Պրոբացիոն ծառայության ներդրման արդյունքում անձը, ով հանցագործություն է կատարել, չի վարակվի քրեակատարողական հիմնարկին բնորոշ հանցավոր ենթամշակույթով: Պատկերավոր ներկայացնում է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:
«Երբ ներդրվի այս ծառայությունը, անձը քրեական վարակվածության չի ենթարկվի: Գտնվելով հասարակությունում` նա արդեն իսկ հասարակական նորմերով է շարժվելու: Այս նորմերը զգալիորեն տարբերվում են քրեակատարողական հիմնարկների մեթոդներից»,- նշեց պարոն Գասպարյանը:
Նա պնդում է, որ այս ծառայության ներդրմամբ կօգտվի նաև անձի ընտանիքը. «Երկրորդ հատվածով մենք պաշտպանում ենք տուժողին, եթե անձը գտնվում է հասարակությունում աշխատելու հնարավորությունը ավելի շատ է լինում, և տուժողին պատճառված վնասի հատուցումը շատ ավելի հեշտ ու ավելի մատչելի է լինում»,- նշեց մեր զրուցակիցը:
Բացի այդ, պրոբացիոն ծառայությունը զգալիորեն կօժանդակի դատական համակարգին. «Դատավորները, որոնք իրավագետներ են կամ իրավաբաններ, անձի մասին տեղեկությունը լավագույն դեպքում հավաքում են կողմերից` փաստաբանից ու քննիչից: Պրոբացիայի ծառայությունը ենթադրում է մարդու հետ աշխատանքի վրա հիմնված ծառայություն, այս առումով մարդու անձնային կարևոր առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրի պրոբացիոն ծառայությունը»,- շեշտեց սոցիոլոգը` միաժամանակ հավելելով, որ տվյալ պարագայում լուծվելու է նաև դատավորների ծանրաբեռնվածության հարցը. «Երբ դատավորը մեկ կամ 10 դատավճիռ կարդալու փոխարեն, կարդում է այդ դատավճիռների անձի բնութագրական հատկանիշները, որոնք, տրված լինելով պրոբացիայի ծառայության կողմից, առավել ամփոփ են լինելու և խորքային»,- նշեց Արշակ Գասպարյանը:
Այս ամենից զատ, ամենակարևոր առանձնահատկությունն այս ծառայության, ըստ սոցիոլոգի, այն է, որ հասարակությունը սխալված քաղաքացուն փորձում է օգնել. «Այստեղ նաև բարձրանում է մարդ արժեքը, երբ դու պատիժը սահմանում ես ոչ թե հոդվածի տեսքով, այլ պատիժը շատ անհատականացնում ես կոնկրետ անձին, այն ինչ որ մեզ մոտ բավականին կաղում է: Այսօր մեր արդարադատությունը դատում է հոդված, այլ ոչ թե մարդ: Պրոբացիայի ծառայությունն ամբողջ քրեական արդարադատությունն ու պատիժների համակարգը բերելու է և կենտրոնացնելու դեպի մարդը` ինչո՞ւ է այդ անձը կատարել հանցագործություն և ինչպես անել, որ հենց այդ անձի համար համապատասխան վերականգնողական ծրագրերը լինեն թիրախային և հասցեական»,- եզրահանգեց ՀԿ նախագահը:
Կարդացեք նաև`
Ի՞նչ է «պրոբացիան»
«Պատիժը հավասար չէ ազատազրկման». պրոբացիոն ծառայությունը կոտրում է արմատացած կարծրատիպը