Տաքսու վարորդները փորձեցին փակել Հանրապետության հրապարակի երթևեկելի մասը

Մարտի 2-ին՝ կեսօրից տաքսի ծառայություն իրականացնող անհատ ձեռներեցները բողոքի ցույց են սկսել Հանրապետության հրապարակում: Նախ նրանք փակել էին երթևեկելի հատվածը՝ թողնելով ընդամենը մեկ գոտի: Ոստիկանների հետ բանակցությունների արդյունքում տաքսու վարորդները բացեցին երթևեկելի հատվածը:

Վարորդները դժգոհում են լիցենզավորման նոր կարգից, ըստ որի՝ Երևանում տաքսի ծառայություն մատուցելու համար սահմանվել է 12 հազար դրամ ամսական տուրք, եռամսյակային կտրվածքով՝ 34 հազար, տարեկան՝ 120 հազար դրամ: Բացի այդ, տաքսու վարորդները բողոքում էին հաշվիչների տեղադրման պահանջից՝ նշելով, որ դրա արժեքը բավականին բարձր է՝ 50 հազար ՀՀ դրամ, ինչպես նաև նրանք հայտնեցին, որ իրենց աշխատանքը բարդացնում են անհիմն տուգանքներն ու կարմիր գծանշանների առկայությունը:

Տաքսու վարորդների հետ բանակցելու համար հրապարակ է ժամանել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, վարորդները նրան հայտնեցին իրենց դժգոհությունները: Բանակցությունները շարունակելու նպատակով տաքսու վարորդներից 5 հոգի բարձրացան նախարարություն՝ Արթուր Առաքելյանի հետ քննարկելու առկա խնդիրները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել