդյունավետ գործելուն, մի շարք պատճառների՝ կոռուպցիոն ռիսկերի առկայության, այդ թվում՝ նաև դատական համակարգի: Բազմաթիվ պատճառներ կան, բայց հաշվեհարդար չի կարելի տեսնել»:

Ըստ նրա՝ նմանաբնույթ դեպքերում ոչ միայն դատավորներն են թույլ տալիս մարդու իրավունքների խախտումներ, այլ նաև տարբեր պաշտոնյաներ և պետության այլ ներկայացուցիչներ. «Այդ ներկայացուցիչների և հատկապես դատավորների նկատմամբ ֆինանսական հետապնդումներ որևէ տեղ չկան: Սա վայրենի, վայրագ լուծում է, ես կտրականապես դեմ եմ դրան»,- ասաց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել