Ռազմական ինստիտուտի կուրսանտ, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալ Գնել Թևոսյանի հանդեպ բռնություններ են եղել` ցուցմունքներ կորզելու համար. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը:
Նա նշեց, որ այս հանցագործության վերաբերյալ հաղորդում են տվել, և այժմ պետք է կատարվեն քննչական գործողություններ: Փաստաբանը հայտնեց նաև, որ իր պաշտպանյալի հանդեպ ֆիզիկական ճնշումները կատարվել են նրան բերման ենթարկելու և ցուցմունքներ տալու ժամանակ, երբ ինքը դեռևս գործով որպես փաստաբան ներգրավված չի եղել:
Գործով անցնող մյուս մեղադրյալ Նորայր Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանն էլ հայտնեց, որ իր պաշտպանյալի հանդեպ ճնշումներ չեն եղել, այս պահին սպասում են նշանակված մեծաթիվ փորձաքննությունների պատասխաններին, և դրանք ստանալուց հետո կորոշեն հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն: