Այսօր ՀՀ նախագահականի դիմաց հավաքվել էին «HSBC» բանկի նախկին աշխատող Ա․ Ա․-ի հարազատները:
Հիշեցնենք` Ա․ Ա․-ն ու Էդգար Կարաքեշիշյանը մեղավոր են ճանաչվել «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարելու մեջ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ա․ Ա․-ին դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն` ապարդյուն (գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ` այստեղ):
Ա․ Ա․-ի հարազատները դեռ նախորդ տարի, երբ հայտնի չէր Վերաքննիչ դատարանի վճիռը, հացադուլ էին սկսել նախագահականի դիմաց: Այս անգամ ԱԱ․ Ա․-ի հոր` Լավրենտի Առուշանյանի խոսքերով` հացադուլ են իրականացնելու գերդաստանի 10 անդամերով` Ա․ Ա․-ի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու պահանջով:
Ա․ Ա․-ի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դիմել է Վճռաբեկ դատարան. «Ակնկալիքս այն է, որ վարույթ կընդունվի գործը և գոնե Վճռաբեկ դատարանն իրավական որոշում կկայացնի, ինչպես նաև գնահատական տա առաջին ատյանի դատարանի վարկածի հիման վրա դատավճիռին կամ էլ Վերաքննիչ դատարանի կողմից իր լիազորությունների սահմանների անցմամբ կայացրած որոշմանը: Վերջին հաշվով, այսօր մենք ունենք 4 դատական ակտ, որոնցից ամեն մեկը մյուսին հակասում է»,- ասաց պարոն Սիմոնյանը: