Զգուշացեք սոցիալական ցանցում կեղծ օգտատերերից

Ամուսնալուծված, երկու երեխաների մայր, 32-ամյա Արուսի Թ.-ն, ով ատամնաբուժական կլինիկայում բուժքույր է աշխատում, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 23-ին «Զարե Խաչատրյան» ծածկագրված հաշվից «Odnoklasniki.ru» ինտերնետային համացանցի միջոցով իր հարևանուհի` Երևանի բնակչուհի Անահիտի Թ.-ի մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով նրանից պահանջել է 250000 ՀՀ դրամ գումար:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արուս Թ.-ն դատարանում իրեն մեղավոր ճանաչել է և ցուցմունք տվել այն մասին, որ հարևանուհի Արուս Հ.-ի հետ գտնվել է մտերիմ փոխհարաբերությունների մեջ։ 2012 թվականի գարնանն ինքն Անահիտ Հ.-ից պարտքով 800 ԱՄՆ դոլար գումար է վերցրել, որը խոստացած ժամանակում չի կարողացել վերադարձնել, ինչի պատճառով իրենց փոխհարաբերություններն սրվել են։ Ստիպված մեկ ուրիշից պարտքով վերցրել է 800 ԱՄՆ դոլար և մարել Անահիտի պարտքը։ Որոշ ժամանակ անց մտադրվել է վրեժ լուծել Անահիտից։ Այդ նպատակով որոշել է նրա մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով գումար պահանջել և 2012թ. դեկտեմբերի 23-ին «Զարե Խաչատրյան» ծածկագրված կայքից «Odnoklasniki.ru» համացանցի միջոցով Անահիտին հայտնել է, որ նրան տեսել է տղամարդու հետ հյուրանոցից դուրս գալիս և այդ տեղեկությունը չտարածելու համար նրանից պահանջել է 250.000 դրամ գումար։

Բացի ամբաստանյալի խոստովանական ցուցմունքից, նրա կատարած հանցանքը հիմնավորվել է գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված հետևյալ մի շարք այլ ապացույցներով:

Հետազոտելով և վերլուծելով գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված վերը նշված ապացույցները դատարանը հաստատված է համարել Արուս Թ.-ի կողմից Անահիտ Հ-ի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքի միջոցով շորթում կատարելու փաստը։
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս` պատժի տեսակը և չափը որոշելիս, դատարանը հաշվի է առնում նրա կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները` այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։

Որպես ամբաստանյալ Արուս Թ.-ի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առել այն, որ նրա խնամքի տակ են գտնվում երկու անչափահաս երեխաները, ամբաստանյալն անկեղծորեն զղջացել է կատարածի համար և տվել խոստովանական ցուցմունքներ։
Դատարանը ամբաստանյալին նկատմամբ որպես պատիժ նշանակել է տուգանք 450.000 (չորս հարյուր հիսուն հազար) դրամի չափով։

Արուս Թ.-ն 2013թ. «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ որոշման համաձայն ազատվել է նշանակված պատժի կրումից:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները և անունները կարող են չհամընկնել իրականության հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել