Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, անկեղծ ասած, մտածում եմ, որ այդ աղետը պետք է իսպառ վերացած լիներ մեր կենցաղից, առօրյայից և առհասարակ մենք այդ չարիքի մասին պետք է խոսեինք անցյալ ժամանակով:
Վաղուց մեր միջից պետք է վերացած լիներ այն մտածելակերպը, որ եթե պաշտոնյա ես, ուրեմն պետք է անպայման հարուստ և գեր լինես: Պաշտոնյաները պետք է ազնվությանն ու արդարությանը շիտակ նայելու ունակություն ունենան: Հպարտությամբ եմ միշտ բարձրաձայնել և ուզում եմ դա լինի վարակիչ: Պատկերացումներս կոռուպցիայի դեմ պայքարի մասին եղել են անզիջում և խիստ:
Իմ աշխատանքում ոչ միայն ինքս եմ պահպանել օրինականությունը, անաչառությունը, այլև այն դարձրել եմ կյանքիս գերագույն սկզբունքնն ու ապրելակերպը: Իսկ պաշտոնավարության հինգ ու կես տարիների ընթացքում թշնամանքով եմ վերաբերվել նման պաշտոնյաներին:
Եվ այսօր ապշում եմ, երբ բարձրաձայնվում է՝ կոռումպացված պաշտոնյաների մասին: Պարզաբանեմ, թե ինչո՞ւ եմ զարմացած: Երբ 2008թ. նշանակվեցի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում՝ ՀՀ նախագահը հստակ հանձնարարեց յուրաքանչյուր իրավիճակում մնալ 1000 տոկոս ազնիվ և անկաշառ, սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի ազնիվ մարդը: Այդ խոսքերն ինձ համար դարձավ կյանքի ուղենիշ:
Առայսօր համոզված եմ և վստահ, որ ՀՀ նախագահը, առանց որևէ բացառության բոլոր պաշտոնյաներին է հորդորել և պահանջել՝ լինել անկաշառ և ազնիվ:
Իսկ այն պաշտոնյաները, ովքեր չեն հասկացել այդ խոսքերի արժեքը՝ պարզապես մոլորյալներ են և ուշ թե շուտ՝ քրեական օրենսդրությունը խստագույնս ողբալու է նրանց համար»: