Ինչո՞ւ Արամ Օրբելյանն այդպես էլ չմասնակցեց «Ջեսափի» մրցույթին

«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի 2014-2015 թվականի դատախաղ» մրցույթն այսօր ներկայացվեց Գյումրու ուսանողներին:

«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային համակառավարիչ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ուսանողներին տեղեկացրեց, որ այս անգամ այն կանցկացվի անգլերենով: Փաստաբանը շեշտեց, որ այս մրցույթին մասնակցելով ուսանողները կխորացնեն սեփական գիտելիքները միջազգային իրավունքի ասպարեզում:

«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ»-ի մոսկովյան մրցափուլում երեք անգամ որպես դաստավոր հանդես եկած Արամ Օրբելյանը ուսանողների հետ հանդիպմանը նշեց, որ մշտապես ցանկացել է մասնակցել այս մրցույթին, սակայն այդպես էլ չի ստացվել իրականացնել ցանկությունը: Երբ նպատակադրվել է հայտ ներկայացնել, նրան առաջարկել են որպես դատավոր մասնակցել մրցույթին: Պարոն Օրբելյանը նաև մանրամասնեց, թե ինչու է որոշվել մրցույթի լեզուն սահմանել անգլերենը. «Երբ որ քննարկում էինք, ես միշտ պնդում էի, որ պետք է լինի անգլերեն: Ցավոք սրտի, Հայաստանն այդքան էլ հաջող հանդես չի գալիս միջազգային դատախաղերում: Մեր թիմերը որոշակի վատ դրության մեջ են հայտնվում լեզվի պատճառով: Սա լավ հնարավորություն է՝ պատկերացնել միջազգային իրավունքի կիրառության մոդելը, խոսել անգլերեն՝ հետագայում հասկանալու համար, թե ինչի վրա պետք է աշխատել, բացի այդ, այս մրցույթի մասնակցությունը հնարավորություն է տալիս նաև խորացնել մասնագիտական հմտությունները»,- շեշտեց պարոն Օրբելյանը՝ հավելելով, որ նմանաբնույթ մրցույթները կարևոր են նաև ուսանողի կարիերայի համար:

Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի 2014-2015 թվականի դատախաղի մրցույթի թեման վերաբերում է անջատողականության և ազգային ինքնորոշման իրավական կարգավորմանը: Թիմը պետք է օնլայն գրանցվի մինչև 2014թ. նոյեմբերի 14-ը:

Տեղեկացնենք նաև, որ մրցույթն անցկացվում է երկու մրցափուլով՝ ազգային և միջազգային: Հայաստանում մրցույթն անցկացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախաձեռնությամբ՝ Հայաստանի Ջեսափի ակումբի հետ համագործակցությամբ: Ազգային մրցափուլում հաղթող ճանաչված թիմը հնարավորություն կունենա մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրիլին կայանալիք «2015թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլին: Մրցույթի հայաստանյան մրցափուլին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների և իրավաբանական բուհերի՝ 2-5 ուսանողներից կազմված թիմերը (յուրաքանչյուր բուհից մեկական թիմ): Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել թիմի անդամների և մարզիչի անձնագրերի պատճենները, թիմի անդամների ուսանողական տոմսերի պատճենները, տեղեկանք առ այն, որ թիմի անդամները հանդիսանում են տվյալ բուհի ուսանողներ՝ նշելով ուսման տարին, ինչպես նաև թիմի անդամների և մարզիչի կոնտակտային տվյալները (հասցե, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե):

Ազգային մրցափուլի ժամանակացույցին համապատասխան՝ մրցույթի մասնակցության համար նյութերի փաթեթը՝ Պաշտոնական կանոններ, Հատուկ Համաձայնագիր, Ժամանակացույց, կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակից, հետևյալ հասցեով՝ Նալբանդյան 7, բն 2, ինչպես նաև հայաստանյան մրցույթի պաշտոնական վեբ կայքից՝ www.jessup.am հասցեով, ինչպես նաև մրցույթի միջազգային կազմակերպիչ Իրավաբան ուսանողների միջազգայի ասոցիացիայի պաշտոնական կայքից՝ www.ilsa.org հասցեով:

Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակից՝ մրցույթի ազգային համակառավարիչ Սյուզաննա Սողոմոնյանից (էլ. փոստ՝ [email protected]), հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374 10) 54 01 99, 58 02 99, այնպես էլ www.jessup.am կայքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել