Քննիչն առանձնապես խոշոր չափերով կաշառք է պահանջել. ՀՔԾ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչը 2014 թվականի հոկտեմբերին հիշյալ քրեական գործով վարույթը կարճելու համար իրենից պահանջել է 3 հազարից 5 հազար ԱՄՆ դոլար կաշառք, իսկ մեկ այլ օր` առանձնատեսակցության ժամանակ, պաշտպանը նույն նպատակով իրենից պահանջել է 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք՝ քրեական գործը քննող քննիչին և դատախազին փոխանցելու համար:

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Հ.-ի հաղորդման հիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտպանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ