Այսօր News.am կայքը, հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկատվություն է տարածել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանությունների գործով ձերբակալվածների թիվը հասնում է 5-ի:
Կայքը նշել է, որ նրանք բոլորը ձերբակալված են սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Հաղորդվում է, որ իրավապահները առայժմ որոնում են «Գաստիկին», «Ծգլին» և «Տլեին»:
Այս գործը քննվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում: Իրավաբան.net-ը փորձեց ԱԱԾ-ից պաշտոնական տեղեկատվություն ստանալ: ԱԱԾ մամուլի կենտրոնից հաղորդեցին, որ ձերբակալվածների մասին որևէ տեղեկատվություն չեն կարող տրամադրել. «Նախաքննության մարմին, քննության գաղտնիությունից ելնելով, ոչ մի բան չի փոխանցել մեզ, հետևաբար մենք չենք կարող պատասխանել Ձեր հարցին»,- ասացին մամուլի կենտրոնից:
Հիշեցնենք՝ մարտի 4-ին ժամը 14-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ արձակվել են կրակոցներ, որոնց հետևանքով սպանվել է երեք անձ` «Երրորդ մասցի Լյովիկ» մականունով հայտնի քրեական հեղինակություն, 43-ամյա Լևոն Ղազարյանը, 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանն ու 30-ամյա Մեսրոպ Նազարյանցը: