ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել

Փետրվարի 13-ին Կորյուն Նահապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Օրակարգը հաստատելուց հետո հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է պաշտպանության նախարարության զորամասերի, ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ինչպես նաեւ նախարարության համակարգում գործող մշակութային եւ լրատվական հաստատությունների գործունեության օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է նշված հաստատություններին տալ պետական հիմնարկի կարգավիճակ, ընդ որում, պարոն Նազարյանի դիտարկմամբ, զորամասերն ստեղծվելու են պաշտպանության նախարարի հրամանով, իսկ ռազմաբժշկական, ռազմաուսումնական եւ նախարարության համակարգում գործող մշակությային եւ լրատվական հաստատություններն ստեղծվելու են կառավարուության որոշմամբ:

Արա Նազարյանը նշել է, որ զորամասի կանոնադրությունը, գործունեության խնդիրները, նպատակները, գործառույթները, կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող գույքի, այդ թվում նաեւ զենքի ու ռազմամթերքի կազմը, դրանց օգտագործման կարգն ու գործունեության հետ կապված այլ հարաբերություններ հաստատվելու են նախարարի հրամանով: Իսկ կառավարության որոշմամբ ստեղծվող ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ինչպես նաեւ նախարարության համակարգում գործող մշակութային ու լրատվական հաստատությունների անվանումը, գտնվելու վայրը, գործունեության խնդիրները, նպատակները եւ գործառույթները սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:

Պարոն Նազարյանը նշել է, նաեւ, որ ըստ նախագծի` զորամասերն ու համապատասխան հաստատությունները կունենան ինքնուրույն հաշվեկշիռ, պետական զինանշանի պատկերով ու զորամասի պայմանական համարով կլոր կնիք, ինչպես նաեւ զորամասի պայմանական համարով ձեւաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ: Այս բոլոր հաստատությունների գույքը ձեւավորվելու է պաշտպանության նախարարության կողմից զորամասերին ամրակցված գույքից, որը հաշվառվում է զորամասի հաշվեկշռում: Կառավարության ներկայացուցիչը վստահեցրել է` զորամասերն ու համապատասխան հաստատություններն իրավունք են ունենալու իրենց կցված գույքն ինքնուրույն օգտագործելու, սակայն ոչ օտարելու կամ վարձակալությամբ հանձնելու:

Զորամասերն ու համապատասխան հաստատությունների պահպանման ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներից, իսկ ֆինանսական գործունեությունն իրականացվելու է «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաեւ ֆինանսական կառավարման եւ հսկողության գործընթացը կանոնակարգող այլ օրենքներով ու իրավական ակտերով:

Օրենքների նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն: Այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել