Մանրամասներ Նոր Նորքի 4-րդ զանգվածի շենքերից մեկում բռնկված հրդեհի դեպքից

2015 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին Գյուլիքեւխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետեւանքով նույն բնակարանի բնակչուհի, 1968 թվականին ծնված Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի» եւ վերջինիս անչափահաս, 9-ամյա որդին՝ «բաց գանգուղեղային վնասվածք եւ մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բնակարանից հայտնաբերվել եւ առգրավվել է բջջային հեռախոս։ Հյուրասենյակում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բազմոցին կիպ պատի վրա՝ երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սր-ն է» , որից վերցվել են պատի քերուկներ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրավաբան.net-ը՝ 2006 թվականին ծնված երեխային վիրահատել են, նրա վիճակն ծանր էր, անկայուն, գտնվում էր ռեանիմացիոն բաժանմունքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել