Սկսվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն: Այս մասին Իրավաբան.net -ը տեղեկանում է ԱԺ-ի լրատվական ծառայությունից:
Մարտի 13-ին ԱԺ փոխնախագահը Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Սաեյմայի փոխնախագահներ Ինեսե Լիբինա-Էգներեի, Գունդարս Դաուդզեի եւ Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտեւի հետ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-լատվիական երկկողմ հարաբերությունների հետագա սերտացումն ու ամրապնդումը, մասնավորապես երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցությունը թե՛ երկկողմ ձեւաչափով, թե՛ միջազգային խորհրդարանական հարթակներում միմյանց սատարելու տեսանկյունից: Նա արդյունավետ աշխատանք է մաղթել Լատվիայի Հանրապետությանը ԵՄ խորհրդի նախագահությունում:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` ԱԺ փոխնախագահը դատապարտել է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարքագիծը` արձանագրելով, որ Թուրքիան համառորեն շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լատվիան Հայոց ցեղասպանությանը նվիրված ոգեկոչման արարողություններին կներկայանա բարձր մակարդակով: Նա իր երախտագիությունն է հայտնել լատվիացի խորհրդարանականներին Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար: Սաեյմայի փոխնախագահ Ինեսե Լիբինա-Էգներեն իր հերթին նշել է, որ Լատվիան ըմբռնում է հայ ժողովրդի ցավը:
Երկուստեք կարեւորվել է բոլոր հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
ԱԺ փոխնախագահը Ազգային ժողովի Պատվո մեդալով է պարգեւատրել Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտեւին հայ-լատվիական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: