Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները, ովքեր քրեական գործի շրջանակներում անցնում են որպես տուժողի իրավահաջորդ, ցանկանում են հրաժարվել իրենց շահերը ներկայացնող փաստաբան Երեմ Սարգսյանի ծառայություններից:
Այսօր նրանք բողոքի ակցիա են արել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ, և նույնիսկ ներս են մտել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակ և պահանջել նրանից` զանգահարել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և նրա հետ հանդիպում կազմակերպել: Սակայն Րաֆֆի Ասլանյանը չի կատարել նրանց պահանջը և ինքն է լքել աշխատասենյակը:
Լարված այդ պահին Ավետիսյանների հարազատներից մեկը հայտնել է, թե չի ցանկանում աշխատել փաստաբան Երեմ Սարգսյանի հետ, քանի որ եթե նա լավ փաստաբան լիներ, այդ պահին իրենց կողքին կլիներ: Իրավաբան.net-ի հետ զրույցում սակայն տուժողի իրավահաջորդ Արթուր Ավետիսյանը ասաց. «Ես միայն կասեմ, որ նման բան չկա, ես շարունակելու եմ աշխատել Երեմ Սարգսյանի հետ:
Իսկ փաստաբանից հրաժարվելու մասին հայտարարություն արած կնոջ ամուսինը այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին: