Հանդիպումներ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանականերում

ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի մի շարք հանդիպումների մասին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հանդիպման շրջանակներում: Հոկտեմբերի 14-ին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դիրկ Վան դեր Մաելենի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն եւ տարածաշրջանում առկա իրավիճակին: 
Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի` որպես հարցի կարգավորման միակ ձեւաչափի դերը, ինչպես նաեւ ընդգծել միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների` տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման կարեւորությունը: 
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն ՀՀ անդամակցությանը` Արտակ Զաքարյանը նշել է, որ ՀՀ-ի ինտեգրացիոն այս որոշումը մեծապես պայմանավորված է պետության տնտեսական եւ անվտանգության շահերով: Արտակ Զաքարյանը հավելել է, որ Հայաստանը եղել եւ շարունակում է մնալ երոպական արժեքներին հանձնառու պետություն ու պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ոլորտներում: 
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պատգամավոր Վան դեր Մաելենին հրավիրել է Հայաստան` 2015թ. ապրիլին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումներին:

Արտակ Զաքարյանը հանդիպել է նաև Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության անդամ Միրոսլավ Ռանսդորֆի հետ:

Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած փոփոխություններին, կարեւորել անդամ-պետություններից յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերելը:

Միրոսլավ Ռանսդորֆը հետաքրքրվել է նաեւ ԵՄ եւ ԵՏՄ ուղղություններով համագործակցելու Հայաստանի որոշմամբ, ինչին ի պատասխան Արտակ Զաքարյանը նշել է, որ ընդունված որոշումը Հայաստանի համար ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում լավագույնն է, ինչը նաեւ թույլ է տալիս խուսափել Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սանձազերծելուց:

«Եվրանեսթ»  խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության եւ Եվրոպական Խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի անդամ Յարոմիր Շտետինայի հետ հանդիպման ընթացքում Յարոմիր Շտետինան հետաքրքրվել է նաեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Եվրախորհրդարանում համապատասխան բանաձեւի ընդունման ուղղությամբ հնարավոր քայլերի ձեռնարկման մասին` հավելելով, որ նման բանաձեւի ընդունումը հիմք կհանդիսանա, որպեսզի համապատասխան բանաձեւ ընդունվի նաեւ Չեխիայի ազգային խորհրդարանի կողմից:

Հոկտեմբերի 14-ի Արտակ Զաքարյանը նաեւ հանդիպում է ունեցել «Եվրանեսթ»  խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության եւ Եվրոպական Խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի անդամ Գուննար Հոկմարկի հետ: 
Հանդիպման ընթացքում արծարծվել են հաջորդ տարի մարտին Հայաստանում «Եվրանեսթ»-ի նստաշրջանի անցկացմանը վերաբերող հարցեր: Քննարկումներ են եղել նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ու դրա դրդապատճառների, ԵՄ-ի հետ Հայաստանի հետագա համագործակցության հեռանկարների, ԼՂ հիմնահարցի, Իրանի եւ Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների շուրջ: 
Գուննար Հոկմարկը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության կապակցությամբ նշել է, որ տնտեսական առումով կարճաժամկետ կտրվածքով միգուցե այդ որոշումը ճիշտ էր, սակայն երկարաժամկետ առումով ԵՄ-ն Հայաստանի համար ավելի ձեռնտու կլիներ: Նա հավելել է նաեւ, որ հատկապես այս համատեքստում կարեւոր է, որպեսզի Հայաստանը շահագրգռվածություն ցուցաբերի ԵՄ-ի հետ հետագա համագործակցության տեսանկյունից:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության նոր նախագահող Հեիդի Հաուտալայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք հարցերի: Մասնավորապես, Արտակ Զաքարյանը նշել է, որ «Եվրանեսթ»-ի հաջորդ նստաշրջանը տեղի է ունենալու Հայաստանում 2015թ. մարտի 16-20-ը ընկած ժամանակահատվածում, եւ այդ կապակցությամբ հայկական կողմը նախատեսում է ստեղծել քարտուղարություն, որը կզբաղվի միջոցառման հետ կապված բոլոր հարցերով:

Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը նաեւ անդրադարձել է Արեւելյան Գործընկերության շրջանակներում տեղ գտած փոփոխություններին՝ նշելով, որ փաստորեն 3 անդամները՝ Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան, Ասոցացման համաձայնագրեր ստորագրել են ԵՄ-ի հետ, իսկ մյուս 2-ը՝ Հայաստանն ու Բելառուսը, որոշում են կայացրել Եվրասիական Տնտեսական միությանը միանալու վերաբերյալ: Համաձայնելով Արտակ Զաքարյանի առաջադրած հարցին` Հեիդի Հաուտալան նշել է, որ այս կապակցությամբ «Եվրանեսթ»-ի Բյուրոյում կլինի քննարկում:

Խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին՝ Արտակ Զաքարյանն ասել է, որ այդ որոշումը մեծապես պայմանավորված է Հայաստանի տնտեսական եւ անվտանգության շահերով: Մասնավորապես, մեջբերելով որոշ ցուցանիշներ, Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի արտաքին առեւտրի 30%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի շուկային, ինչպես նաեւ այն, որ ռուսական գազը Հայաստանին հասանելի է մոտ 30% նվազ արժեքով: Արտակ Զաքարյանը նաեւ հավելել է եվրոպական կազմակերպությունների կողմից արված հաշվարկների մասին, համաձայն որոնց, ԵՏՄ-ի կազմում ՀՀ ՀՆԱ-ն կգրանցի շուրջ 1% աճ, իսկ ԵՄ-ի հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայամանգրի ստորագրման դեպքում ռուսական գազի թանկացման հետեւանքով ՀՀ ՀՆԱ-ն կնվազեր 3-4%-ով:
Այս համատեքստում տիկին Հաուտալան հետաքրքրվել է, թե երբ է նախատեսվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացումը, որին ի պատասխան Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ այն պետք է վավերացվի մինչեւ 2015թ. հունվարի 1-ը: Արտակ Զաքարյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես եվրոպական արժեքներ կրող երկիր, պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ոլորտներում:

Անդրադառնալով անվտանգության բաղկացուցչին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Թուրքիայի հետ փակ սահմանը, Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ բանակցային միակ ձեւաչափի խափանմանն ուղղված քայլերն ու հայատյաց կոչերը նպատակ են հետապնդում սանձազերծել նոր պատերազմ, ինչը անընդունելի է Հայաստանի համար, կործանարար տարածաշրջանի կտրվածքով եւ ոչ ձեռնտու նախ եւ առաջ Եվրոպայի համար՝ Ադրբեջանից էներգակիներ ձեռք բերելու առումով, ինչը պատերազմի պայմաններում կդառնա անհնար:
Արտակ Զաքարյանը անդրադարձել է նաեւ Իրանի հետ Հայաստանի զարգացող հարաբերություններին, հայ-վրացական համագործակցությանը, ինչպես նաեւ ներկայացրել Թուրիքայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով ստորագրված եւ մինչ օրս թուրքական կառավարության կողմից չվավերացված արձանագրությունների հարցին:
Անդրադառնալով ներպետական բարեփոխումներին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի ունենալ ավելի ընդգծված խորհրդարանական կառավարման համակարգ՝ ապահովելով առավել ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, ինչին համաձայնեց նաեւ Հեիդի Հաուտալան:

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել