Անհրաժեշտ է ստեղծել կայուն և գործուն հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմներ. Կարեն Զադոյան

Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վերաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր անդրադարձ եղավ հակակոռուպցիոն պայքարին: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» եռամյա ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է ՀԵԻԱ-ի և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ միասին:

«Ծրագիրը ուղղված է երկու կարևոր խնդրի լուծմանը` ուժեղացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները` վերահսկելու և մշտադիտարկելու առումով, և ներազդել քաղաքական օրակագի ձևավորման վրա»,- ասաց Կ. Զադոյանը:

Նրա խոսքով, ծրագիրը իրականցվում է երեք ուղղությամբ: Առաջինը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունների ուժեղացումն է: Այս առումով վերջին մեկ տարվա ընթացքում հայաստանյան բոլոր մարզերում 105 կազմակերպությունների (այդ թվում նաև լրատվամիջոցների) ներկայացուցիչների համար կազմակերպվել են 10 ուսուցումներ, որոնց ընթացքում դասավանդել են միջազգային և տեղի փորձագետներ` հակակոռուպցիոն պայքարի միջազգային փորձի, միջազգային իրավական փաստաթղթերի, հակակոռուպցիոն հանրային մոնիթորինգի մեթոդաբանության, հակակոռուպցիոն կոալիցիաներ ստեղծելու միջազգային փորձի ու մեխանիզմների և այլ հարցերի շուրջ:

Ծրագրի երկրորդ ուղղությունը կառավարության հակակառուպցիոն ռազմավարության, 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների ծրագրի, նոր ընդունվելիք հակակոռուպցիոն ռազմավարության և այլ փաստաթղթերի մշտադիտարկումն է: Արդեն իսկ ստեղծվել է Հակակոռուպցիոն կոալիցիան, որին անդամակցում են ՀՀ մարզերից և Երևանից շուրջ 70 կազմակերպություն: Եվ այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ 20 փոքրիկ` 2000-3000 եվրո արժողությամբ դրամաշնորհներ կտրվեն այս կազմակերպություններին` մշտադիտարկումներ անելու համար:

Գործարկվել է նաև Iravaban.net կայքի հատուկ բաժինը, որն ամեն օր թարմացվում է, տեղադրվում են կոռուպցիոն խնդիրներին վերաբերող հոդվածներ, վերլուծություններ և հետաքննություններ:

Ծրագրի երրորդ ուղղությունը վերաբերում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կառավարության միջև կայուն երկխոսության խթանմանը` հակակոռուպցիոն մեխանիզմների ամրապնդման նպատակով: Ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը ներկայացրեց, որ առաջնահերթ քննարկվող հարցերից են ապօրինի հարստացման քրեականացումն ու հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը: Այս երկու առաջնահերթությունների վերաբերյալ էլ հակակոռուպցիոն կոալիցիան իր առաջարկություններն է ներկայացրել կառավարությանը: Նրա խոսքով, այս երկուսն էլ բխում են ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի սկզբունքներից և երկուսի դեպքում էլ կա կարգավորման միջազգային փորձ, որը կարող է ուսանելի լինել մեզ համար:

Ծրագրի ներկայացումից հետո Եվրախորհրդարանի անդամ, Չեխիայի հանրապետությունը ներկայացնող պատգամավոր Յարոմիր Շտետինան մեկնաբանությամբ հանդես եկավ, ասելով, որ ոչ միշտ է հակակոռուպցիոն պայքարը դրական նշանակություն ունենում` օրինակ բերելով Վրաստանի փորձը, երբ նախագահ Սահակաշվիլին պայքարում էր կոռուպցիայի դեմ, սակայն նրա պաշտոնաթողությունից հետո նրա դեմ քրեական գործ հարուցվեց: Սրա վերաբերյալ Կարեն Զադոյանը նշեց, որ թեև Արևելյան գործընկերության վեց պետությունների մեջ Վրաստանի հակակոռուպցիոն պայքարի փորձը լավագույններից մեկն է, սակայն նրանց մոտ շարունակում է չլուծված լինել քաղաքական կոռուպցիան: Եվ վրաստանյան պայքարի ձախողման պատճառներից մեկն այն է, որ պայքարը սկսվեց վարչական կոռուպցիայի հաղթահարման փուլով, սակայն չհասավ իր եզրափակիչ` քաղաքական կոռուպցիայի հաղթահարման փուլին, որի համար անհրաժեշտ էր ստեղծել կայուն և գործուն հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմներ, ինչը արվեց Սինգապուրի դեպքում` բարեփոխիչ վարչապետ Լի Քուան Յուի կողմից:

Իսկ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունեն կառավարության կողմից վերջերս ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերաբերյալ,  Կարեն Զադոյանը պատասխանեց, որ բազմիցս քննարկել են, որ նոր ստեղծվելիք մարմինը պետք է լինի անկախ և մասնագիտացված: Առաջարկել ենք կառավարությանը, որպեսզի խորհրդին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար հատկացված երկու տեղերը  դարձվեն հինգ, սակայն ցավոք առաջարկը չի ընդունվել, որի հետևանքով նորաստեղծ խորհուրդը չի կարելի համարել մասնակցային: Շարունակելով, Կարեն Զադոյանը նշեց, որ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ ներկա փուլում կոալիցիան ձեռնպահ կմնա խորհրդի կազմում ընդգրկվելու համար անցկացվելիք մրցույթին Կոալիցիային անդամակցող հասարակական կազմակերպությունների թեկնածուներ առաջադրելուց և մասնակցելուց, սակայն կիրականացնի նորաստեղծ Խորհրդի գործունեության անկախ և մասնագիտական  դիտորդում, ինչպես նաև կշարունակի երկխոսությունը կառավարության հետ, քանի որ անհրաժեշտ է ստեղծել կայուն և գործուն հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմներ:

Հ.Գ. Ի դեպ, Յարոմիր Շտետինան իր խոսքում հայտնեց, որ անցյալ շաբաթ խոսել է ռուսաստանյան բանտում հայտնված, այնուհետև տնային կալանքի ենթարկված հայտնի հայի` Լևոն Հայրապետյանի հետ և խոստացել, որ այս համաժողովին բարձրաձայնելու է իր մասին, ինչն էլ արեց:

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ