«Սարդարյան եղբայրներ» ընկերությունում փաստաբանությունը դարձել է ընտանեկան մասնագիտություն: Ընկերության հիմնադիր, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Կարեն Սարդարյանի խոսքերով` այս գրասենյակում գործում են ունիվերսալ փաստաբաններ: Պարոն Սարդարյանը նաև փոխանցեց, որ «Սարդարյան եղբայրներ» փաստաբանական ընկերության հաղթանակները ընդհանուր գործերի 90 տոկոսն են կազմում: Ո՞րն է գաղտնիքը ու ի՞նչ սկզունքներով է առաջնորդվում այս գրասենյակը: Մանրամասները` «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի հերթական հարցազրույցում:
Պարոն Սարդարյանը, խնդրում եմ նեկայացնել «Սարդարյան եղբայրներ» փաստաբանական գրասենյակը:
Մեր կազմակերպությունn անվանվում է «կոնսիգլերի», որը թարգմանաբար նշանակում է խորհրդատու: Քանի որ աշխատանքի բովանդակության և ծավալի մեջ շատ մեծ տեղ է զբաղեցնում խորհրդատվությունը, մենք որոշեցինք այդպիսի անվանում վերցնել: Կազմակերպությունը բացվել է 4 տարի առաջ:
Ինչպե՞ս հիմնադրվեց ձեր գրասենյակը և ի՞նչ գործողություններ եք իրականացնում:
Ի սկզբանե կազմակերպությունը հիմնել ենք երկու եղբայրներով և մեր ներկայիս տնօրենը` Վահե Մնացականյանը: Հարազատ եղբայրս` Արսեն Սարդարյանն ու Վահե Մնացականյանն ավարտել են Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի մագիստրատուրան, եղել են իմ ուսանողները: Ես արդեն 9 տարի է, ինչ աշխատում եմ իրավաբանական ֆակուլտետում, սկզբում որպես դեկան, ներկայումս` որպես իրավունքի տեսության բաժնի վարիչ: Սկզբնական շրջանում իրավաբանական գրասենյակ բացելու գաղափարը պայմանավորված էր նաև ուսանողների պրակտիկայի կազմակերպմամբ: Ես այս հարցին նայում էի որպես դեկան, ամբիոնի վարիչ և դասախոս: Նպատակ ունեի ստեղծել մի պրոֆեսիոնալ կառույց, որը և՛ ծառայություններ կմատուցի, և՛ եկամուտ կապահովի, ինչպես նաև կլուծվեր ուսանողների պրակտիկայի հարցը: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ներկայիս մեր աշխատակիցները Սլավոնական համալսարանի շրջանավարտներ են:
Իրավունքի ո՞ր ոլորտում է մասնագիտացված Ձեր փաստաբանական գրասենյակը:
Մեր նպատակն էր ստեղծել ունիվերսալ փաստաբանական գրասենյակ: Ես գտնում եմ, որ պրակտիկ իրավաբանությունը, մասնավորապես` փաստաբանական գործունեությունը, պարզապես հնարավոր չէ խիստ ձևով առանձնացնել ըստ իրավունքի ճյուղերի, որովհետև կյանքում առաջացող դեպքերը, որպես կանոն, բազմակողմանի են: Չիմանալով և չհասկանալով իրավունքի բոլոր ճյուղերի ընդհանուր մոտեցումներն ու նրբությունները` ուղղակի հնարավոր չէ ճիշտ լուծումներ գտնել: Այսօր շատ գործեր կան, որոնք առաջին հայացքից կարող են թվալ քաղաքացիաիրավական բնույթի, բայց ավելի մանրամասն անալիզի ենթարկելու դեպքում, տեսնում ենք, որ այդ գործերում կա հանցակազմ և հակառակը` շատ գործեր կան, որ որպես քրեական գործ հարուցվում են, այնուհետև արդարացման դատավճիռ ենք ունենում, քանի որ դատարանը գտնում է` գործը քաղաքացիաիրավական բնույթ է, հանցակազմ չի պարունակում: Փաստաբանը, իմ համոզմամբ, պետք է հավասարապես հասկանա և կարողանա կողմնորոշվել իրավունքի բոլոր ճյուղերում: Անձամբ իմ կենսագրությունը ևս դրան նպաստել է: Ես 1996 թվականին ավարտել եմ ԵՊՀ-ն, աշխատել եմ դատախազությունում որպես քննիչ` մասնագիտանալով քրեական իրավունքի բնագավառում, այնուհետև 2001 թվականից աշխատել եմ Երևանի քաղաքապետարանում, որպես իրավաբանական վարչության պետի տեղակալ, այնտեղ մասնագիտացել եմ իրավական այլ ինստիտուտների ճյուղերում:
Ոլորտային սկզբունքներից առաջինը, ըստ էության, զանազանությունն է, իսկ ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում քաղաքացիների հետ աշխատանքում:
Մեր ծառայություններից օգտվող անձը պետք է գոհ մնա, հարկավոր է օրենքով նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկել ցանկալի արդյունքին հասնելու համար: Փաստաբանի համար բարոյական է այն, ինչ օգտակար է իր հաճախորդի համար: Պետք է ամեն ինչ անել, որ հաճախորդը ստանա իր կողմից ակնկալվող արդյունքը: Բացի այդ, մենք կարևորում ենք պրոֆեսիոնալիզմը: Աշխատակիցների ընտրությանը շատ խիստ ենք մոտենում:
Միջազգային շուկայում աշխատանք կատարո՞ւմ եք, այսինքն` գործեր ունեք, որոնք այլ հարթակներում են:
Մենք ունենք հաճախորդներ արտասահմանյան երկրներից, որոնց համար ծառայություններ ենք մատուցում ՀՀ-ում: Նաև ունեցել ենք հաճախորդներ, որոնց համար որոշ ծառայություններ իրականացրել ենք արտերկրում, մասնավորապես ՌԴ-ում: Հայ-ռուսահական Սլավոնական համալսարանում ուսումնասիրվում է և՛ ՌԴ-ի, և՛ ՀՀ-ի օրենսդրությունը, այս բուհի շրջանավարտներից է կազմված մեր կոլեկտիվը, մեր փաստաբանները գերազանց տիրապետում են Ռուաստանի և Հայաստանի օրենսդրությանը: Ունենք փաստաբաններ, որոնք լավ տիրապետում են նաև անգլերենին, կարողանում ենք նաև անգլիախոս հաճախորդների շահերը պաշտպանել: Մեր պոտենցիալ հնարավորությունները թույլ են տալիս արտասահմանյան երկրում ևս լիարժեք փաստաբանական ծառայություն մատուցել:
Ի՞նչ հաջողություններ եք գրանցել գործունեության 4 տարիների ընթացքում:
Ընդհանուր գործերի մակարդակով, եթե դիտարկենք, ապա մեր հաղթանակները քաղաքացիական գործերով 90 տոկոսից ավելին են կազմում, իհարկե, քրեական գործերով այդքան մեծ տոկոս չեն կազմում, բայց ամեն դեպքում շատ են: Այսինքն` Հայաստանի պայմաններում շատ են:
Իսկ գաղտնիքը ո՞րն է:
Նա է, որ փաստաբանությունն ընտանեկան մասնագիտություն է դարձել: Քանի որ մեր հայրը ճանաչված, պրոֆեսիոնալ իրավաբան է եղել, մենք մանկուց այս մասնագիտությամբ ապրել ենք` ես, եղբայրս և քույրս: Բացի այդ մարդ պետք է իր վրա մշտապես աշխատի` խորացնելով թե՛ տեսական, թե՛ պրակտիկ գիտելիքները:
Հարցազրույցը` Գևորգ Թոսունյանի
Լուսանկարները` Զաքար Իսկանդարյանի
Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան
Այս շարքի մյուս հարցազրույցներն են`
Եթե գործը վերցնում ես, պետք է մինչև վերջ տանես. «Մեժլումյան և Պետրոսյան» գրասենյակ
Ոչ մի երկրում իդեալական դատական համակարգ չկա, մեզ մոտ ևս. Լևոն Գևորգյան
Փաստաբանի աշխատանքում ամենակարևորը անհատական շփումներն են. Վարուժան Վարդանյան
Իրավաբանի մասնագիտությունը նաև պարտավորեցնում է բարոյական առումով. Գրիգոր Մինասյան
Իրավաբանական ընկերություններում կարևորը մարդիկ են. Սեդրակ Ասատրյան
«ԱրՆի» փաստաբանական գրասենյակն առաջինն է հաղթել ՄԻԵԴ-ում դատական գործն ընդդեմ Հայաստանի
Փաստաբանական ինստիտուտի զարգացմանը խոչընդոտում սոցիալ-տնտեսական վիճակը
«Ընկերությունը պատվիրատուների խնդիրները լուծում է միայն իրավական ճանապարհով». Արա Զոհրաբյան
«ԼեգալԼաբ»-ի իրավաբանները որոշել են ոլորտում աշխատանքային մշակույթ զարգացնել
«Գործը ստանալիս` թիմով ենք աշխատում, թիմով ենք պատասխանատու». իրավաբանական ընկերության համահիմադիր
Իրավական պետության գաղափարը բոլորին օրենքի առաջ հավասարազոր տեսնելն է