ՀՀ ԴԱՀԿ ծառայության պատվիրակության աշխատանքային այցի առաջին օրը կայացավ հանդիպում Սերբիայի Հանրապետության նախագահական նստավայրում: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին և պատվիրակության անդամներին ընդունեց Սերբիայի Հանրապետության Նախագահի խորհրդական պարոն Օլիվեր Անտիչը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԴԱՀԿ ծառայության լրատվական բաժինը:
Հանդիպման սկզբում, ողջունելով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին և պատվիրակության անդամներին, պարոն Անտիչն ընդգծեց, որ պատիվ ունի ընդունելու բարեկամական երկրից բարեկամական երկիր ժամանած պատվիրակությանը և կարևորեց երկու երկրների միջև տարբեր մակարդակներով փոխադարձ կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Նախագահի խորհրդականն անդրադարձ կատարեց նաև հարկադիր կատարման գործառույթի նշանակությանը յուրաքանչյուր երկրում արդարադատության պատշաճ իրականացման գործընթացում:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն իր հերթին ներկայացրեց ՀՀ հարկադիր կատարման ծառայության գործառույթները, տեղը և դերը պետական մարմինների համակարգում, ինչպես նաև՝ այլ պետությունների համապատասխան ծառայությունների հետ համագործակցության ներկայիս շրջանակները և զարգացման հեռանկարները:
Միհրան Պողոսյանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ ՀՀ ԴԱՀԿ ծառայությունը միջոցներ է ձեռնարկում համագործակցության համար իրավական հիմքերի ձևավորման ուղղությամբ և տեղեկացրեց, որ սույն աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է նաև Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի հետ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրում:
Սերբիայի Հանրապետության Նախագահի խորհրդականի խնդրանքով Միհրան Պողոսյանը մանրամասն ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախապատրաստական միջոցառումները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեղեկացրեց, որ իր հերթին ծառայությունը հրավերներ է ուղարկել շուրջ 35 երկրի հարկադիր կատարման համապատասխան ծառայությունների ղեկավարներին՝ սույն թվականի ապրիլի 26-ին այցելելու Հայաստան և ծառայության հետ միասին հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Լուսանկարը՝ harkadir.am-ի: