«Հակակոռուպցիոն խորհրդում պետք է լինեն անձինք, ովքեր մասնագիտացված են կոռուպցիայի դեմ պայքարում»

Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում պետք է ընդգրկված լինի սոցիալական ոլորտը, այս կարծիքին է ՀԵԻԱ Գեղարքունիքի ռեգիոնալ համակարգող Նելլի Հայրապետյանը: «Կան շատ ոլորտներ, որոնք ավելի կոռումպացված են և որոնց դեմ պետք է մշակվի հակակոռուպցիոն միջոցառումներ, բայց դուրս է գալիս, որ այդ ոլորտները ընդգրկված չեն հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում»,-ասաց նա: Տիկին Հայրապետյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում շատ են կոռուպցիոն ռիսկերը, հատկապես սոցիալական ոլորտում:

Նա համամիտ չէ խորհրդի կազմի հետ, քանի որ ըստ նրա՝ 2 հասարակական կազմակերպությունների թիվը շատ քիչ է և նպատակահարմար է ՔՀԿ-ների թիվն ավելացնել. «Կարծում եմ, որ 2 հասարակական կազմակերպությունները չեն կարող ձայների գերակշիռ մաս կազմել, այդ պատճառով նրանց ձայնը և նրանց որոշումները տեղ չեն հասնի և ուժ չեն ունենա»,- փոխանցեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հարկավոր է փոփոխել խորհրդի կազմը. «Հակակոռուպցիոն խորհրդում պետք է լինեն անձինք, ովքեր մասնագիտացված են կոռուպցիայի դեմ պայքարում, ովքեր դրա գիտակն են և կարող են պայքարել, մինչդեռ խորհրդի կազմն հակառակի մասին է խոսում»,- ասաց նա:

Տիկին Հայրապետյանը կողմ է, որ խորհրդի կազմում լինեն ընդդիմադիր կուսակցությունների և բիզնես սեկտորի ներկայացուցիչներ: Այդուհանդերձ, ըստ ՀԵԻԱ անդամի՝ ներկայիս կազմով անհնար է, որ խորհուրդը կատարի արդյունավետ աշխատանք, ուստի՝ կկրկնվի նախկին տարիների հակակոռուպցիոն ռազմավարությունների պատմությունը:

Մեր զրուցակիցը նաև անդրադարձավ ծրագրի ժամկետներին: Ըստ նրա մինչև 2018 թվականը ծրագրի բոլոր կետերն ավարտին չեն հասցրվի, ինչպես որ եղավ նախորդ ռազմավարությունների պարագայում, որն էլ հանգեցրեց անարդյունավետ պայքարի:

Ելենա Արամյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ