Ստվերի դեմ պետք է պայքարել ՀԴՄ-ների ամբողջական կիրառմամբ. քննարկում «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ

Հոկտեմբերի 10-ին Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակը ուղիղ եթերով կազմակերպել էր «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ քննարկում:

Քննարկման ընթացքում ՓՄՁ միության նախագահ Ստեփան Ասլանյանը շեշտեց, որ օրենքը միտված չէ փոքր և միջին բիզնեսի զարգացմանը. «Հակառակը սա միտված է խոշոր բիզնեսի ստվերի քողարկմանը, քանի որ նրանք չեն ներկայացնում փաստաթղթեր: Նրանք ՓՄՁ-ին փաստաթուղթ չեն տրամադրի»,- ասաց պարոն Ասլանյանը` հավելելով, որ օրենքի մասին հանրությունը իրազեկված չի եղել. « Ցանկացած օրենք, որը գրվում է, ԱԺ-ում մարդիկ տեղյակ չեն: Նրանք իմանում են այն ժամանակ, երբ հարկային տեսուչը կոպիտ ձևով ներխուժում է նրանց ձեռնարկություն, հենց այս հանգամանքը առևտրականներին ոտքի հանեցին»:

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Սեդրակ Ասատրյանը նշեց, որ ստվերի դեմ պայքարում այս օրենքը գործոն չէ. «Ձեռք բերման փաստաթղթերի ներմուծումը միկրո հարց է լուծում: Եթե մենք ուզում ենք ստվերի դեմ պայքարել, պետք է ՀԴՄ-ների ամբողջական կիրառություն իրականանք: Այստեղ ձեռք բերման փաստաթղթերը որևէ խնդիր չեն լուծում: ՀԴՄ-ով է որոշվում փոքրի շրջանառությունը, այնտեղից է որոշվում նա թաքցնում է, թե` ոչ»,- ասաց նա:

Լրագրողներից մեկը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե ինչու օրենքի փոփոխությունները չկանխեցին, երբ նախագիծը ԱԺ-ում էր, պարոն Մելքումյանը ասաց. «Այո, մենք այն ժամանակ տեսնում էիք այդ վտանգները, բայց քվեարկության կոճարկների հարաբերակցությունը բոլորս էլ գիտենք ինչպիսին են: Իհարկե, դրան նախորդում են տարբեր քննարկումներ, երկու ընթերցում է իրականացվում, բայց կան բանեն, որ անհետաձգելի ռեժիմով բերում են ու անցկացնում: Կարող ենք ունենալ ելույթներ, բանակցություններ, հենց որ գալիս է քվեարկության պահը մեր օգտին չի լինում»,- արդարացավ պատգամավորը, նա նաև հաղորդեց, որ այս պարագայում իրենց մնում է աջակցել փողոցային պայքարը:

Հիշեցնենք` Հայաստանում հոկտմեբերի 1-ից ուժի մեջ մտավ «Շրջանառության հարկի մասին» փոփոխված օրենքը, ըստ որի` առևտրական գործունեություն ծավալող ընկերությունների համար շրջանառության հարկը նվազել է`փոխարենն ավելացել ապրանքաշրջանառության հետ կապված թղթաբանությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել