ԿԲ նախագահի տեղակալը զեկուցեց դրամի արժեզրկման և գնաճի մասին

ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին արտահերթ զեկույցով հանդես գալ: Պարոն Երիցյանը նշեց, որ վերջին շրջանում միջազգային շուկաների և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում` արժույթային շուկայի տատանումները նպաստել են ներքին արժույթային շուկայում դրամի արժեզրկմանը, ինչպես նաև ձևավորված սպասումների ներքո նաև հանգեցրել են փոխարժեքի կատարողականության աճին. «Ցավոք սրտի, ձևավորված սպասումներն այսօր հեռու են մեր տնտեսության հիմնարարներից, այդուհանդերձ, որոշակի մտահոգությունների տեղիք են տվել, որովհետև նաև ճշգրտվում է փոխարժեքը: ԿԲ-ն հաստատում է իր պատրաստակամությունը և ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին, որպեսզի կայունացնի իրավիճակը: Գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր գործիքները և միջոցները»,- շեշտեց պարոն Երիցյանը:

Նա նաև ընդգծեց. «Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը, Կառավարությանն համար ասեմ` մեր պահուստները համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին, այդ իմաստով որևիցե խնդիր չենք տեսնում»:

ԿԲ պաշտոնյանը նաև հավելեց, որ հասարակության շրջանում առկա են մտահոգություններ բանկերի հետ կապված. «Բանկային համակարգի կայունությունը նույնպես ապահովված է, երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով: Բանկերն իրենք էլ ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն` կանխիկ և անկանխիկ»:

Գնաճի վերաբերյալ պարոն Երիցյանը նշեց. «Կենտրոնական բանկի գնհատամամբ գների կայունության հետ կապված զգալի ռիսկեր չենք տեսնում, և գնաճի ցուցանիշը 2015-15 թվականներին կգտնվի նպատակային ցիցանիշի շուրջ, որը մենք թվերով ասում ենք 4, պլյուս-մինուս մեկ ու կես տոկոսի շրջանակներում: Այս տարվա համար կլինի 4 տոկոսի շրջանակներում, եկող տարի` 4 պլյուս-մինուս մեկ ու կես տոկոսի շրջանակներում` հաշվի առնելով վերջին զարգացումները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել