Ինչպե՞ս հաջողության հասնել կոռուպցիայի դեմ պայքարում

Կոռուպցիայի դեմ պայքարում զգալի հաջողությունների հասնելու համար հարկավոր է ակտիվացնել քաղաքացիական հասարակության անդամների: Հայաստանում այսօրվանից գործելու է Հակակոռուպցիան կոալիցիան, որին անդամակցում է շուրջ 70 քաղաքացիական հասարակության կազմակերպություն: Նոյեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ կոալիցիայի հիմնադրման արարողությունը: Միջոցառումը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն ընթերցեց Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի հռչակագրի նպատակները: Դրանք են.

«Բարձրացնել ՔՀԿ-ների կողմից կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը, նպաստել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը և զարգացմանը: Նպաստել հասարակության հակակոռուպիոն ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի զոհ դարձած քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները»,- շեշտեց պարոն Զադոյանը:

Այնուհետև նա մասնակիցներին ներկայացրեց հակակոռուպցիոն կոալիցիայի աշխատակարգը, նպատակն ու խնդիրները: Քննարկվեց նաև կոալիցիայի անդամության գործընթացը: Միջոցառմանը մասնակից քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան առաջարկություններով, ինչը ներառվեց հռչակագրում և կոալիցիայի աշխատակարգում: Քվեարկության արդյունքում կոալիցիան միաձայն հիմնադրվեց, որից հետո հաստատեց 2015-2016թթ. մոնիթորինգային ծրագիրը:

Այս մարմնի ստեղծումը նախադեպը չունեցող գործողություն է: Խոստովանեցին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները: Կոալիցիայի հիմնադրումից հետո մասնակիցները անդրադարձան նաև ՀՀ 2014-2018թթ.հակակոռուպցիոն ռազմավարության նախագծին: Միջոցառման երկրորդ մասին հակակոռուպցիոն կոալիցիայի անդմաներին միացան ներկայացուցիչներ կառավարությունից, միջազգային և տեղական կազմակերպություններից: Հայտնելով արդարադատության նախարարության դիրքորոշումը` նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շեշտեց, որ միայն պետական մարմինների և կառավարական կառույցների մասնակցությամբ հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ. «Քաղաքացիական հասարակությունը և մեր հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իր մասնակցությունն ունենա այս գործին»,- շեշտեց նախարարի տեղակալը:

Քննարկման մասնակիցները մտահոգություն հայտնեցին, որ ռազմավարության նախագծում ընդգրկված չէ սոցիալական ոլորտը, պարոն Քրմոյանն ասաց. «Սոցիալական ոլորտը այն հինգերորդ պոտենցիալ ոլորտն է, որը ներառվելու է, մենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ քննարկել ենք այդ հարցը և նա նույնպես համաձայն է, որ սա դառնա 5-րդ ոլորտ»:

Հարց բարձրացվեց նաև ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ. «Քրեականացումն այլ խնդիրների կարող է ծառայել, այսինքն` քրեականացնելը ռիսկային հարց կարող է լնել, նաև որոշակի սեփականության վերաբաշխման և այլն: Մեր շատ գործընկերներ շատ զգույշ են մոտենում հարցին, այդուհանդերձ միջոցառումների մեջ այդ հարցը դրվել է, որ պետությունը պետք է այս մասով պատասխանատվության տեսակ ընտրի ռազմավարության գործունեության ընթացքում»,- հավելեց պարոն Քրմոյանը:

ՀԿ ներկայացուցիչները նաև մտահոգություն բարձրացրեցին այն մասին, որ Կոռուպցիայի դեմպայքարի խորհրդում պետք է ներառվեն ընդամենը 2 Հասարակական կազմակերպություններ: Մասնակիցները առաջարկեցին հասարակական կազմակերպությունների համար հատկացնել 5 տեղ:
Մինչդեռ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշեց, որ շատ ավելի նպատակահարմար է, որպեսզի ՀԿ-ները ներգրավվեն որպես դիտորդ. «Այնտեղ այդ ուղղակի ներկայությունը կլինի բավականին ձևական, երկրորդը` պատասխանատվության հարցն է, դուք այնտեղ որպես լիիրավ անդամ եք ներկայացված, ուրեմն ընդունված որոշումների կատարման համար պետք է պատասխանատվություն կրեք»,- եզրահանգեց պարոն Հոկտանյանը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը, ով մշակել է նախագծի հայեցակարգը շեշտեց, որ փաստաթղթի ամբողջ հենքը դրված է ունենալ բարեխիղճ պետական ծառայող. «Հայեցակարգը գրված է այն իրողություններով, որոնք Հայաստանում են եղել և եկել են նախորդ տարիների բացերից»,- փոխանցեց նա:

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ