Այսօր Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազն ու տուժող կողմի ներկայացուցիչը առարկեցին պաշտպանական կողմի միջնորդության դեմ:
Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նախորդ դատական նիստին միջնորդել էր նշանակել կրկնակի հանձնաժողովային, դատահետաքաբանական, դատաբժշկական փորձաքննություններ:
Մեղադրող դատախազն ու տուժող կողմը առարկեցին: Առարկության վերաբերյալ անհամաձայնություն ուներ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, նա ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատավորը թույլ չտվեց՝ պատճառաբանելով, որ նման ընթացակարգ չկա: Փաստաբանը նշեց, որ ՝ լրացում ունի անելու, նա պնդեց, որ իր առարկության մեջ մեղադրողը 180 աստիճանով փոխել է մեղադրական եզրակացության ուղղությունը, դատարանը կրկին թույլ չտվեց շարունակել ելույթը:
Ծագեց վիճաբանություն, որի արդյունքում դատավորը դատական սանկցիա կիրառեց փաստաբանի նկատմամբ՝ նրան տալով նախազգուշացում. «Դատարանը թույլ չի տա, որ նիստը վերածվի թատրոնի»,- հայտարարեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը:
Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությանը միանալով՝ Վարդան Պետրոսյանի մյուս պաշտպանը՝ Սամվել Ջաղինյանը դիմեց դատավորին. «Եթե դուք մերժեք մեր միջնորդությունը, ապա հիշատակեք այն նիստը կամ գործի այն դրվագը, որտեղ մեր հարցերի պատասխանները կան: Հարգելի դատարան, նշանակեք համալիր փորձաքննություն, գոնե մեկ անգամ շարժվեք օրենքով, որ այլևս հարցեր չմնան»,- նշեց փաստաբանը:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ վերադառնալով մերժեց միջնորդությունը։