Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի անդամներ Մարգարիտ Եսայանը, Էդմոն Մարուքյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Տաճատ Վարդապետյանը: Հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը նշել է, որ Եվրոպան եղել եւ մնում է հայ ժողովրդի մեծ բարեկամը, եւ որ հայ ժողովուրդը եվրոպական արժեքների եւ քաղաքակրթության կրողն է: Պատգամավորի դիտարկմամբ` Եվրամիության հետ համագործակցությունը Հայաստանի համար շատ կարեւոր է. Եվրոպան առանցքային գործընկեր է համարվում ոչ միայն առեւտրա-տնտեսական, այլ նաեւ քաղաքական առումով: Ըստ բանախոսի` Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավորինս բոլոր ուղղություններով խորացնելու նախաձեռնությանը: Բացի այդ` Հայաստանը վստահ է, որ առաջիկայում կգտնեն իրավապայմանագրային այն ձեւաչափը, որի հիման վրա կկառուցվեն Հայաստան-ԵՄ ապագա հարաբերությունները:
Հանձնաժողովի ղեկավարը փաստել է, որ Եվրոպական խորհրդարանի գործընկերներն ըմբռնումով են մոտեցել Հայաստանի կատարած ընտրությանը, ինչը լավ նախապայման է երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու համար՝ միաժամանակ չհակասելով Հայաստանի ստանձնած մյուս միջազգային պարտավորություններին:
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ առաջին անգամ է Հայաստանում եւ տպավորված մեր երկրով: Նա կարեւորել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը եւ վստահություն հայտնել, որ Եվրամիությունը կշարունակի փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում: Պարոն Չառնեցկիի համար արդյունավետ են եղել նաեւ Հայաստանում քաղաքական ուժերի հետ հանդիպումները:
Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամ մյուս պատգամավորները եւս խոսել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին` նշելով, որ ԵՏՄ-ին անդանմակցելը չի կարող խանգարել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը:
Լուսանկարը՝ parliament.am-ի: