10 տարի առաջ սպանված աղջկա հայրը սպառնում է վնասել փաստաբանին. պատճառը Եվրադատարանի վճիռն է

Տասը տարի առաջ տեղի ունեցած 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի դաժան սպանության գործը կարող է վերաբացվել և ուղարկվել նոր քննության. հիմքը, որպես նոր երևան եկած հանգամանք, Եվրադատարանի ընդունած վճիռն է:

Ինչպես Իրավաբան.net-ը հայտնել էր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 31-ին ընդդեմ Հայաստանի երեք վճիռ էր ընդունվել, որոնցից մեկը «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործին է վերաբերում:

Համաձայն գործի նյութերի` 2004 թվականի հունիսին ամուսիններ Բագրատ և Նարինե Նալբանդյաններին  և նրանց դստերը` Արևիկ Նալբանդյանին Գեղարքունիքի մարզի  ոստիկանությունը  ձերբակալել է ` 16-ամյա Սյուզաննայի սպանության կասկածանքով: Այս ընթացքում նրանց հանդեպ բռնություններ են կատարվել` ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու համար: Հայաստանյան դատարանը Բագրատ Նալբանդյանին դատապարտել է 9 տարվա,  նրա կնոջը` Նարինեն Նալբանդյանին` 14 տարվա ազատազրկման, իսկ դստերը` Արեւիկ Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Եվրադատարանն իր վճռում նշել է, որ խախտվել են Նալբանդյանների արդար դատաքննության իրավունքը, դատական պաշտպանության մատչելիության իրավունքները, անմարդկային վերաբերմունք է դրսևորվել նրանց նկատմամբ, և սահմանել, որ, որպես խախտված իրավունքների փոխահատուցում Բագրատ Նալբանդյանին Հայաստանի Հանրապետությունը պետք է վճարի 10 հազար եվրո, Նարինե Նալբանդյանին` 27 հազար եվրո և Արեւիկ Նալբանդյանին 25 հազար եվրո:

Նալբանդյանների շահերը դատարանում պաշտպանել է փաստաբան Սեդա Սաֆարյանը, նաև գործով գանգատ ներկայացրել ՄԻԵԴ, որն էլ բավարարել է գանգատը:

Եվրադատարանի վճռի հրապարակումից հետո փաստաբան Սեդա Սաֆարյանին է զանգել սպանված աղջկա հայրը և հայհոյախառն սպառնալիքներ տեղացել, թե «որտեղ տեսնի, կվնասի»: Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Սեդա Սաֆարյանի համար սակայն անհասականալի է, թե ինչու է հայրը վրդովված, որ հնարավորություն է տրված սպանության իրական հանգամանքները բացահայտելու համար.

«Ես համոզված պնդում եմ`իրենք գիտեն, որ Նալբանդյանները չեն իրենց երեխային սպանողը և այսօր այդ ճվճվոցով չեն ստեղծելու այն վիճակը, ինչ եղել է տասը տարի առաջ, երբ մի ավտոբուս ժողովուրդ էր գալիս, բոլորը խմած, և առիթ էին ման գալիս, որ կռիվ սարքեին և ձախողեին գործի քննությունը: Անգամ նիստեր են եղել, որ փակ են անցկացվել, բայց, միևնույնն է, դատարանը չկարողացավ հասնել նրանց սանձահարմանը: Կարծում եմ, որ կունենանամ հնարավորություն էս գործով բողոք բերելու և պայքարը  շարունակելու»,- ասաց Սեդա Սաֆարյանը:

Փաստաբանը հայտնեց նաև, որ Բագրատ Նալբանդյանը 9 տարի ազատազրկված է եղել և մեկ տարի առաջ ազատվել է, իսկ նրա կինը` 10-րդ տարին է անցկացնում քրեակատարողական հիմնարկում: Բացի Արևիկից, ամուսինները երկու որդի ունեն, և ծնողների բացակայության ընթացքում, թեև քեռիները օգնել են, սակայն հիմնականում «մեծացել են անտեր ու ինքնուրույն»:

Սեդա Սաֆարյանը նշեց, որ դեռևս տասը տարի առաջ գործի քննությունը օբյեկտիվ չի կատարվել, հիմնվել են միայն Նալբանդյանների կողմից սպանությունը կատարելու վարկածի վրա, այնինչ` եղել են խոսակցություններ, որ սպանությունը կարող էր կատարված լինել այդ ժամանակ ազդեցիկ մարդկանց որդիների կողմից:

Գործի վերաբացմանը հասնելու առաջին քայլը վճռաբեկ բողոք գրելն է, որը հնարավոր կլինի անել ՄԻԵԴ վճռի ուժի մեջ մտնելուց հետո (հրապարակման օրից երեք ամիս հետո, եթե բողոքներ չլինեն):

Ինչ վերաբերում է փաստաբանին ուղղված սպառնալիքներին, Սեդա Սաֆարյանն ասաց, որ իրավապահ մարմիններից որևէ արձագանք չի եղել, իսկ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու Մարդու իրավունքների գրասենյակից հայտնել են, որ պատրաստ են իր կողքին կանգնել:

Ա.Կ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել