Խափանման միջոցներից գրավի կիրառման պարագայում կբեռնաթափվեն մեկուսարանները. Լիպարիտ Սիմոնյան

Գրավը կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներից մեկն է: Ըստ այս ինստիտուտի` անձը ազատություն է ստանում որոշակի երաշխիք տալով պետությանը` անշարժ գույքի կամ գումարի տեսքով: Իր պատշաճ վարքագիծը չափահովելու դեպքում, հանցագործություն կատարած անձը կրկին կհայտնվի կալանավայրում, իսկ գրավադրած գույքը կամ գումարը կանցնի պետությանը:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի խոսքերով` մեր իրականությունում հետևյալ իրավիճակն է. «Մոտ 90 տոկոսի դեպքերում գրավը չի կիրառվում դատարանների կողմից: Դա մշտապես միջնորդում է պաշտպանական կողմը»:

Նրա համոզմամբ` գրավի կիրառումը սոցիալական խնդիր է լուծում. «Երբ ընտրվում է կալանավորումը` որպես խափանման միջոց, ըստ օրենքի` անձը պետության հաշվին է պահվում, այսինքն` պետությունը նրա վրա կատարում է որոշակի ծախսեր: Գրավը կիրառելու պարագայում, պետությունն այդ ծախսերը չի կիրառում, այսինքն` հարկատուն այլևս գումար չի ծախսում կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ: Մեզ մոտ ստացվում է հակառակը»,- ասաց պարոն Սիմոնյանը:

Այս ինստիտուտի կիրառման դեպքում կլուծվի նաև մեկուսարանների գերծանրաբեռնվածության հարցը. «Այսօր բոլորիս հայտնի է, որ ահավոր ծանրաբեռնված են մեկուսարանները, 8 տեղանոց խցերում պահվում են տասից ավելի անձիք, իսկ գրավի պարագայում կբեռնաթափվեն այդ մեկուսարանները»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել