Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Չինաստանի հեղինակավոր կրթօջախներից մեկում` Պեկինի համալսարանում: Հանրապետության Նախագահը բուհի բարձրաստիճան հյուրերի սրահում հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չինական բարեկամությանն ու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, համագործակցության զարգացմանը: Սերժ Սարգսյանը գրառում է կատարել բուհի պատվավոր հյուրերի գրքում. «Վստահ եմ, որ մեր ժողովուրդների ներկա և ապագա հաջողությունների և բարօրության գրավականը գիտելիքի ու կրթության նկատմամբ հարատև ուշադրությունն է»,-գրել է Նախագահը:
Պեկինի համալսարանում այնուհետև կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հայաստանի Նախագահին հանդիպման ժամանակ շնորհվել է Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ջերմ հյուրընկալության ու իրեն նման պատվավոր կոչման արժանացնելու համար և իր ելույթում ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները, մարտահրավերներն ու հեռանկարները:
Նախագահն անդրադարձել է նաև հայ-չինական դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունների ներկայիս մակարդակին և երկկողմ կապերի առավել խորացման ու ամրապնդման հեռանկարին, տեղեկացրել իր պետական այցի արդյունքների մասին:
Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման ընթացքին՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ներառելով նոր ոլորտներ, ինչը վկայում է փոխադարձ շահագրգռվածության մասին: Հանրապետության Նախագահը նշել է, որ այդ փաստն արձանագրվել է իր և ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի կողմից ստորագրված բարեկամության, համագործակցության և գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին համատեղ հռչակագրում: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է փոխադարձ վստահության և շահերի, ինչպես նաև համատեղ պատասխանատվության ու պարտավորությունների հիման վրա կառուցվող Հայաստանի արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է տարածաշրջանում քաղաքական կայունության, անվտանգության, համերաշխության և տնտեսական զարգացման միջավայրի ստեղծմանը: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը բաց է բոլոր երկրների հետ նման գործելաոճով հարաբերություններ կառուցելու և ամրապնդելու համար:
Նախագահը խոսել է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, 2015թ. նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի և տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների մասին:
Լուսանկարը՝ president.am