Այսօր, գրեթե բոլոր առևտրի կետերում հանդիպում ենք հետևյալ հայտարարությանը. «Գնված ապրանքը ետ չի ընդունվում»: Նմանօրինակ ձեռնարկատիրությամբ զբաղվողներից շատերը գիտեն, որ նման հայտարարությունը չի բխում ՀՀ օրենսդրությունից: Իսկ արդյո՞ք այդ մասին գիտեն նաև սպառողները:
Այսպես, համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` Սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, և եթե վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել`
ա) ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում.
բ) գնման գնի համաչափ իջեցում.
գ) նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում.
դ) այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով.
ե) առուվաճառքի պայմանագրի լուծում:
Բայց այս դեպքում, սպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը: Ընդ որում, սպառողն իրավունք ունի պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքով իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: