Թրաֆիքինգի ենթարկված անձիք կազատվեն պատասխանատվությունից` հարկադրաբար զանցանք կատարելու համար

Թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձիք այսուհետև կազատվեն վարչական պատասխանատվությունից` հարկադրաբար զնացք կատարելու համար: Այս մասին սահմանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21.1 հոդվածը, որը երկու ամիս առաջ է ներառվել օրենսգրքում:

«Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձն ազատվում է այն իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից, որը կատարել է հարկադրաբար՝ իր նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում»,- սահմանում է 21.1 հոդվածը:

Նշենք, որ նույն օրենսգրքի 1791 հոդվածը պատասխանտվություն է սահմանում պոռնկությամբ զբաղվելու համար. «Պոռնկությամբ զբաղվելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ): Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի (40 հազար դրամ) չափով»:

Եվ քանի որ մարդիկ հիմնականում սեռական շահագործման են ենթարկվում թրաֆիքինգի և նման մյուս հանցագործությունների դեպքերում, ապա նման հոդվածի առկայությունը օրենսգրքում կարևորվում է հենց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության տեսանկյունից: Եթե հաստատված է, որ անձը զանցանքը կատարել է հարկադրաբար և համարվում է տուժող, ապա նրա հանդեպ սանկցիայի կիրառումը փաստացի ևս մեկ անգամ տուժող է դարձնում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստեց նաև փաստաբան Օլգա Սաֆարյանը, ով թրաֆիքինգի վերաբերյալ դատական գործերով տուժողների շահերն է ներկայացնում: Թեև նա նշեց նաև, որ իր պրակտիկայում նման դեպքեր չեն եղել:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք այս հոդվածը լուսանցք է թողնում պոռնկությամբ կամ այլ զանցանք կատարողներին պատասխանտվությունից խուսափել համար, Օ. Սաֆարյանը պատասխանեց. «Հոդվածում շեշտվում է «հարկադրաբար» բառը, այսինքն` որևէ մեկը հարկադրել է նրան այդ արարքը կատարել և պետք է ապացուցվի, որ նա կատարել է հարկադրաբար, հակառակ դեպքում այս հոդվածը տվյալ անձին վերաբերել չի կարող: Անձը չի կարող ասել, գիտեք` ինձ կյանքն է հարկադրել»:

Փաստաբանը հայտնեց նաև, որ եթե զանցանք կատարած անձը հայտնում է, թե իր հանդեպ հարկադրանք է եղել, ապա պետք է հայտնի նաև, թե ով է հարկադրել: Եվ այս դեպքում արդեն հարկադրողի հետ կապված պետք է քրեական գործ հարուցվի Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով` մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել