Բերման ենթարկված երիտասարդների մոտ հայտնաբերվել է նաև կանացի սև զուգագուլպայից պատրաստված դիմակ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 9-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 85 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արման Ն.-ին և 1991 թ. ծնված Աշոտ Ա.-ին, իսկ ժամը 09.40-ին Սվաճյան փողոցի թիվ 40 շենքի մոտից` 1996 թ. ծնված Էլզա Մ.-ին և 1992 թ. ծնված Արտյոմ Դ.-ին` վերջինիս վարած «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենայով:

Աղբյուրի փոխանցմամբ` խուզարկությամբ Արման Ն.-ի մոտից հայտնաբերվել է 11.7 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով ծալովի դանակ, ռետինե սև բռնակով բացովի երկաթյա զսպանակավոր մահակ, ռետինե բռնակով` 38 սմ ընդհանուր երկարությամբ պտուտակահան, լապտեր, կանացի սև զուգագուլպայից պատրաստված դիմակ, մեկ զույգ կենցաղային ռետինե ձեռնոց և 100 դոլար անվանական արժողության ակնհայտ կեղծ 3 թղթադրամ, իսկ Աշոտ Ա.-ի մոտից` կանացի սև զուգագուլպայից պատրաստված դիմակ և մեկ զույգ շինարարական ձեռնոց: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել