Մենք ժառանգել ենք սովետական քրեակատարողական հիմնարկներ, սակայն որդեգրել ենք նոր ՔԿՀ-ների կառուցման քաղաքականություն. Սուրեն Քրմոյան

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է «Ցմահ ազատազրկման և անչափահասների արդարադատության եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները» թեմայով սեմինարին: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու Հայաստանի հելսինկյան կոմիտեի կազմակերպած միջոցառման նպատակն էր ներկայացնել ցմահ ազատազրկման դատապարտվածներին և անչափահասներին առնչվող քրեական իրավունքի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը  ողջունել է ներկաներին և նշել, որ նախարարությունը շատ է կարևորում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նրա խոսքով՝ արդիականացման լայնածավալ աշխատանքներ են տարվում Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի բարեփոխման ուղղությամբ: Խոսելով պատժի նպատակներից՝ նախարարի տեղակալն ասել է, որ այն պետք է ուղղված լինի դատապարտվածին ազատության նախապատրաստելուն, որի արդյունքում անձը  ազատություն կվերադառնա որպես հասարակության լիարժեք անդամ: «Մենք ժառանգել ենք սովետական քրեակատարողական հիմնարկներ, սակայն որդեգրել ենք նոր ՔԿՀ-ների կառուցման քաղաքականություն. շուտով կբացվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը»,- տեղեկացրել է Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով՝ նախարարությունն իր առջև նպատակ է դրել նաև համադրելի դարձնել դատապարտյալների և տուժողների իրավունքները, որի նպատակով Հայաստանում կներդրվի պրոբացիոն ծառայություն. արդյունքում հայ հասարակությունում կարմատավորվի հաշտեցման ինստիտուտը և  հանդուրժողականությունը կդառնա սոցիալական վարքականոն: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Ռադկա Ռուբիլինան նշել է, որ գրասենյակն օժանդակում է ընթացիկ իրավական և դատական ​​բարեփոխումներին և նպատակ ունի աջակցել քրեական արդարադատության արդյունավետության բարձրացմանը: Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը սերտ և արդյունավետ համագործակության համար և նշել, որ այն հիմնված է փոխվստահության վրա: Նրա խոսքով՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներն իրենց գործերը լուրջ վերանայելու անհրաժեշտություն ունեն: Քրեական իրավունքի մասնագետ Գորան Շիմիչը սեմինարի մասնակիցներին է ներկայացրել քրեական իրավունքում պատիժների ընկալման և դրանց նպատակների վերաբերյալ զեկույցը և կարևորել պատժի ու հանցագործության կանխարգելման նպատակները: Նրա խոսքով՝ պատիժը պետք է խարսխված լինի դատապարտյալների վերասոցիալիզացիայի և մյուս քաղաքացիների պաշտպանվածության գիտակցության համադրության վրա: Սեմինարին մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Լուսանկարը՝ moj.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել