Կառավարության կառուցվածքում կկատարվեն փոփոխություններ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչ օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը տեղեկացրել է կառավարության կառուցվածքում առաջարկվող փոփոխությունների մասին, որոնց նպատակն է ապահովել ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքից հանել արտակարգ իրավիճակների նախարարությունը և միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, և ՀՀ կառավարության կազմը համալրել նոր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունով: Այդ կապակցությամբ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով լուծում է տրվում օրենքի կիրառման ընթացքում առաջացած իրավակիրառական խնդիրներին:

ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լևոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի և Մհեր Շահգելդյանի ներկայացրած «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը գտնում է, որ այն չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, մասնավորապես, հասցեականությանը, համարժեքությանը, անձի ակտիվության դրսևորման և ինքնօգնության ունակությունների զարգացմանը: Միաժամանակ, գնահատելով բարձրացված խնդրի կարևորությունը, նախագծի հեղինակներին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ քննարկումից և համագործակցել կառավարության հետ՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի շրջանակում բազմազավակ ընտանիքների աջակցությանը միտված առաջարկությունների համատեղ մշակման աշխատանքում:

Մաքսային գործի իրականացման նպատակով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման՝ Մաքսային Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը, հավանություն է տրվել 2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան և մեղրի փորձաքննությունների ծրագրին, ինչը տեղական արտադրության համար ճանապարհ կբացի դեպի եվրոպական և այլ շուկաներ, խթանելով արտադրության ծավալների աճը, հաստատել է առևտրի վայրի վաճառատեղի տրամադրման տիպային պայմանագրի ձևը:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մուտքի արտոնագրերի ճանաչման մասին» 1992թ. նոյեմբերի 13-ի, «ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի միջև տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի ստեղծման աշխատանքների ֆինանսավորման կարգի մասին» 1997թ. հոկտեմբերի 9-ի համաձայնագրերի, «ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության աջակցության հիմնադրամի ստեղծման մասին» 1998թ. սեպտեմբերի 11-ի հիմնադիր պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին արձանագրությունների կնքման առաջարկություններին:
ԱՊՀ երկրների միջև ձևավորված ազատ առևտրի ռեժիմը պատշաճ և արդյունավետ կիրառելու, ապրանքների ազատ տեղաշարժը ապահովելու նպատակով համաձայնություն է տրվել «ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009թ. նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին. արձանագրության կնքման առաջարկությանը, ինչը թույլ կտա որպես ներմուծվող ապրանքի ծագման երկիրը հավաստող փաստաթուղթը ներկայացնել ապրանքի ծագման մասին հայտարարագիրը, եթե ապրանքների ընդհանուր արժեքը չի գերազանցում 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել