Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկում Լոռու մարզում

Վանաձորում կայացավ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկում՝ Լոռու մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությամբ: Այն կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ Եվրոմիության կողմից` ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Քննարկման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի համակարգող/ դրամաշնորհների պատասխանատու Արտակ Սարիբեկյանը, Հակակոռուպցիոն ռազմավարության աշխատանքային խմբի քարտուղարը Մարիամ Գալստյանը, ով նաև ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակած 2014-2018թթ. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Ծրագրի փորձագետների կողմից ներկայացվեց Հակակոռուպցիոն բազմաֆունկցիոնալ անկախ մարմնի ստեղծման և ապօրինի հարստացումը քրեականացնելու հնարավորությունը Հայաստանում:

Ներկայացումներից հետո ծավալվեցին ակտիվ քննարկումներ, ներկաները հանդես եկան առաջարկություններով, արտահայտեցին իրենց կարծիքներ: Մասնավորապես, «Նախաձեռնող երիտասարդություն, զարգացող համայնք» նախաձեռնող խմբի անդամ Հենրի Մխիթարյանն առաջարկեց Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու իրականացումն իրականացնել ՔՀԿ-ների միջոցով, ոչ թե պետական պաշտոնյաների: Իսկ «Լոռեցիների միավորում» ԲՀԿ-ի նախագահ Մենուա Բրուտյանը խոսեց կոռուպցիան ծնող պատճառներն ուսումնասիրելու և վեր հանելու անհրաժեշտության մասին, այնուհետև ներկայացրեց երկու առաջարկություն. բարեփոխումների համար շեշտը դնել կրթության և երիտասարդ սերնդի մոտ հակակոռուպցիոն մտածելակերպի ձևավորման վրա, քանի որ այդ միջոցով կարելի է հասնել համակարգային փոփոխությունների: Իսկ երկրորդ առաջարկությունը վերաբերվում էր Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգում ու դրանց կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող խորհրդի ղեկավարմանը, ըստ որի առաջարկեց վերանայել խորհրդի ղեկավարումը ՀՀ վարչապետի կողմից իրականացնելու դրույթը և առհասարակ ղեկավարման գործառույթը փոխարինել նիստերը նախագահելու գործառույթով:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Արմինե Զաքարյանն առաջարկեց հակակոռուպցիոն դաստիարակությունն իրականացնել դպրոցներում ոչ թե առանձին առարկա ներառելու միջոցով, այլ ժամանակ առ ժամանակ հակակոռուպցիոն թեմաներով սեմիներներ, քննարկումներ իրականացնելու միջոցով:

Հանրային քննարկման ընթացքում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների կողմից արված բոլոր առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարություն:

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ