«Նուբարաշեն»-ի կրակոցների գործով Սարգիս Գրիգորյանի, Սարգիս Հախանումյանի և Վահան Հակոբյանի փաստաբաններն առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկում են վերաքննիչ դատարանում:
Մինչ այս տեղեկացրել ենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 26-ին մեղադրյալների նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց կալանավորումը:
Այսօր փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք ներկայացրին վերաքննիչ դատարանում. «Մենք գտնում ենք, որ կալանքն անհիմն է, քանի որ բացարձակապես նախաքննական մարմինը չէ վկայել ապացույցներ, որոնք կարող էին փաստել, որ այդ անձիք առնչություն ունեն իրենց վերագրվող արարքներին, բացի այդ, որևէ կերպ չէր հիմնավորել, թե կամովի ներկայացած անձիք՝ ինչո՞ւ պետք է ազատության մեջ մնալու պարագայում թաքնվեն քննությունից կամ խոչընդոտեն քննության ընթացքը: Համենայն դեպս, նման որևէ փաստական տվյալ նախաքննական մարմինը դատարանին չէր ներկայացրել»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
Եթե դատարանը գտնի, որ առաջին ատյանի որոշումն իրավաչափ է, ապա փաստաբանները միջնորդություն են արել մեղադրյալների նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: