Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի համատեղ կազմակերպած «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» խորագրով ծրագրի մեկնարկին: Վերջինի նպատակն է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում աջակցել Հայաստանի իշխանություններին արդարադատության համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և հաշվետվողականությունն ամրապնդելու հարցում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից:
Նախարարը ողջունել է Հայաստանի դատական համակարգի բարեփոխմանն ուղղված այս ծրագրի մեկնարկի կապակցությամբ և նշել, որ շուրջ տասը տարի աշխատելով դատավոր, շատ լավ է պատկերացնում այս համակարգը, դրա խնդիրներն ու լուծման ճանապարհները: «Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ով մասնակցել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ծրագրի մեկնարկին և ներկայում այնպես է ստացվել, որ հիմա, ի պաշտոնե, զբաղվում եմ այդ ծրագրով: Հավաստիացնում եմ, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Եվրամիության և Եվրոպայի Խորհրդի գործընկերների հետ այս համակարգի բարեփոխումն իրականացնելու հարցում, քանի որ երկրում բարենպաստ ներդրումային միջավայր ունենալու համար ամենակարևոր պայմանն արդյունավետ դատական համակարգ ունենալն է»,- ասել է Հովհաննես Մանուկյանը: Նրա խոսքով՝ ոչ մի գործ չի լինում առանց խնդիրների. բնականաբար, այդ խնդիրները կարձանագրվեն, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների օգնությամբ կբարձրաձայնվեն ու դրանց լուծումներ կտրվեն: Արդարադատության նախարարը կրկին շնորհավորել է բոլորին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է դրա արդյունավետ իրականացումը: Երկամյա ծրագրի ընթացքում Արդարադատության նախարարությանը, դատական համակարգին, Արդարադատության ակադեմիային և Փաստաբանական դպրոցին կտրամադրվի իրավական ակտերի մշակմանը, ինչպես նաև այս կառույցների ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացմանն ուղղված աջակցություն: Ծրագիրը համատեղ ֆինանսավորում են Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, այլք:
Լուսանկարը՝ moj.am-ի: