ԴԱՀԿ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքները. ՄԻՊ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում Արդարադատության նախարարությանն առնչվող բաժնում 15 թերություններից ու խնդիրներից 10-ը օրենսդրական դաշտի թերացումների հետևանք են:

Զեկույցում նշվում է, որ 2014 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության պատասխանատվության ոլորտում հայտնաբերված խնդիրները և գրանցված ձեռքբերումները ներկայացված են ոչ սպառիչ:

Օրենսդրության բացերի հետևանքները

Այսպես՝ ըստ զեկույցի օրենսդրական թերի կարգավորումների արդյունքում նոտարները կարող են յուրաքանչյուր դեպքում գանձել քաղաքացիներից գործարքի գնի առավելագույն չափը: Նշվում է, որ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվել է ՀՀ կառավարության որոշմամբ70 սահմանված, նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների նվազագույն և առավելագույն սահմանների միջև առկա լայն միջակայքի խնդիրը: Արդյունքում, համաձայն զեկույցի, ստեղծվում է մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր գործողության դեպքում նոտարն, առանց հիմնավորման, կարող է պահանջել սահմանված վճարի առավելագույն չափը:

Պաշտպանն առաջարկում է ՀՀ կառավարության 26.05.2011թ. թիվ 733-Ն որոշման մեջ սահմանել հստակ չափորոշիչներ, որոնք կսահմանափակեն նոտարների հայեցողությունը գործարքի սակագնի չափի որոշման հարցում:

2014 թվականին պաշտպանի գրասենյակ են ստացվել դիմում-բողոքներ ու ահազանգեր փաստաբաններից և քաղաքացիներից` կապված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալության գործունեության հետ: Արձանագրվել են, որ ՔԿԱԳ գործակալության կողմից համապատասխան փաստաթղթերն արխիվում չպահպանելու, քաղաքացիներից անօրինական գումար պահանջելու, օրենքով սահմանված փաստաթղթերը տրամադրելն անհիմն մերժելու և անհարկի ձգձգելու, քաղաքացիներին ձևական պահանջներ առաջադրելու դեպքեր:

ՄԻՊ-ի զեկույցում նաև շեշտվում է, որ օրենսդրական թերի կարգավորման արդյունքում սահմանափակվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության իրավունքները:

Նույն խնդիրներին է դասվում այն իրավիճակը, որ պետական տուրքի բարձր դրույքաչափ սահմանվելու, ինչպես նաև պետական տուրքի վճարման ոչ իրավաչափ պահանջ ներկայացվելու հետևանքով անձինք զրկվում են դատարանների մատչելիության իրավունքից:

Օրենսդրական թերի կարգավորման հետևանք է նաև այն, որ ազատազրկված անձանց խնամքի տակ գտնվող անչափահասները, ինչպես նաև անաշխատունակ անձինք հնարավորություն չեն ունեցել օգտվելու պետության կողմից խնամքի և գոյատևման միջոցների ապահովման երաշխիքից:

Շարունակելով օրենսդրական խնդիրները, ՄԻՊ-ի զեկույցում նշվում է, որ գործող օրենսդրական կարգավորումները խոչընդոտում են փաստաբաններին, ոչ աշխատանքային օրերին առանց քանակի և տևողության սահմանափակման, տեսակցել կալանավորված անձանց և դատապարտյալներին:

Իրավական դաշտի բացերը, ըստ զեկույցի, խոչընդոտում է նաև լրագրողների գործունեությանը. «Օրենսդրական թերի կարգավորումների հետևանքով որոշ դեպքերում սահմանափակվել է լրագրողի` իր տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը»,- կարդում ենք զեկույցում, առկա են նաև օրինակներ:

Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել դրույթով, որի համաձայն՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով որպես վկա չեն կարող կանչվել և հարցաքննվել լրատվական գործունեություն իրականացնողը և լրագրողը՝ բացառությամբ դատարանի որոշման:

Շարունակելով լրագրողական համայնքին հուզող խնդիրների շարքը, ՄԻՊ-ը զեկույցում նշում է, որ թերի օրենսդրական կարգավորումների արդյունքում նախնական քննության տվյալները բացահայտելու դեպքում անձինք, ներառյալ՝ լրագրողները, կարող են պատասխանատվության ենթարկվել նույնիսկ այն դեպքում, երբ գրավոր չեն նախազգուշացվել տվյալները չբացահայտելու մասին:

Նշվում է նաև, որ օրենսդրական հստակ չափանիշների բացակայության հետևանքով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման դեպքում կարող է խախտվել անձանց սեփականության իրավունքը:

ՔԿՀ-ներում խնդիրները մնում են անլուծելի

Այնուհետև ՄԻՊ զեկույցում անդրադարձ է կատարվում քրեակատարողական հիմնարկների խնդիրներին. «2014 թվականին ՔԿՀ-ներում պատշաճ չի ապահովվել դատապարտյալների զբոսանքի և տեսակցության իրավունքը, ինչպես նաև ձեռնարկված միջոցները վերջիններիս աշխատանքի և զբաղվածության ապահովման ուղղությամբ եղել են անբավարար: ՔԿՀ-ներում դեռևս առկա են խնդիրներ՝ պատշաճ բժշկական օգնության տրամադրման, ինչպես նաև տրվող սննդի որակի առումով: 2014 թվականին ամբողջությամբ լուծում չեն ստացել ՔԿՀ-ներում գերբնակեցման, պահման, սանիտարահիգիենիկ և կոմունալ-կենցաղային անբավարար պայմանների խնդիրները»,- ասվում է ՄԻՊ զեկույցում:

ԴԱՀԿ-ի գործունեության վերաբերյալ

Պաշտպանի գրասենյակի համոզմամբ՝ ԴԱՀԿ կողմից օրենքի սխալ կիրառման արդյունքում մի շարք դեպքերում անհնար է եղել արգելանք կիրառել պարտապանի գույքի վրա, ինչի հետևանքով խախտվել են պարտատիրոջ իրավունքները, իսկ այս ծառայության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում խախտվել են ԴԱՀԿ կայացրած որոշման վերաբերյալ քաղաքացուն պատշաճ ծանուցելու ժամկետները:

Զեկույցում նաև ասվում է, որ պետական ռեգիստրի գործակալությունը մի շարք դեպքերում անհիմն մերժել է քաղաքացիներին տրամադրել կամ ընդունել օրենքով սահմանված փաստաթղթերը, ներկայացրել ձևական պահանջներ, չի ապահովել քաղաքացիների պատշաճ սպասարկումը, աշխատանքային ժամերին գործակալության աշխատակիցները բացակայել են աշխատավայրից:

Բացի այս թերացումներից ՄԻՊ զեկույցում առանձնացվել են նաև մի քանի դրական ձեռքբերումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել